(Արմեն Աշոտյան)
Խե՜ղճ Սերժ Սարգսյան: Հիմա շատ լավ է հասկացվում, թե ինչու փոխեց Սահմանադրությունը, ինչու չվստահեց իշխանությունը յուրայիններից որևէ մեկին:
Կրակն ընկանք և ՀՀ երրորդ նախագահին էլ կրակը գցեցինք, երբ ասացինք, որ ուշադիր լսել ենք հարցազրույցը: Մեր այս խոստովանությունից լիուլի օգտվեցին Ս. Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, և, իհարկե, Արմեն Աշոտյանը: Օգտվեցին և ջուրը գցեցին իրենց ղեկավարի արածը: Բայց սկսենք Արմեն Աշոտյանից:
Ուրեմն շեֆի դարակազմիկ հարցազրույցից հետո «Արմնյուզի» էկրանին է հայտնվում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ որպես մեկնիչ: Հուսով ենք, որ ԿԳ նախկին նախարարը գիտի, թե դա ինչ է նշանակում, ուստի բառը չենք բացատրում:
Ի՞նչ է ասում մեր հավերժ երիտհանրապետականը, ի՞նչ հարց է ուզում պարզաբանել: Հիմնականում նա արդարանում է Սերժ Սարգսյանի փոխարեն: Արդարանում է, որ իր շեֆը իշխանությունը զիջեց Նիկոլ Փաշինյանի պես ապիկարի: Ա. Աշոտյանը պնդում է, որ կուսակցությունը 2018թ. մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում ընտրեց Նիկոլ Փաշինյանին, որովհետև իրենք մտահոգված էին երկրի ճակատագրով: Լավ: Իրենք, պարզվում է, զրուցել էին Կարեն Կարապետյանի հետ և դրանից հետո էին որոշում ընդունել: Լավ: Դեռ ոչինչ, որ Ա. Աշոտյանը մոռանում է, թե ինչու էր ամբողջ հանրապետությունն իրենց մերժում, ոչինչ, որ մոռանում է, թե ինչ էր արել հայրենիքի համար իրենց կուսակցությունը՝ գրեթե 20 տարի լինելով Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի կոռուպցիոն գործիքը, ոչինչ, որ մոռանում է, թե ինչպես էին Արցախի հարցը դարձրել մանրադրամ ներքաղաքական պայքարում, ինչ ստեր էին հորինում, ինչպես էին ստորացնում և կեղեքում շարքային հայաստանցիներին և արցախցիներին: Նա մոռանում է նաև իր գործունեությունը նախարարի պաշտոնում, մոռանում է, թե իրեն ինչպես դիմավորեցին «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի հետ թևանցուկ եկել էր Բաղրամյան պողոտա՝ ոստիկանության և ցուցարարների բախում իբր թույլ չտալու համար: Ոչինչ: Նախկին բազեական-ուսխորհրդականը չի հիշում, թե ՀՀԿ շեֆերն ինչպես իրենից և իր ընկերներից կերտեցին խամաճիկ նեոկոմսոմոլների և զրկեցին քաղաքականության մեջ սեփական խոսք ասելու հնարավորությունից: Սա էլ ոչինչ: Ամնեզիա է, գուցե անցնի:
Հիմա գանք գլխավոր հարցին: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը 2015 թվականին փոխեց Սահմանադրությունը, որ համարյա 2,5 տարի հետո հենց ինքը դառնա ՀՀ վարչապետ: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը, առանց երկրի գլխին այս պատուհաս փաստաթուղթը փաթաթելու, չկարողացավ լուծել իշխանության հարցը, այսինքն՝ չգտավ մեկին, որին կկարողանար վստահել այնպես, ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր ժամանակին արել:
Ա. Աշոտյանը պնդում է, որ այս հարցադրումն անողները միամիտ են և չեն հասկանում, որ Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանից շատ ծանր ժառանգություն ստանալով, 10 տարում մի կերպ կարողացել էր հասնել «Մադրիդյան սկզբունքներին»: Ահա այս սկզբունքները, ըստ Աշոտյանի, հիմնասյուներն է Քոչարյանը հանձնել Սարգսյանին, իսկ նա արդեն եփել է վերջնական փաթեթը, հետևաբար պետք է պահեր իշխանությունը, որ կարողանար լուծել Արցախյան հարցը: Իրո՞ք: Մի՞թե պետության համար կարևորագույն հարցը որևէ նախագահ լուծում է մեն-մենակ, մի՞թե ՀՀ նախագահը չուներ թիմ, չուներ վստահելի անձանց գոնե նեղ շրջանակ, որոնց շարքից կարող էր ընտրել իր իրավահաջորդին: (Եվ ո՞րն էր անձնական իշխանությունը պահելու իրական շարժառիթը...): Նշենք, որ Ս. Սարգսյանը Սահմանադրությունը փոխեց 2015-ի դեկտեմբերին, երբ դեռ մոտ երեք տարի իշխանավարելու ժամկետ ուներ: Մի՞թե այդ երեք տարիները բավարար չէին իր եփած փաթեթով խնդիրը լուծելու համար:
Ո՞ւմ եք ուզում ֆռռացնել, պ. Աշոտյա՛ն: Չի ստացվում: Չի ստացվելու: Մանավանդ դեռ բարի ենք, որովհետև դուք իշխանություն չեք: Մանավանդ Ձեր այս մեկնությունները լսելուց հետո ավելի լավ հասկացանք, որ Ս. Սարգսյանը չէր վստահում Ձեզ և Ձեր ընկերներին և ճիշտ էր անում: Հիմա ավելի լավ երևաց, թե ինչու էր Ձեր շեֆը ցուգցվանգի մեջ: Որովհետև ինքն իրեն անխուսափելիորեն շրջապատել էր Ձեզ նման կոմսոմոլներով, որոնք շատ քիչ են տարբերվում Ն. Փաշինյանից: Իսկ այդ շրջապատը նրա համար անխուսափելի էր, որովհետև իրեն հարգող, մտածող մարդն այդտեղ հայտնվել ուղղակի չէր կարող. արժանապատվությունը թույլ չէր տա:
Գրիգոր Խաչիկյան
Հ.Գ. Ա. Աշոտյանի համար ստիպված ենք կրկնել. Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը իշխանությունը վայելելու համար 20 տարի մսխել են Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա զինակիցների թողած ժառանգությունը: Սա աքսիոմ է: Լևոն Տեր-Պետրոսյանի անունը տալուց առաջ մի քիչ երկա՛ր մտածեք, եթե կարող եք:
«Չորրորդ իշխանություն», թիվ 7, 2021