Արամ Ա կաթողիկոսը վերջերս վաշինգտոնյան իր ելույթում ասել է․ «Մեզ պետք են խարիզմատիկ և հեռատես առաջնորդներ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, որոնք ունակ են ճանաչել ժամանակի նշանները և ըստ այդմ առաջնորդել մեր հայրենիքն ու ազգը՝ ղեկավարվելով մեր ազգի բարձրագույն արժեքներով և շահերով»։ Որևէ առարկություն չունենք ասածին։ Ի դեպ, հայաստանյան հասարակության մեջ նույնպես կան այսպիսի խոսակցություններ։ Մարդիկ հոգնել են իշխանության և ընդդիմության անիմաստ ցուցքերից։ Անհասկանալի սուբյեկտների արևմտամետ կամ ռուսամետ բոլշևիզմից։ Նկատենք, որ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին ոչ թե հասարակության անտարբերությունը, այլ խորը հիասթափությունը։
Բայց քանի որ քարոզչական ամբողջ դաշտը հիմնավորապես զբաղեցրել են այսօրվա իշխողները՝ ներառյալ ընդդիմադիր հորջորջվողներին, դժվար է պատկերացնելը, որ որևէ ռացիոնալ միտք կհիմնավորվի մարդկանց գիտակցության մեջ, կամ որևէ խարիզմատիկ և իրատես առաջնորդի կհաջողվի լսելի և ընկալելի դառնալ այս կակաֆոնիայի մեջ։
Խարիզմատիկ և իրատես առաջնորդին հատկապես 90-ականների երկրորդ կեսին ապազգային հայտարարեցիք՝ սպանելով իրատեսական, ազգանպաստ քաղաքականությունը։
2020-ի պատերազմից հետո միակ իրատես առաջնորդը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ առաջարկներով հանդես եկավ։ Արձագանքը բոլորիս հայտնի է։ Տնտեսական ահռելի ներուժի տիրապետող Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մերժեցին նրան։ 2021-ին, 2022-ին նրանք կարող էին հնարավորություն ստեղծել ազգակործան այս կառավարությունից ազատվելու համար, եթե անսային իրատեսական առաջարկներին։
Հայաստանյան մտավոր վերնախավի ամլությունն իր հերթին հույս չի տալիս, որ իրատեսությունն ըմբռնելի կդառնա հասարակության գոնե 10 տոկոսի համար, ոչ թե 1,5։
Եվ ընդհանրապես, մեր դիմումների, կոչերի հասցեատերն ովքե՞ր են։ Արամ Առաջինը դիմել է իրեն ունկնդրող երիտասարդներին։ Լավ։ Բայց Հայաստանը հիմա, հենց այս պահին գոյաբանական վտանգի առջև է։ Մեր վերլուծաբաններից, քաղաքական գործիչներից շատերը դիմում են հասարակությանը։ Իսկ հասարակությունը, ինչպես պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ և դրանից հետո, այսօր էլ երկու կրակի արանքում է։ Բացի սրանից՝ ի՞նչ անի հասարակության այն անդամը, որը ո՛չ տնտեսական ներուժ ունի, ո՛չ քարոզչական, ո՛չ էլ քաղաքական գործիչ է։
Ուստի մեր դիմումներն ու կոչերը ոչ թե պետք է հասցեագրվեն վերացական հասարակությանը կամ երիտասարդությանը, այլ կոնկրետ մարդկանց։
Ուստի դիմենք հասցեատերերին։ Ռոբե՛րտ Քոչարյան, Սե՛րժ Սարգսյան Արցախի քաղաքական ղեկավարներից շատերը Բաքվի բանտերում են։ Իսկ դուք 3 տարի Նիկոլ Փաշինյանի համար դեմոկրատիա ապահովեցիք։ ՀՅԴ ղեկավարնե՛ր, 3 տարի է՝ աղմկում եք․ ո՞ւր են սփյուռքյան ձեր կառույցները։ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին ներեցիք ձեր կուսակցի երեսին թքելը ճիշտ այնպես, ինչպես ներեցիք Ռ․ Քոչարյանին «Պապլավոկի» սպանությունը։
ՔՊ-ականներին չենք դիմում․ ամեն ինչ պարզ է։
Հայաստանյան և սփյուռքյան զանազան կազմակերպություննե՛ր, մեր տղաները 3 տարի է՝ Բաքվի բանտերում են։ Հայաստանում քաղաքական հայացքների կամ գրառումների համար դատում են․ ո՞ւր եք։
Հա, ու հանկարծ չմոռանաք, որ խարիզմատիկ և իրատես առաջնորդին պետք է հում-հում ուտել, որպեսզի շարունակեք Հայաստանում և Սփյուռքում, սուրճ խմելով, ճամարտակել ազգի ճակատագրից։
Զարուհի Գաբրիելյան