...

Վազգենը, Սերժը, Ռոբերտն ու Նիկոլը ճիշտ էին

Վազգենը, Սերժը, Ռոբերտն ու Նիկոլը ճիշտ էին

ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին, ասել է. «1998 թվականից հետո անցած 20 տարիները ապացուցեցին, որ Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ սխալ»:

Նախ, այն մասին, թե ինչ էր ասել Տեր-Պետրոսյանն իր ելույթում: Մեջբերում ենք. «Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին, այդ իշխանությունների կողմից որդեգրված ստատուս-քվոյի պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու հնարավորության սին հավատամքի վրա: Իսկ պարտության ավարտը նշանավորվել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» սադրիչ հայտարարությամբ»:

Հիմա եկեք տեսնենք, թե որքանով էին Վազգենը, Ռոբերտն ու Սերժը ճիշտ: Տեր-Պետրոսյանը 1998-ին ասել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծել, փոխզիջումներով, փուլային տարբերակով, խաղաղություն հաստատել: 

Ի՞նչ էր ասել հայտնի եռյակը. «Իսրայելի օրինակը ցույց է տալիս, որ կարելի է զարգանալ նաև մեկուսացման պայմաններում» (Ռ. Քոչարյան), «Ղարաբաղյան կարգավորման պրոցեսում պետք է վարել ակտիվ սառեցման քաղաքականություն» (Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան).

«Ղարաբաղի հարցում հիմա կարիք չունենք փոխզիջման գնալու։ Կզիջենք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք» (Վազգեն Սարգսյան):

Ի՞նչ էր ասել Տեր-Պետրոսյանը. «Փաթեթային, փուլային կամ այլ տարբերակների շուրջ թվացյալ բանավեճը, վստահ եմ, սոսկ շղարշ է՝ կարգավորման պրոցեսը ձգձգելու, այսօրվա իրավիճակը, այսինքն՝ ստատուս-քվոն որքան հնարավոր է երկար պահպանելու համար։ Ես ցավով նախազգում եմ, թե դա ինչ ահավոր վտանգ է ներկայացնում թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի գոյության համար։ Այսօր մենք, ինչպես Բաթումից ու Ալեքսանդրապոլից առաջ, թերևս Ղարաբաղի հարցի նպաստավոր լուծման և Հայաստանի բարգավաճման վերջին պատեհությունն ենք կորցնում։ Եվ դրա համար մենք բոլորս էլ պատասխան ենք տալու մեր ժողովրդին»:

Անցել է 23 տարի: Հիմա 2021 թվականի մայիսն է: Դե հիմա պրն Շարմազանով, ասեք, տեսնենք, թե Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը ոնց և որտեղ ճիշտ դուրս եկան: Ում կանխատեսումներն են իրականացել, ումը՝ մնացել բորդյուրին: Այսինքն՝ մի բանում այս եռյակը ճիշտ է դուրս եկել. զիջումներ արվել են այն ժամանակ, երբ հարկադրված ենք եղել: Եթե Շարմազանովը սա նկատի ունի, ապա բան չունենք ասելու, ճիշտ է ասում: Բայց այդ դեպքում Նիկոլից ի՞նչ եք ուզում. մարդը զիջել է այն ժամանակ, երբ հարկադրված է եղել: Արել է ճիշտ այն, ինչ դեռ 1998-ին պնդել են հայտնի ուժերը: Վարել է կարգավորման գործընթացը հնարավորինս սառեցնելու քաղաքականություն, հայտարարել է, որ փոխզիջումների կարիք չունենք, Արցախը Հայաստան է ու պրծ, ասել է՝ մենք այսպես էլ կզարգանանք, առանց հարցը լուծելու: Վերջում էլ պատերազմ է եղել, որը տանուլ է տվել, զիջումներ է արել: Հիմա դուք ի՞նչ երեսով եք Նիկոլին կապիտուլյանտ համարում, եթե ձեր իսկ վարած քաղաքականությունն է իրականացրել, ձեր առաջ քաշած թեզերով է առաջնորդվել: 

Ուրեմն, եթե Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը ճիշտ էին, նշանակում է՝ Նիկոլ Փաշինյանն էլ էր ճիշտ: Կամ դուք էլ եք հետը կապիտուլյանտ, եթե այդպես եք իրեն համարում, կամ էլ՝ ձեր այդ գավառական շուստրիությունները պահեք ձեզ:  

Նորից ենք հիշեցնում. 2020 թվականին տեղի է ունեցել այն, ինչի մասին Առաջին նախագահը զգուշացրել էր 1998 թվականի հունվարին: Ու մարդիկ, որոնք 20 տարի շարունակ Արցախի հարցը տարել են դեպի պարտություն, այսօր ասում են՝ մենք ճիշտ էինք: Բա ո՞ւր է ձեր ճիշտը: Ո՞ւր են ձեր հաղթական լուծումները, ոչ մի թիզը, Բաքվում չայ խմելը: Ցույց տվեք, մենք էլ ուրախանանք: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ