...

Քոչարյանը և Սարգսյանը շարունակում են չգիտակցել

Քոչարյանը և Սարգսյանը շարունակում են չգիտակցել

Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վերնատան, բոլոր մտահոգների, ադեկվատների, դժնդակների, տարատեսակ վետոների ու շոու բիզնեսի 60 ներկայացուցիչների թիվ մեկ խնդիրը չհասկանալը և չգիտակցելն է, թե ինչու 2018 թվականին ժողովուրդը դուրս եկավ փողոց: Ըստ նրանց՝ չկային հիմնավոր պատճառներ. չէ՞ որ իրենք ամեն ինչ հաշվարկել էին, ճիշտ դասավորել և դրել ճիշտ ուղու վրա: Իսկ ձախողման պատճառը Սարգսյանի պահի տակ ցուցաբերած թուլությունն էր, ինչպես նաև Փաշինյանի ճարպկությունը: Իսկ դա արտահայտվում էր Շարպի գիրքը կարդալով, տարաբնույթ տեխնոլոգիաներ կիրառելով, և արդյունքում ժողովուրդը խայծը կուլ տվեց:

Այստեղից գալիս է նրանց ռազմավարական թիվ մեկ սխալ հետևությունը: Եթե իրենք էլ լավ կազմակերպվեն, շատ կարդան ինֆորմացիոն պատերազմների մասին գրքեր, շարունակեն իրականացնել ինֆորմացիոն աննախադեպ գրոհները, չխորշեն ապատեղեկատվությունից ու մանիպուլյացիաներից, իրենց մոտ էլ կարող է ստացվել:

Քոչարյանը և Սարգսյանը, տեղափոխվելով Հայաստան, այդպես էլ չհասկացան հայաստացիներին, չընկալեցին մենթալիտետը և երբևէ հետևություններ չարեցին իրենց սխալներից: Իրենք խորապես համոզված էին և համոզված են, որ եթե գնում ու կաշառում ես էլիտայի գերակշիռ հատվածին, ապա մնացած ժողովուրդը մեխանիկորեն հայտնվում է գրպանումդ: Ասվածի վառ վկայությունն է Քոչարյանի վերջերս դատարանում արտահայտած այն միտքը, թե ներկայիս հասարակությունը մանկուրտների հասարակություն է: Այսինքն հասարակություն, որ չի ճանաչում իր տերերին: Իսկ տերերը Քոչարյանը, Սարգսյանը և ևս մի քանիսն են: Ըստ իրենց տրամաբանության, եթե իրենց հաջողվել է կուտակել միլիարդավոր դոլարներ, ձեռք բերել հարյուրավոր ձեռնարկություններ, հազարավոր անշարժ գույքեր, իրենք են այս երկրի տերերը, և միայն թյուրիմացության արդյունքում է փոխվել ստատուս-քվոն: 

Վերոհիշյալ անձինք և սպասարկող խմբերը չեն հասկացել, որ հասարակությանը մանկուրտներ և զոմբիներ անվանելով, ավելի են խորացնում անջրպետը, ավելի են ամրապնդում ատելությունը իրենց հանդեպ և զրոյի հասցնում քաղաքական թատերաբեմում մնալու կամ իշխանության վերադառնալու հավանականությունը: 

Թեպետ, վերջում պետք է հակասեմ ինքս ինձ: Չեն հասկացել միայն երկուսը՝ Քոչարյանը և Սարգսյանը: Մնացած խմբերը լավ էլ հասկացել են: Պարզապես խոպանը ունի իր տրամաբանությունը, որտեղ աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունը հազարերորդ տեղում է: Քանի վերոհիշյալ երկուսը ունեն փող, իրենք կշարունակեն «պայքարել»: 

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2510 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ