Իշխանամետ վերլուծաբաններից մեկը՝ Մովսես Հարությունյանը, գրել է. «Ռազմի դաշտի մասին չեմ խոսում. դա մի ուրիշ թեմա է, բայց անկեղծորեն կուզեի իմանալ, թե մեր նախորդ 3 նախագահներն ի՞նչ հաղթանակներ են տարել դիվանագիտական դաշտում։
1993 թվականին ընդունված ՄԱԿ-ի բանաձևերն է՞ին հայկական դիվանագիտության հաղթանակ, Մեղրին Լաչինի հետ փոխանակելու քննարկումնե՞րը, Արցախը բանակցային սեղանից դուրս թողնե՞լը, թե՞` Լավրովյան պլանը։
Հա՜, մոռացա ասեի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց առաջարկված 5 միլիարդ դոլարի մասին»:
Այս գրառումը կարդալը երևի մի 10 վայրկյան է տևում: Բայց այդ 10 վայրկյանում կարելի է հասցնել և´ ծիծաղել, և´ ապշել, և՛ զայրանալ:
Ծիծաղդ գալիս է սրանց էժանագին շահարկումների վրա, ապշում ես սրանց անպատկառության վրա և զայրանում ես սրանց հեգնալից տոնի վրա: Այսքանից հետո սրանք դեռ ծաղրանքով խոսելու համարձակություն ունեն:
Բայց նման գրառումների նպատակն այլ է, թող չթվա, թե իբր չեն հասկանում, թե ինչ են գրում կամ ինչ հարցադրումներ են անում: Նպատակը Հայաստանի նախկին երեք ղեկավարներին մի հարթության մեջ դնելն է, իբր նույն սանրի կտավն են, և 2020-ի կապիտուլյացիան այս երեքի վարած քաղաքականության և դիվանագիտական անհաջողությունների արդյունքն է: Սա Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված հայտնի շահարկումներից մեկն էր, որ Հայաստանը պետք է ձերբազատվի երեք նախագահների սինդրոմից, պատերազմից հետո էլ սկսեց պարբերաբար երեքին էլ նույն կաթսայի մեջ տեղավորել:
Այսինքն՝ բերում են ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 բանաձևերը, որոնք իրականում հայկական դիվանագիտության ամենափայլուն ձեռքբերումներից մեկն են եղել, և Մեղրիի փոխանակման ծրագիրը իրար են կպցնում: Ինչ կա, չկա, բոլորը իրար են կապել, թե նայեք՝ 1993-ից սկսած ոնց են Ղարաբաղի հարցը տանուլ տվել: Սովորական ընթերցողը կարող է կարդալ, մտածել. հլը նայի, Լևոնը, Ռոբերտը, Սերժը ինչեր են արել:
Կամ՝ Արցախը բանակցություններից դուրս թողնելու մասին են խոսում: Չեն ասում, թե դա երբ է եղել, ում օրոք: Առավել ևս, չեն ասում, որ եթե Արցախը բանակցություններից դուրս է մնացել, ուրեմն՝ ինչ-որ ժամանակ բանակցությունների մեջ է եղել: Հատուկ են անում, որովհետև այդ դեպքում ստիպված պիտի ասեն, որ Արցախը բանակցությունների կողմ է դարձել 1992 թվականին՝ Տեր-Պետրոսյանի օրոք: Միայն բանակցություններից դուրս մնալու մասին են խոսում: Ու տպավորություն են ստեղծում, թե բանակցություններից Արցախը դուրս է մնացել միանգամից երեք ղեկավարների օրոք կամ նրանց պատճառով:
Բայց սա դեռ մի կողմ: Էս որ այսպես անընդհատ փորձում են Նիկոլին վեր դասել նախկին ղեկավարներից, լավ, Տեր-Պետրոսյանին մի կողմ դնենք, որովհետև նա բոլորից ճիշտ դուրս եկավ, Փաշինյանը կերազեր նույնիսկ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կեսի կեսի չափ բան արած լիներ Ղարաբաղի հարցում: Այո, սա մենք ենք ասում, որ 20 տարի շարունակ քննադատել ենք նրանց: Հիմա թալանչի էին, կոռուպցիոներ, մարդ էին սպանել, ինչ, բայց իրենք այնպես են արել, որ պատերազմ չլինի: Դրսից որոշակի երաշխիքներ էին կարողացել կպցնել՝ պատերազմը բացառելու համար, մանևրում էին, «կռուտիտ» էին անում, բայց բանը պատերազմի չէին հասցնում: Գիտեին, որ Հայաստանը գնում է դեպի պարտություն, որ երկիրը թուլանում է, բայց որ հանկարծ պատերազմ սկսվեր, վայրկենական ստորագրելու էին պայմանագիրը ու Ղարաբաղի հարցը լուծեին: Հասկանալի է, որ դա մատուցելու էին որպես հաղթողական, պատմական, հերոսական մի ձեռքբերում, վստահաբար, դրա դեմ ընդվզողներին տալու էին, ջարդեին, բանտերը լցնեին, եթե պետք լիներ, բայց պատերազմ չէին թողնի, որովհետև գիտեին, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ: Ոնց որ Սերժ Սարգսյանն արեց 2016-ին. պատերազմը սկսվեց, համաձայնվեց Լավրովի պլանին: Ու կռիվը պրծավ:
Նիկո՞լն ինչ է արել. եկավ, թե բա՝ սեփական կետից եմ սկսում, հեսա ցույց տամ, ոնց եմ կզզցնելու Ալիևին, մի հատ մաստեր-կլաս անեմ, որ Լևոնը, Ռոբերտն ու Սերժը մանթոյից մեռնեն: Բա որ իրենք պատերազմի հերոսներ են, բա ես չլինե՞մ: Տեսանք, ով ում... չասենք, ինչ արեց: Հերոսլամիշ էր լինում, ավարտվեց բունկերլամիշով:
Հ.Գ. Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը արձագանքել է իշխանամետ վերլուծաբանի գրառմանը:
Մեջբերում ենք.
«Դիվանագիտական առաջին հաջողություն՝ 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԽ-ն դե-ֆակտո ճանաչում է 1991թ. դեկտեմբերի 28-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրությունները և Մինսկի խորհրդաժողովի շահագրգիռ կողմ ընդունում «ԼՂ ընտրված ներկայացուցիչներին»:
Դիվանագիտական երկրորդ հաջողություն. չնայած Ադրբեջանի և Թուրքիայի գործադրած ահռելի ջանքերին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի դատապարտում Հայաստան-ԼՂ մարդասիրական միջանցքի բացումը և Լաչինի գրավումը չի ճանաչում Ադրբեջանի տարածքի օկուպացիա:
Դիվանագիտական երրորդ հաջողություն. Քելբաջարի և մյուս շրջանների վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձևերը ճանաչում են, որ տարածքները գրավել են Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումները:
Դիվանագիտական չորրորդ հաջողություն. Բիշքեկի Արձանագրությունը ստորագրում է նաև ԼՂՀ ԳԽ նախագահը, ձախողվում են Ադրբեջանի ջանքերը՝ փաստաթղթի տակ դնելու նաև «ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավար» Նիզամի Բահմանովի ստորագրությունը:
Դիվանագիտական հինգերորդ հաջողություն՝ հրադադարի մասին 1994թ. մայիսի 12-ի համաձայնագիրը ստորագրում է նաև ԼՂ ՊԲ հրամանատարը՝ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ հավասարի իրավունքով:
Դիվանագիտական վեցերորդ հաջողություն. մինչև 1998թ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարգավորման առաջարկությունները նույն ընթացակարգով ներկայացնում էին Հայաստանին, Ադրբեջանին և ԼՂ-ին:
Եթե այս հաջողությունների հանրագումարը հայկական դիվանագիտության, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը չէ Հեյդար Ալիևի նկատմամբ, ապա կուզենայի իմանալ, թե ի՞նչ է»: