...

Թե ինչպես պրծավ Ղարաբաղի հարցը

Թե ինչպես պրծավ Ղարաբաղի հարցը

Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մի մոլորություն է շրջանառության մեջ դրվել, թե Արցախի հարցը կարար ավելի վաղ խաղաղ լուծվեր, բայց չլուծեցին։

Ըստ այդ մոտեցման, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարող էին հարցը լուծել ու պատերազմ չէր լինի, Նիկոլի «գլխին չէր ջարդվի», բայց չուզեցան կամ չարեցին։

Նախ սկսենք նրանից, որ Փաշինյանն ու իշխանության ղեկին եղած ղեկավարները բոլորն էլ գիտակցել են, թե ինչ պատասխանատվություն են ստանձնում, իսկ պատերազմի վտանգը միշտ էլ եղել է։

Այլ բան է, որ մինչև Փաշինյանը պատերազմ կանխելու, էսկալացիան թուլացնելու, մարտական գործողությունները ժամանակին կանգնեցնելուն ուղղված համալիր միջոցառումներ են իրականացվել, ինչը չարվեց վերջին պատերազմում։

Եթե Փաշինյանը կամ նրա կողմնակիցները համարում են, որ նա պոտենցյալ «զոհ» էր, ապա նա կարար պաշտոնավարումը ստանձնելուց 6 ամիս հետո, մեկ տարի հետո հեռանալ ու պետության ղեկը հանձներ նրան, ով կկարողանար ծանր իրավիճակներից արժանապատիվ ելքով դուրս գալ։

Երկրորդ, Ադրբեջանի հետպատերազմյան փուլի պահվածքն արդեն իսկ ցույց է տալիս, որ 5, 6 կամ 7 շրջան հանձնելով պարտիան ավարտվելու երաշխիք չկար։

Բանակցությունների բարդություններից մեկը դա էր։

Այս պատերազմում Ադրբեջանը ստացավ շուրջ 10 շրջան, ավելին քան բանակցվում էր վերջին տասնամյակներում, սակայն չի կանգնում և պահանջում է ավելին, ես կասեի՝ առավելագույնը։

Եթե խնդիրը բանակցություններով այդքան հեշտ լիներ լուծելը, ապա դա կլուծվեր ավելի վաղ և սերունդներին այսպիսի ծանր բեռ չէր փոխանցվի»։

Այդպիսի թեզ իսկապես կա, որ հատկապես Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցը գցել է Նիկոլ Փաշինյանի ջեբը: Եթե նույնիսկ համարենք, որ այդպես է, ապա Փաշինյանը 2,5 տարի ժամանակ ուներ, որպեսզի ստուգեր ջեբի պարունակությունը: Ինչը չի արել: Իսկ եթե ստուգել է, ապա էլի 2,5 տարի ժամանակ ուներ, որպեսզի այդ մասին հանրությանը տեղեկացներ և հակամարտության կարգավորման ուղղությամբ ռեալ քայլեր իրականացներ: 

Բայց ինչ վերաբերում է նրան, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պատերազմը կանխելու, էսկալացիան թուլացնելու, մարտական գործողությունները ժամանակին կանգնեցնելուն ուղղված համալիր միջոցառումներ են իրականացրել, այստեղ պատկերն ավելի բարդ է:

Սկսում ենք 1998 թվականի հեղաշրջումից: Տեր-Պետրոսյանը ցանկանում էր լուծել կոնֆլիկտը՝ համարելով, որ դրա համար ամենաբարենպաստ պահն է, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Վազգեն Սարգսյանը դեմ արտահայտվեցին: Համարեցին, որ ավելի լավ լուծում կա, հաղթողական, որ Լևոնը պարտվողական է: Այս պատրվակով էլ իշխանությունը վերցրեցին: 

1994 թվականի զինադադարից հետո 3 տարի անց Տեր-Պետրոսյանը պատրաստ էր խաղաղության համաձայնագիր կնքել: Չենք ասում, դա լավ լուծում էր, վատն էր. ուղղակի արձանագրում ենք, որ շատ մոտ էր Ադրբեջանի հետ հաշտության գնալուն: 

Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 20 տարի իշխել են Հայաստանում: Այսինքն՝ 20 տարի ժամանակ են ունեցել Արցախի հարցը լուծելու համար: Ո՞ւր է այդ լուծումը: Որտե՞ղ մնաց նրանց հաղթողական լուծումը: Դրա համար էին, չէ՞, Հայաստանում իշխանությունը վերցրել: Բա ինչո՞ւ չեն լուծել: Շատ պարզ պատճառով. 1998-ին այդ մարդիկ իշխանությունը զավթեցին ոչ թե Ղարաբաղի հարցը լուծելու, այլ չլուծելու նպատակով: Լուծողը լուծում է, որ դա որպես բեռ չթողնի սերունդների վրա, ինչպես դա փորձեց անել Լևոն Տեր-Պետրոսյանը: Նորից ենք շեշտում, 20 տարի ժամանակ են ունեցել, իսկ դա բավարար ժամանակահատված էր հակամարտությունը կարգավորելու համար, չեն արել: Որովհետև իրենց նպատակը ոչ թե հարցի կարգավորումն էր, այլ Հայաստանում դիրքերը ամրապնդելը, ինչը շատ հոյակապ արել են: Միայն 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը հասկացավ, որ հակամարտության կարգավորման անընդհատ ձգձգումը հղի է էլ ավելի մեծ պատերազմով և հարցը լուծելու իրապես գործուն քայլերի գնաց:

Հիմա մեր այս ասածներին Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կողմնակիցները կարող են հակադարձել, թե սխալ բաներ ենք ասում, հենա, ժամանակին Քոչարյանն ընդունեց «Ընդհանուր պետության» փաթեթը, պատրաստ էր այն ստորագրել, բայց Ադրբեջանը դեմ արտահայտվեց: Կամ՝ Սերժ Սարգսյանը Կազանյան թե Մադրիդյան (դա էական չէ) փաստաթուղթ էր պատրաստ ստորագրել, Ադրբեջանն էլի դեմ եղավ: Այսինքն՝ Ադրբեջանի կոշտ դիրքորոշման պատճառով հակամարտության կարգավորումը տեղի չունեցավ:

Հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ Ադրբեջանը չհամաձայնեց «Ընդհանուր պետության» առաջարկին, որով հատկապես քոչարյանականներն են հպարտանում: Սա էլ բացատրություն ունի. որովհետև Ադրբեջանին արդեն ձեռնտու չէր հակամարտության կարգավորումը իր համար ոչ ցանկալի պայմաններով: Որովհետև Ալիևները շատ լավ գիտակցում էին, որ ուժերի հարաբերակցությունը աստիճանաբար փոխվելու է՝ հօգուտ Ադրբեջանի: 

Դրեք, համեմատեք: Մի հատ իկոնոգրաֆիկա կազմեք, թե 1998 թվականի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական, դեմոգրաֆիական և ռազմական ցուցանիշների ինչ հարաբերակցություն է եղել: Կտեսնեք, որ տնտեսական և ռազմական ցուցանիշները գրեթե նույնն են եղել: Այսինքն՝ այս առումով ուժերի հարաբերակցությունում պարիտետ է պահպանվել:

Հետո վերցրեք, ու իկոնոգրաֆիկայի գիծը քաշեք, տարեք մինչև 2018 թվական: Եվ դուք կտեսնեք, թե ինչպես է 20 տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական, դեմոգրաֆիական և ռազմական հարաբերակցությունը շեշտակի կերպով փոխվել՝ հօգուտ Ադրբեջանի: Ադրբեջանը 20  տարվա ընթացքում տնտեսապես հզորացել է, ռազմական ծախսերը ավելացրել են, բնակչությունը աճել է: Մեր մոտ 20 տարվա ընթացքում բնակչությունը նվազել է, տնտեսությունը Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կլանների միջև բաշխվել է, մոնոպոլիզացվել է, թուլացվել է: Եթե չեք հավատում մեզ, դրեք, համեմատեք, թե 1998-2018 թվականներին Ադրբեջանը ինչպես է զարգացել, Հայաստանը՝ ինչպես: Կարող եք և չհավատալ, բայց Ադրբեջանը դրան հավատում էր, դրա համար էլ պարբերաբար մերժում էր բանակցությունների սեղանին դրված այս կամ այն փաթեթը, և ամեն բանակցության հետ ավելի էր կոշտացնում իր դիրքորոշումը, նորանոր պահանջներ էր դնում: 

Հիմա ինչքան ուզում են, թող Քոչարյանին հերոս ներկայացնեն. էս է արել, էն է արել, Հայաստանի տնտեսությունն է զարգացրել, ծաղկուն երկիր է սարքել, գովքի այդ ամբողջ ստանդարտ հավաքածուն չենք ներկայացնում: Ուզում է, դոշից 15 հատ էլ Ազգային հերոսի մեդալ կախեն, փաստ է, որ իր օրոք Հայաստան-Ադրբեջան ուժային հարաբերակցությունը անդառնալի կերպով փոխվել է: Այս մասին չեն խոսում, աշխատում են նաև շատ չհիշատակել Վարդան Օսկանյանի հայտնի արտահայտությունը, թե 100 տարի էլ փակ սահմաններով կզարգանանք: 

Այնպես որ, երբ Տիգրան Աբրահամյանն ասում է, որ Փաշինյանից առաջ նախկինները պատերազմ կանխելու, էսկալացիան թուլացնելու, մարտական գործողությունները ժամանակին կանգնեցնելուն ուղղված համալիր միջոցառումներ են իրականացրել, այդպես չէ: Պատերազմը կանխելուն ուղղված համալիր միջոցառումներից թիվ մեկը հակամարտությունը լուծելն էր, որը չեն արել: Կոնֆլիկտ լուծողը 20 տարի չէր քարոզի, թե Լևոնը հող հանձնող էր, հողատու էր, երբ որ իրենք էլ են պատրաստ եղել հող հանձնել ու շատ ավելի վատ պայմաններով: Ու իրենցից հետո թողել են մի Հայաստան, որը բոլոր առումներով զիջում էր Ադրբեջանին: Նիկոլ Փաշինյանն էլ, փոխանակ սա հասկանար, փոխանակ ականջալուր լիներ բանականության կոչերին, որոնք բազմիցս են հնչել, ընկավ ինչ-որ ցնորամիտ երազանքների գիրկը, և իր քայլերով միայն արագացրեց պատերազմի սկիզբը: Կոպիտ ասած, փոխանակ հանգցներ պատերազմի վառոդի տակառը, լուցկին վերցրեց, մի բան էլ ինքը սկսեց տակը բզբզալ: Փոխանակ հայտարարեր, որ շահագրգռված է հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, մի բան էլ հայտարարեց, թե Հայաստանը Արցախ է ու պրծ: Դե պրծ, պրծ:  Պրծավ Ղարաբաղի հարցը: Սաղդ էլ նստեք, հինգ: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ