1992 թվականից սկսած Վազգեն Մանուկյանը և Դաշնակցությունը, իսկ այնուհետև Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իրենց քարոզչական արսենալի ամենանշանակալի տեղերից մեկը հատկացրին այն թեզին, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանը թալանել է երկիրը: Այդ քարոզչական կեղծիքը այնքան վարպետորեն կրկնվեց ու հոլովվեց, որ հանրության մի հատված իսկապես հավատաց դրան:
Եվ եթե առաջին երկուսը դա անում էին և անում են վրեժի զգացումից ելնելով, ապա վերջին երկուսը ունեին և ունեն ավելի գործնական նպատակներ: Իսկ նպատակը մեկն է` անընդհատ տալով Տեր-Պետրոսյանի անունը, ստվերել իրենց կոռուպցիոն և երկիրը իսկապես թալանող գործարքները: Հանրության մեջ արմատավորել այն համոզմունքը, որ բոլորն էլ նույնն են: Այսօր, երբ արդեն երկու նախագահների թալանի վերաբերյալ գործերը շոշափվում են ոչ միայն մամուլի էջերում, այլև կոնկրետ քրեական վարույթներով, Սարգսյանը և Քոչարյանը իրենց գրպանում գտնվող մեդիաներով կրկին փորձում են մեյնսթրիմ դարձնել Լևոն Տեր-Պետրոսյանի «թալանի» վերաբերյալ վաղուց մաշված քարոզչական հնարքը:
Հանուն արդարության նշենք, որ Գեբելսի հոգեզավակներին հարիր այդ սուտը չէր ապրի, եթե առաջին նախագահը և նրա թիմը ավելի հետևողական հերքեին ռոբասերժական պրոպագանդայի կեղծիքները:
Ի վերջո, դժվար չէ հասկանալ, որ եթե 2008թ. Ռոբերտ Քոչարյանը գնաց Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրներից մեկի` Խաչատուր Սուքիասյանի սեփականությունը խլելու ճանապարհով, ապա հաստատ դա առաջնահերթ կաներ Տեր-Պետրոսյանի հանդեպ ևս: Իհարկե կար մի փոքր նրբություն, չկային գործարաններ ու ֆաբրիկաներ, կորպորացիաներ ու կոնցեռններ, որ ուժի միջոցով խլվեին: Դժվար չէ հասկանալ, որ Քոչարյանի և Սարգսյանի անվան հետ կապվում են կոնկրետ բիզնեսներ, կոնկրետ ֆիրմաներ, կոնկրետ սեփականություններ, մինչդեռ առաջին նախագահի դեպքում դրանք բացակայում են: Դրա փոխարեն, վերոհիշյալ երկուսի մեդիաները «հայտնաբերում են» ու հղումներ են անում ԱԱԾ-ական պաշտոնաթող մեկին, որը ֆեյք անվան տակ հյուսում է անասելի հարստությունների լեգենդը: Դժվար չէ հասկանալ, որ եթե առաջին նախագահը ունենար Քոչարյանի և Սարգսյանի հարստության գոնե կեսի չափ գումար, ապա կտիրապետեր պրոպագանդայի ամենաարդյունավետ միջոցների՝ հեռուստաընկերություններից սկսած, վերջացրած թերթերով ու կայքերով:
Այսքանով հանդերձ պետք է արձանագրել մեկ կարևոր իրողություն: 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին իսկ հորդորով հրապարակ դուրս եկան տասնյակ հազարավոր հայաստանցիներ, իսկ այնուհետև նրանց թիվը դարձավ հարյուր հազարներ:
Ռոբերտ Քոչարյանը նույնպես տասը տարի լռեց և սկսեց խոսել միայն կալանավորվելու վտանգը զգալուց ժամեր առաջ: Դրանից հետո, նա և իր թիմը ջանքեր չեն խնայում (իր դեպքում՝ ահռելի ֆինանսական ներդրումներ), որպեսզի հասարակությունը ինչ-որ կերպ արձագանքի և փոքր-ինչ համակրի նրան:
Արդյունքը՝ ընդամենը մի քանի տասնյակ ցուցարար դատարանի դիմաց, որոնց մի մասը ժամանակ առաջ Քոչարյանին համարում էր հանցագործ: Ծախսված գումարները քամուն տալու մասին, իր վերջին հարցազրույցում խոստովանեց անգամ Քոչարյանը, երբ ասաց բառացիորեն հետևյալը. «հիվանդ է այն հասարակությունը, որն ուրախանում է կալանավորումներից»:
Փաստացի խոստովանություն, որ հասարակությունը չի տրվում իրենց քարոզչության կեղծիքներին և ծախսվող գումարները փոշիանում են: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ սանձազերծած քարոզչությունն ընդամենը կալանավորված մարդու սրտի սփոփանք է:
Արիս Վաղարշակյան
«Չորրորդ իշխանություն», 13, 2019