...

Ինքնախոստովանական ցուցմունքների հերթը Վարդան Օսկանյանինն է

Ինքնախոստովանական ցուցմունքների հերթը Վարդան Օսկանյանինն է

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, թե եթե 2018-ից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմը, ինքը հնարավորություն ունենար հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, նրան խորհուրդ էր տալու համաձայնվել «փաստաթղթի ստորագրման դեպքում» Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները, իսկ 3-5 տարվա ընթացքում՝ Նաև Լաչինի և Քելբաջարի շրջանները (բացի 20 կիլոմետրանոց միջանցքից)։ 

Հետին թվով կառուցողականություն ցուցաբերելը, իհարկե, առանձնապես բարդ չէ, բայց մի հարց, այնուամենայնիվ, արժե հնչեցնել․ իսկ պրն Օսկանյանը, Քոչարյանի օրոք տասը տարի զբաղեցնելով արտգործնախարարի պաշտոնը, քանի՞ անգամ է իր «շեֆին» այդ նույն խորհուրդը տվել։ Չէ՞ որ այդ տարիներին Արցախի հարցով Հայաստանի քաղաքականությունը մոտավորապես հետևյալն էր՝ «այդպիսի հարց չկա, մենք այդ հարցը լուծել ենք, Հայաստանն էլ դեռ 100 տարի կարող է զարգանալ շրջափակման պայմաններում»։ Ու քանի որ արտգործնախարարը հենց ինքն էր՝ պետք է ենթադրել, որ համաձայն էր այդ քաղաքականության հետ, հակառակ դեպքում հրաժարական կտար։ Եվ երկրորդ հարցը․ արդեն Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, երբ Օսկանյանը քաղաքական գործունեություն ծավալելու հայտ ներկայացրեց և անգամ ընտրությունների մասնակցեց, քարոզարշավի ընթացքում քանի՞ անգամ հայտարարեց, որ ճիշտը «իրական խաղաղություն բերելու» դիմաց 7 շրջանները վերադարձնելն է։ 

Այս ամենը պրն Օսկանյանին կշտամբելու համար չենք ասում։ Եկեք համարենք, որ նա միանգամայն ազնիվ է և իր դիրքորոշումը փոխել է զուտ այն պատճառով, որ իր պաշտոնավարման տարիներին մի՛ իրավիճակ էր, 2018-ից հետո՝ բոլորովին այլ։ Այսինքն՝ 1998-ի դրությամբ ավելի լավ լուծումների հնարավորություններ կային, բայց 2018-ից հետո արդեն 7 շրջանների հանձնումը միակ ելքն էր։ Բայց սա նշանակում է, որ 1998-2018 թվականներին Ադրբեջանի դիրքերը քայլ առ քայլ ավելի էին ամրանում, իսկ հայկական կողմի դիրքերն անընդհատ թուլանում էին, այսինքն՝ ժամանակը մեր օգտին չէր աշխատում, և այն, ինչ կարող էինք ստանալ 1997-ին, հետագայում խնդրելու ենք, բայց չենք ստանալու։ Մեծ հաշվով՝ պրն Օսկանյանը հենց սա է ասում, այսինքն՝ խոստովանում է, որ Հայաստանի իշխանությունները 20 տարի շարունակ (որից 10-ը՝ իր անմիջական մասնակցությամբ) անիմաստ ժամանակ են ձգել ու դրանով իսկ անխուսափելի դարձրել աղետը։ 

Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից՝ պրն Օսկանյանի անկեղծությունը միանգամայն հասկանալի ու գնահատելի է։ Նա, հասկանալով, որ կատարվածի մեջ նաև իր մեղքը կա, և, ի տարբերություն շատերի, մեղքի զգացում ունենալով, Նիկոլ Փաշինյանին շատ անկեղծ առաջարկ է արել, որի բովանդակությունը մոտավորապես սա է․ «այո, մեր իշխանությունը սխալվել է, 20 տարի իզուր ժամանակ ենք կորցրել, մենք էն գլխից էլ իշխանությունը զավթել էինք ոչ թե Ղարաբաղի հարցը լուծելու, այլ վայելելու և միլիարդներ կուտակելու համար, բայց ժամանակ ձգելու հնարավորություն այլևս չկա, դու էլ հո մեր նմա՞ն չես, ոնց որ թե՝ հայրենասեր տղա ես, մեծ լեգիտիմություն ունես, արի համաձայնվի՝ էն, ինչը մենք չենք արել, դո՛ւ արա»։ Նիկոլ Փաշինյանի արձագանքն էլ, ըստ պահվածքի, մոտավորապես սա է եղել՝ «կարող ա՞ գիտեք ես ձեր փայ հարիֆն եմ, կարող ա՞ գիտեք ես չեմ ուզում իշխանությունը վայելեմ կամ միլիարդներ աշխատելու ձևը չգիտեմ, ես ձեզանից պակաս տղա ե՞մ, ոնց որ դուք՝ նենց էլ ես, ես հո Ղարաբաղի հարցը լուծելու համա՞ր չեմ վերցրել իշխանությունը, 20 տարի դուք եք ձգել՝ մի ահագին էլ ես կձգեմ, ձեր խորհուրդներն էլ ձեզ պահեք»։

Ահա այս իրողությունն է արձանագրում Վարդան Օսկանյանը՝ փաստացի հայտարարելով, որ այսօրվա իրավիճակի պատճառը մեկն է․ Նիկոլը, իշխանությունը վերցնելով, ոչ թե կասեցրել է իրենց կործանարար քաղաքականությունը, այլ առանձնակի ցինիզմով շարունակել՝ ավելի կատարելագործելով, արագացնելով և «ավարտական տեսքի բերելով»։ Ընդ որում՝ դա արել է գիտակցաբար։

Մարկ Նշանյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ