...

Իշխանությունն այլևս չի ուզում արտահերթ ընտրություններ

Իշխանությունն այլևս չի ուզում արտահերթ ընտրություններ

ԷԼԻ ԼԿՍՏՎԵՑԻՆ

Հավանականությունը մեծ է, որ գործ ունենք իշխանության հերթական քաղաքական փահլևանության հետ: Խոսքը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն կամ չանցկացնելուն է վերաբերում:

Գործող իշխանությունը արդեն մի քանի անգամ ապացուցել է, որ նեղը ընկնելու դեպքում խոստանում է արմատական լուծումներ, իսկ հետո վտանգի մի փոքր անցնելու դեպքում մոռանում, թե ինչ է խոստացել:

Չիրականացված վեթինգը դրա լավագույն ապացույցն է: Երբ դատարանը ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլ Փաշինյանը ժամեր անց խոստացավ տոտալ վեթինգ, իսկ հետո, երբ հնարավոր դարձավ զոռով-շառով Քոչարյանին կրկին ուղարկել մեկուսարան, հաջողությամբ մոռացավ խոստումը՝ նախընտրելով լեզու գտնել առանձին դատավորների հետ: Եվ հիմա այն, ինչ կատարվում է դատարաններում, երբ առանց բացառության մերժվում են դատախազության բոլոր միջնորդությունները, 2019 թվականի ռազմավարական սխալի հետևանքն է:

Ամանորից հետո իշխանության հռետորաբանության մեջ կա էական փոփոխություն, իսկ ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ դա ավելի ակնառու դարձավ: Նիկոլ Փաշինյանը այլևս հաստատ չի պնդում, թե տեղի կունենան արտահերթ ընտրություններ, ավելի շատ փորձում է դրանց չիրականացումը բարդել ընդդիմության վրա: Թե՝ չեկաք, չքննարկեցիք, չուզեցիք, դե մենք էլ ինչու պետք է շահագրգռված լինենք ընտրություններ անցկացնել:

Ինչպես 2019 թվականին, այնպես էլ հիմա Փաշինյանը արխայինացել է՝ տեսնելով, որ ընդդիմությունը չի կարողանում մարդկանց դուրս հանել փողոց: Եվ մտածում է՝ ինչ իմաստ ունի հիմա գնալ ընտրությունների: Ով, ով, բայց ինքը հաստատ չի հավատում ՊՈԱԿ-ի հաստիքային քաղաքագետների և ստատուսչիների մեկնաբանություններին, թե արտահերթ ընտրությունների դեպքում մի բան էլ ավելի շատ ձայն է հավաքելու, քան 2018 թվականին: Ով, ով, բայց ինքը գիտի, որ անգամ կրկին վարչապետ ընտրվելու դեպքում, չի ունենալու սահմանադրական մեծամասնություն: Եվ եթե հաջողության չի հասել նման մեծամասնություն ունենալու պարագայում, ինչպես է հասնելու ավելի փոքր առավելություն ունենալու դեպքում: Եթե այսօր վարչապետի հրաժարականի համար անհրաժեշտ է 25 պատգամավորի դուրս գալը իշխող խմբակցությունից, ապա այդ դեպքում այն կկազմի 6-7 պատգամավոր: Ինչպես արդեն նշեցինք, իշխանությունը արտահերթ ընտրություններում չի ստանա սահմանադրական մեծամասնություն, խորհրդարանը կազմված չի լինի 132 պատգամավորից և կունենա 101+4 պատգամավոր: Չորսը կլինեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է լեգիտիմության նոր մանդատ ստանալուն, ապա ոչինչ չի խանգարի ընտրություններից մի երեք ամիս հետո դարձյալ պահանջել իշխանությունների հրաժարականը: Չէ՞ որ 2018-ի դեկտեմբերի ընտրություններից մի քանի ամիս անց, արդեն հնչում էին նման պահանջներ:

Բայց եթե Փաշինյանը մի փոքր հեռատես լիներ և հասկանար, որ իր դեմ մշտապես նախկինները չեն պայքարելու, ապա կգիտակցեր արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը: Կառավարությունը 6 ամիս ժամանակ էր խնդրել իր ճանապարհային քարտեզը իրականացնելու համար: Հանրությունը փողոց դուրս չգալով՝ իշխանությանը տվեց այդ ժամանակը: Եթե իշխանությունը չիրականացնի իր խոստումները և չգնա արտահերթ ընտրությունների, ապա ամենաուշը ամռանը իշխանությունը կառերեսվի ժողովրդի իրական դժգոհության և դիմադրության հետ: Եվ այդ ժամանակ հնարավոր չի լինի թաքնվել նախկինների թալանի և քաղաքական իմպոտենցիայի ներքո:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 3, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1217 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ