...

Եթե շատ լինեին, այնտեղ կլինեին նաև Քոչարյանը և Սարգսյանը

Եթե շատ լինեին, այնտեղ կլինեին նաև Քոչարյանը և Սարգսյանը

Շաբաթ օրվանից չեն դադարում վեճերը, թե որքան մարդ է մասնակցել ընդդիմության հանրահավաքին՝ շա՞տ, թե՞ քիչ, տասնյակ հազարնե՞ր, թե՞ մի քանի հազար: Ընդդիմությունը փորձում է ճոխացնել թվերը, իսկ իշխանությունը՝ նվազեցնել:

Մինչդեռ կա երկու կարևոր հանգամանք, որոնք բացահայտում են՝ արդյոք ընդդիմությունը գոհ է իր արդյունքից:

Առաջին. Դեկտեմբերի 12-ի հանրահավաքի համեմատ ընդդիմությունը որևէ հաջողություն չգրանցեց: Առավելագույնը՝ մի տասը տոկոս: Սա չափազանց վատ ցուցանիշ է: Երկու ամիս հանրահավաք չանելուց հետո արդյունքն այլ պետք է լիներ: Ըստ էության, անցած երկու ամիսներին իշխանությունը չի կարողացել մեղմել պատերազմի հետևանքները, և ընդդիմությունը պետք է անհամեմատ ավելի շատ մարդ կարողանար բերել Ազատության հրապարակ: Եղանակային պայմաններին հղում տալը աղքատների բաժինն է: Ի վերջո, այս հասարակությունն ունի պատմական հիշողություն: 1988 և 2008 թվականներին՝ նույն փետրվար ամիսներին, անհամեմատ ավելի սաստիկ ձմռան պայմաններում, իսկապես տասնյակ և հարյուր հազարներով էին դուրս եկել փողոց:

Երկրորդ. Հանրահավաքից առաջ մեծ ակտիվություն ցուցաբերեցին Քոչարյանը և Սարգսյանը: Առաջինը հայտարարեց մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, իսկ երկրորդը, չնայած մեծ ջանքերին, չկարողացավ թաքցնել իր քաղաքական ամբիցիաները: Գաղտնիք չէ, որ 17 կուսակցությունների շարժում ասվածը ֆիկցիա է: Նրանց 2/3-ը մարդ կուսակցություններ են: Եթե իսկապես ընդդիմության կարծիքով շատ մարդ հավաքված լիներ, ապա Քոչարյանը և Սարգսյանը չէին հապաղի հաստատելու իրենց քաղաքական հայտը և կներկայանային հարթակ ու կամրագրեին իրենց կարգավիճակը: Իրենք էլ էին հիասթափված մարդկանց քանակից, դրա համար էլ նախընտրեցին օնլայն հետևել ցույցին:

Քանի դեռ հարթակի թեկուզ ձևական ղեկավարումը թողնված է Վազգեն Մանուկյանին, Գեղամ Մանուկյանին կամ Իշխան Սաղաթելյանին, ակնհայտ է, որ շարժման իրական շահառուները դժգոհ են ցուցարարների քանակից: Քանի դեռ կրիտիկական զանգված չի հավաքվել, նրանք կնախընտրեն հարմարավետ պայմաններում հարցազրույցներ տալ և սպասել ավելի բարենպաստ իրավիճակի:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   966 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ