Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում գրել է, որ Իտալիան Ադրբեջանին հրավիրել է «Մեծ քսանյակ»-ի (G20) գագաթնաժողովին.
«Իտալիան, որը G20-ում իր նախագահության ընթացքում ինքն է ընտրում ու գագաթնաժողովին հրավիրում իր համար կարևոր պետություններին: Իտալիան, որը ժամանակին Հայաստանի համար ամենաբարեկամական երկրներից էր, որը միշտ Հայաստանի կողքին էր թե՛ տխրության, թե՛ ուրախության պահերին: Իտալիան, որը Հայաստանին առնչվող հարցերում ուներ առնվազն հավասարակշռված մոտեցումներ:
Արյան մեջ թաթախված Ադրբեջանին գագաթնաժողովին հրավիրելով՝ Իտալիան նույնիսկ հարկ չի համարել ապահովել հավասարության սկզբունքը՝ գագաթնաժողովին հրավիրելով նաև Հայաստանին: Նիկոլը, ԱԳՆ-ն, պաշտոնական գործիչները և, առհասարակ, հանրությունը ձևացնում են, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել: Մենք կորցնում ենք արժանապատվությունը, մեզ վրա ոտք են մաքրում»:
Սա Միքայել Մինասյանն է գրել:
Այն, որ Իտալիան Ադրբեջանին G20 է հրավիրել, լավ չի: Այդ պահով Միքայել Մինասյանի մտահոգությունը լիովին կիսում ենք:
Բայց որ Հայաստանին չհրավիրելը, բալանս չպահպանելը Միքայել Մինասյանը բացառապես այս իշխանությունների ձախողումն է համարում՝ դա որակելով համարյա դավաճանություն, այստեղ արդեն լիքը հարցեր են առաջանում:
Մենք չգիտենք՝ արդյոք Միքայել Մինասյանը կարդում է մեր նյութերը, ծանոթ է մեր հրապարակումներին, բայց բոլոր դեպքերում, իրեն մի հարց տանք. իսկ ինչո՞ւ պիտի Հայաստանին հրավիրեին G20-ի գագաթնաժողով: Որպես ի՞նչ հրավիրեին: Միայն նրա համար, որ Ադրբեջանին էլ են հրավիրե՞լ: Ադրբեջանին ուրիշ այլ տեղեր էլ են հրավիրում, մեզ՝ ոչ: Ու արդեն ավելի քան 20 տարի այդպես է:
Միքայել Մինասյանը գիտի՞, թե 1990-ականներին Հայաստանը քանի տարածաշրջանային և միջազգային տնտեսական ծրագրերում էր ներգրավված: Սկսած՝ ՏՐԱՍԵԿԱ-ից: Կային ժամանակներ, երբ վարչապետ Արմեն Դարբինյանը Բաքու էր գնում՝ այդ ծրագրերի հետ կապված համաժողովին մասնակցելու համար: Բայց կարճ ժամանակ անց Հայաստանը դուրս մղվեց բոլոր այդ ծրագրերից: Նիկո՞լն էր դրա համար մեղավոր: Ոչ՝ էս երկու օրը իրեն հերոս համարող Ռոբերտ Քոչարյանը:
Էն ո՞վ էր ասում. «Հայաստանը փակ սահմաններով 100 տարի էլ կզարգանա»: Նիկո՞լը: Ոչ: Քոչարյանական արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Հիմա որ փակ սահմաններով զարգանալու քաղաքականություն է տարվել, մեզ ինչ-որ տեղ հրավիրելու իմաստը ո՞րն էր: Ադրբեջանին հրավիրում էին, մեզ էլ ասում՝ ախպեր ջան, դե, դուք էլ գնացեք ձեր փակ սահմաններով զարգացեք:
Էն ո՞վ էր ասում. «Հայաստանը երեք ճակատ ունի»: Նիկո՞լը: Ոչ, Վահան Հովհաննիսյանը: Բա մի երկրի, որը իր հարևաններից երեքին թշնամի էր համարում, հրավիրեին, որ ի՞նչ անեին:
Լավ, սա դեռ մի կողմ. Միքայել Մինասյանը գիտի՞, թե Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում քանի անգամ է մասնակցել Դավոսի Համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովին: Մենք գիտենք. 1 (մեկ) անգամ՝ 2009 թվականին: Դրանից հետո Հայաստանն այլևս Դավոսի համաժողովներին չի մասնակցել: Իսկ դա այն համաժողովն է, որին ներկա են լինում համաշխարհային տնտեսական էլիտան, աշխարհի խոշորագույն տնտեսական կորպորացիաների, ընկերությունների ղեկավարները, ամենահայտնի տնտեսագետները, խոշոր երկրների ղեկավարները: Դա մի համաժողով է, որտեղ քննարկվում են համաշխարհային գլոբալ հիմնախնդիրներ, ներկայացվում են տասնյակ միլիարդավոր դոլարների տնտեսական ծրագրեր, ձեռք են բերվում բազմամիլիարդանոց համաձայնագրեր, կնքվում պայանագրեր: Դա տարվա խոշորագույն տնտեսական իրադարձությունն է, ու Հայաստանը դրանից հեռու է մնացել:
Միքայել Մինասյանը կարո՞ղ է բացատրել, թե ինչու է այդպես եղել: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի մասնակցել Դավոս համաժողովներին, իսկ ահա Իլհամ Ալիևը գրեթե բաց չի թողել և ոչ մի համաժողով: Կարևոր հարթակ է, բաց չի թողնում:
Իսկ Սերժ Սարգսյանը չի մասնակցել: Թեպետ Դավոսի համաժողովի ձևաչափը թույլ է տալիս մասնակցել: Բայց սրա համար ոչ ոք Սերժ Սարգսյանին երբևիցե դավաճան չի համարել: Դե թող Միքայել Մինասյանն ասի, որ Սերժ Սարգսյանը չէր գնում Դավոս, որովհետև՝ գնար, ի՞նչ աներ, կամ ի՞նչ ասեր, կամ ո՞վ պիտի նրան բանի տեղ դներ: Հայաստանը կատարյալ քաղաքական և տնտեսական մեկուսացման քաղաքականություն էր իրականացնում, համաժողովն ո՞ւմ շունն էր:
Սա դեռ մենք միայն Դավոսի համաժողովից ենք խոսում: Եթե ցանկը շարունակենք, դիսերտացիա կստացվի:
Ու այն, որ Իտալիան G-20-ին Ադրբեջանին հրավիրում է, իսկ Հայաստանին՝ ոչ, դրա հիմքերը 1998-ին են դրվել, Նիկոլը չլիներ, թեկուզ Միքայել Մինասյանը լիներ, նույն բանն էր լինելու: Մենք 20 տարի մեզ աշխարհից դուրս ենք դրել, հիմա եկել՝ թե բա Նիկոլի հերթական ձախողումն էր: Դե բարև ձեզ: Նիկոլի ձախողումների տեղը մենք էլ գիտենք, դուք ձերը մի մոռացեք:
Հ.Գ. Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը 2019-ին մասնակցել է Դավոսի համաժողովին: