Պահանջվում է բարետես շեյխ
Տարին մոտենում է ավարտին, իսկ մենք դեռ ստիպված ենք ամփոփել շաբաթվա իրադարձությունները: Պետք է ասել, որ ներդրումների առումով խիստ անհաջող շաբաթ էր: Գործնականում ոչ մի արաբական շեյխ այս օրերին Հայաստան չեկավ՝ ներդրումներ անելու: Բոլորը երես են թեքել: Գագիկ Ծառուկյանին շատ ենք խնդրում, գոնե ձեր կազինոյի էն կրուպյեյին ուղարկեք Հայկ Մարությանի մոտ: Դեմքը թուխ է, չալման դնի, ոչ ոք չի ջոկի: «Վիլիտի» շեյխ է:
Ընդհանրապես, շեյխի թեման լավն էր, հարուստ, բազմաթիվ ազգագրական, պատմամշակութային, բարոյա-տնտեսական նրբերանգներ ուներ, հավեսով քննարկում էինք, մին էլ ըհըն... Քոչարյանն եկավ: Իսկ այս թեմայով կատակելը մարդու կյանքի հետ անհամատեղելի հետևանքներ կարող է ունենալ:
Սպառնալ, սպառնալ, մինչև վերջ
Ռոբերտ Քոչարյանը բանտից հարցազրույց է տվել: Մինչև դրան անդրադառնալը մի բան հիշեցինք. 2000թ. ընդդիմադիր գործիչներից մեկը մի ժողովում այսպիսի միտք հայտնեց, որ Քոչարյանի ցանկացած ելույթ, հրապարակային խոսք պարտադիր սպառնալիք է պարունակում կամ երկրում լարվածություն է առաջացնում: Մարգարեական խոսքեր էին, չափազանց դիպուկ: Մի հարցազրույցի ընթացքում Քոչարյանը հաջողացրել է սպառնալիքներ հնչեցնել, կոչ է արել Արցախին Հայաստանի դեմ դուրս գալ, տառապել մեծամտության ախտանիշով և... բայց իսկապես, որ կարդում ես, մնում ես շշմած, թե ով է Հայաստանը ղեկավարել 10 տարի:
Հասարակություն բառը սովորել է
Մյուս աղմկահարույց միտքն այն էր, որ 1998 թվականին բնակչության զգալի մասը պահանջում էր նստեցնել Տեր-Պետրոսյանին և ընդհանրապես՝ ՀՀՇ ամբողջ վերնախավին: «Ես այն ժամանակ համարեցի, որ պետք է ապագա կառուցել, այլ ոչ թե պայքարել անցյալի դեմ»,- ասել է նա:
Ինչ-որ տեղ սա կարելի է համարել հաղորդում հանցագործության մասին: Մարդը խոստովանում է, որ ինքն էր որոշում. ում նստեցնել, ում չնստեցնել: Իհարկե, մենք բոլորս էլ գիտենք, որ հենց այդպես էլ եղել է, և Քոչարյանն էր՝ իր արմենչիկներով, վիկտորներով, հրահանգներ ուղարկում դատախազությանն ու դատարաններին, թե ում բռնեն, ում վրա ինչ հոդված դնեն, ում ինչքան տան:
Սա դեռ անցանք. Ռոբերտ Քոչարյանին կոնկրետ ոճրագործությունների համար են մեղադրում, որոնցից գլխավորը մարտի 1-ի սպանդն է: Հասարակական ինչպիսի պահանջ էլ լինի, անհնար կլինի Քոչարյանին դատել մի բանի համար, որ չի արել: Իսկ Մարտի 1-ի գործով անընդհատ նոր փաստեր են հրապարակվում, որոնք Քոչարյանի մեղսակցության հերթական ապացույցն են հանդիսանում:
1998-ին Տեր-Պետրոսյանին նստեցնելու համար որևէ հասարակական պահանջ չի եղել: Քոչարյանն ուր, հասարակությունն ուր: Բայց երբ եկել է իշխանության, հատ-հատ ստուգել են Տեր-Պետրոսյանի և նրա թիմի գործունեության բոլոր էջերը: Քրքրել են բոլոր որոշումները, բանկային հաշիվները, հնարավոր ամեն ինչ. բան չեն գտել:
Մութ էջեր, որ պիտի լույս տան
Նույնիսկ որևէ հիմք չունենալով, Քոչարյանը շատ հանգիստ կարող էր ՀՀՇ-ի բոլոր անդամներին՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, բանտերը լցնել: Բայց դրա համար անհրաժեշտ էր նախ Հայաստանում բացարձակ իշխանություն ձեռք բերել, իսկ ծրագիրն իրականացնելուն խանգարում էր Վազգեն Սարգսյանի գործոնը: Քանի կար Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը անգլիական թագուհու կարգավիճակում էր մնալու: Դա էր պատճառը, որ 1998 թվականից հերթով վերացվում էին Վազգեն Սարգսյանի ամենամերձավոր զինակիցները: Իսկ ո՞վ էր գրել այդ ծրագիրը. ճիշտ է՝ Վազգեն Մանուկյանը: Խուզարկությամբ իր մոտից հայտնաբերված հայտնի նամակում, նա կետ առ կետ նշել էր, թե իշխանությունը վերցնելու համար ինչ քայլեր են անհրաժեշտ: Ըստ էության, Քոչարյան-Վազգեն Մանուկյան տանդեմի ծրագրի գագաթնակետն էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Բա դուք գիտեք, Վազգեն Մանուկյանը հենց այնպե՞ս է ստեղծել «Վերնատունը», ու փորձում է իր շուրջը հավաքել 1996թ. սեպտեմբերի 25-ի, հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի իրադարձությունների իրական հեղինակներին, կազմակերպիչներին ու իրականացնողներին: Նորմալ պաշտպանական ռեակցիա է:
Սելֆիի ձողիկը կմնա
Ու երբ Նիկոլ Փաշինյանին քննադատում ենք Վազգեն Մանուկյանից ներողություն խնդրելու համար, նաև սրա համար ենք քննադատում. նույն հաջողությամբ կարելի է Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից ներողություն խնդրել հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի կապակցությամբ: Վազգեն Սարգսյանը մինչև հասկացավ, թե ինչը ոնց է, Քոչարյանի ու Վազգեն Մանուկյանի ծրագիրն իրականացավ: Նիկոլ Փաշինյանն էլ, եթե չգիտակցի, թե ինչ կարգի մարդկանց հետ գործ ունի, ապա կգա մի պահ, երբ իրենից սելֆիի ձողիկը կմնա:
«Չորրորդ իշխանություն», 13, 2019