...

Տեր-Պետրոսյանի հրաժարականի բուն պատճառը պետք է բացահայտվի, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ

Տեր-Պետրոսյանի հրաժարականի բուն պատճառը պետք է բացահայտվի, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ

24 տարի առաջ այս օրը Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Ինչո՞ւ։ Ֆորմալ պատճառը ԼՂ կարգավորման շուրջ նրա և վարչապետ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի, ՆԳ և ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի ու ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության միջև անհաղթահարելի տարաձայնություններն էին։ 

Բայց ի՞նչ այլընտրանք էին առաջարկում ընդդիմախոսները։ Այս հարցին հրապարակային պատասխան առայսօր չկա։ Շրջանառված է վարկած, որ Տեր-Պետրոսյանի սեղանին է դրվել 8.000 քառակուսի կիլոմետր տարածքով  ԼՂՀ քարտեզ և ներկայացվել պահանջ՝ կարո՞ղ է հասնել այդ սահմաններով ԼՂՀ անկախության ճանաչմանը, եթե՝ ոչ, ուրեմն պետք է հրաժարական տա, և նախագահն ընտրել է երկրորդ տարբերակը։ 

Երեկ «Անի» կենտրոնը հրապարակել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև 1993թ․ հունիսի 14-ին ստորագրված գաղտնի պայմանագրի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ձեռքով գրված, բնօրինակը։ Դրանից հետևում է, որ ԼՂ կարգավորման հարցում Հայաստանն ստանձնում է հետևյալ սկզբունքային պարտավորությունները կամ, ինչպես հիմա ընդունված ասել՝ սահմանում «կարմիր գծեր»՝ 

բացառել․ 
♦ ԼՂՀ ՊԲ կազմացրումը և զինաթափումը,
♦ Ադրբեջանին Լաչինի վերադարձը,
♦ քաղաքական կարգավորման գործընթացում բանակցել ԼՂՀ համար ընդունելի կարգավիճակի ուղղությամբ։

Կարգավորման 1997թ․՝ Տեր-Պետրոսյանի պաշտպանած տարբերակով այդ «կարմիր գծերը» չէին հատվում։ Ավելին, շատ որոշակիորեն լեգիտիմացվում էր ԼՂՀ փաստացի իշխանությունը, նա խաղաղության պայմանագրի իրավահավասար կողմ էր ճանաչվում։ 

Մի քանի օր առաջ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այդ տարբերակը վիժեցրել է ԼՂ ղեկավարությունը։ Կարելի՞ է, ուրեմն, արձանագրել, որ ղարաբաղյան կողմը խախտել է գաղտնի պայմանագիրը։ Ֆորմալ առումով՝ այո, խորքային իմաստով՝ ոչ, որովհետև Ստեփանակերտը չէր գնա նման ճակատագրական սաբոտաժի, եթե չունենար Հայաստանի վարչապետի և ուժային երկու կառույցների ղեկավարների աջակցությունը։ 

Բայց, ինչպես ասում են՝ գլուխը քարը։ Թող ընդդիմանային, Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրեին, բայց գտնեին ավելի լավ լուծում։ Մինչդեռ հազիվ երկու ամիս անց, 1998թ․ ապրիլի 9-ին նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանը երդմնակալության իր խոսքում ընդամենն ասել է․ «Հասնել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը»։

Ադրբեջանի հետ հավասարի իրավունքով պայմանագրի ստորագրումը «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչում չէ՞ր»։ Եթե՝ ոչ, ապա ի՞նչ էր։ Դեռ չխորանանք, թե |Ղարաբաղ» ասելիս ի՞նչ սահմաններ, իսկ «ինքնորոշման իրավունքի ճանաչում» ձևակերպելիս ի՞նչ կարգավիճակ նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանը։ 

Վերջերս նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը «բասկետբոլային» մի բացահայտում է արել, ինչից պարզ երևում է, որ 1998թ․ մայիսին, Ռոբերտ Քոչարյանի կողմից նախագահի պաշտոնն ստանձնելուց մեկ-մեկուկես ամիս հետո, երբ բանակցությունները դադարած էին, Հայաստանը Ռուսաստանին խնդրել է միջնորդել, որպեսզի Ադրբեջանը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում «ընդհանուր պետություն» ստեղծի նախկին ԼՂԻՄ-ի և Լաչինի միջանցքի տարածքով ԼՂՀ հետ։ 

Ոմանք Ստեփանակերտում մինչ օրս քարոզում են, թե կարողացան հասնել նրան, որ Ադրբեջանը մերժի այդ տարբերակը։ Բացահայտ կեղծիք։ 

Վարդան Օսկանյանը շատ բարեխղճորեն խոստովանում է, որ երբ ՌԴ ԱԳ նախարար Պրիմակովը մեկնել է Բաքու, Ադրբեջանն այնքան փութկոտ է մերժել, որ հետագա քննարկումների տեղ այլևս չի մնացել։ 

Իրավիճակն ավելի հյութեղ է նկարագրել ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կազիմիրովը։ Նա գրում է, որ երբ Հեյդար Ալիևին ներկայացրել են «ընդհանուր պետության» գաղափարը, վերջինս միայն մի նախադասություն է արտաբերել. «Պարոնայք, դուք կատակու՞մ եք»։

Ահա այդպես։ Ոմանք ասում են՝ «չարժե փորփրել անցյալը»։ Այդպես է, կորցրած ոչ մի հնարավորություն այլևս չի վերադառնում։ Բայց Տեր-Պետրոսյանի հրաժարականի բուն պատճառը պետք է բացահայտվի, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ։ 

Դիվանագիտական որևէ «մարաթոնի» մեջ մտնելուց առաջ մենք պետք է գոնե ընդհանուր գծերով իմանանք, թե ինչո՞ւ նրան փոխարինած իշխանությունը ոչ միայն միջնորդների սեղանին չդրեց 8.000 քառակուսի կիլոմետր տարածքով ԼՂՀ քարտեզը և չպահանջեց այդ սահմաններում այստեղ և այժմ ճանաչում, այլ սեփական նախաձեռնությամբ որոշեց, որ ԼՂՀ-ն նախկին ԼՂԻՄ-ի և Լաչինի միջանցքի տարածքով պետք է «ընդհանուր պետություն» կազմի Ադրբեջանի հետ՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ «Ծանիր արմատը» հենց այս դեպքի համար է ասված։

Վահրամ Աթանեսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ