...

Ինչպես եկել էր, այնպես էլ կգնար

Ինչպես եկել էր, այնպես էլ կգնար

Իհարկե պատմությունը կարևոր է, իհարկե պատմության խոր հետազոտությունը անհրաժեշտ է նախկինի սխալները հասկանալու համար, որպեսզի հնարավոր լինի ապագայում դա չկրկնել, սակայն այսօր Հայաստանն այն վիճակում չէ, որ քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը դառնա, թե Քոչարյանին ով բերեց Հայաստան:

Երկիրը մեծագույն մարտահրավերների առջև է կանգնած, սահմանները անձեռնմխելի չեն, սուբյեկտայնությունը իջել է շրիշակի մակարդակի, իսկ քաղաքական ուժերը դեռևս քննարկում են, թե ճի՞շտ էր արդյոք 1995 թվականին ՆԳՆ և ԱԱԾ նախարարությունները միացնելը կամ Քոչարյանին Հայաստան բերելը:

Բայց քանի որ քաղաքական ուժերը պարտադրել են այդ օրակարգը, մենք էլ անդրադառնանք թեմային: Մի կողմ թողնենք այն, թե ով ավելի շատ նպաստեց Քոչարյանին Հայաստան բերելուն՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Վազգեն Սարգսյանը: Հայաստան գալը դեռ ինքնին չէր նշանակում Հայաստանի նախագահ կարգվել: Անգամ վարչապետ նշանակվելուց հետո Քոչարյանը Հայաստանում չուներ աջակցություն և քաղաքական հենարան:

Ով և ինչու նրան դարձրեց Հայաստանի նախագահ, սա թերևս ավելի կարևոր է, քան Արցախից Հայաստան բերելը: Այո, կար դաշնակցության գործոնը և Քոչարյանի մտերմությունը այդ քաղաքական ուժի հետ: Սակայն դաշնակցությունը իրենից այն ուժը չէր ներկայացնում, այն կշիռը չուներ, որ կարողանար Քոչարյանին դարձնել նախագահ: Հետագա բոլոր ընտրությունները ցույց տվեցին, որ այդ ուժի վարկանիշը անգամ ադմինիստրատիվ ռեսուրսի պարագայում երբեք չի անցնում 5-7 տոկոսի սահմանագիծը:

Ուստի աներկբա է, որ Վազգեն Սարգսյանն է Ռոբերտ Քոչարյանին կարգել Հայաստանի նախագահ: Չլիներ նրա ակտիվ միջամտությունը, ուժային կառույցների ու ԵԿՄ-ի ակտիվ ներգրավվածությունը, Քոչարյանը 10 տոկոս ձայն էլ չէր հավաքի: Հիմա թերևս շատերն են մոռացել, թե ինչ խայտառակ ընտրություններ էին դրանք, մոռացել են, թե ինչպես էին փողոցում թափված Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկները: Մոռացել են, թե այդ օրերին քաջատեղյակ մարդիկ ինչեր էին պատմում Կարեն Դեմիրճյանի որդու՝ Ստեփանի հասցեին հնչեցված սպառնալիքների վերաբերյալ:

Հիմա նաև շատ է խոսվում, որ Վազգեն Սարգսյանը փոշմանել էր, հասկացել էր սխալը և չէր ցանկանում այլևս Քոչարյանին տեսնել ՀՀ նախագահի պաշտոնում: Որպես փաստարկի ապացույց էլ նշում են Կարեն Դեմիրճյանի հետ դաշինքի կազմելը և վարչապետի պաշտոնը ստանձնելը:

1999 թվականի մայիսին տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները, արդեն հաղթանակի պահին լրացել էր սահմանադրական նորմի ժամկետը, երբ կարելի էր Քոչարյանի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց սկսել: Վազգեն Սարգսյանը խորհրդարանում ուներ այնքան ձայն, որ առանց որևէ ցնցումի կարող էր այդ գործընթացը սկսել և հասցնել տրամաբանական ավարտին: Բայց չեք գտնի ո՛չ Վազգեն Սարգսյանի և ո՛չ էլ Կարեն Դեմիրճյանի որևէ խոսք, ակնարկ, մեսիջ, թե կարող է նման գործընթաց սկսվել: Դա տեղի չի ունեցել ո՛չ քարոզարշավի ժամանակ, ո՛չ էլ փայլուն ու համոզիչ հաղթանակից հետո:

Իհարկե, սա չի նշանակում, որ Քոչարյանը վտանգ չէր տեսնում Վազգեն Սարգսյանից, հասկանում էր, որ քանի կա նա, երբեք ինքը իրեն առաջինը չի զգալու Հայաստանում և այլն:

Բայց քանի որ օրվա խնդիրները դրել ենք մի կողմ և քննարկում ենք պատմությունը, ապա արձանագրենք. չլիներ Վազգեն Սարգսյանի ցանկությունը, Քոչարյանը ինչպես եկել էր, այնպես էլ հետ կգնար Արցախ: Եվ ոչ մի միավորված նախարարություն, ոչ մի դաշնակցություն, ոչ մի «կամանդույուշի» չէր կարողանա կանխել այդ ցանկությանը:

Արիս Վաղարշակյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ