...

Ամռանը իշխանությունը փողոց դուրս եկած նոր ժողովուրդ կտեսնի

Ամռանը իշխանությունը փողոց դուրս եկած նոր ժողովուրդ կտեսնի

Ակնհայտ է, որ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությամբ և Արտակ Դավթյանի «քամբեկով» ներքաղաքական ճգնաժամը չի հանգուցալուծվում: Այն պարզապես եկավ հաստատելու նոր իրողությունները:

Ոչ իշխանությունը և ոչ էլ ընդդիմությունը, որքան էլ մեծ ցանկություն և գայթակղություն ունենան, չեն կարող բանակը օգտագործել այնպես, ինչպես օգտագործեցին 2008 թվականին: Օնիկ Գասպարյանը և մնացած գեներալները որոշ ուժերի դրդմամբ արեցին քայլ, սակայն, հետո տեսնելով հանրության վերաբերմունքը, բանակում տիրող տրամադրությունները և միջազգային արձագանքը, խելամտորեն հրաժարվեցին գնալ մեծ արկածախնդրության:

Հիմա հերթը Նիկոլ Փաշինյանինն է: Նա նույնպես պետք է ողջամտություն դրսևորի և չգնա արկածախնդրության ու վրեժ լուծելու ճանապարհով: Բանակն այլևս տևական ժամանակ փորձ չի անի խառնվել ներքաղաքական գործընթացներին և ուրեմն պարզապես վրեժի դրսևորում կլինի աշխատանքից հեռացնել հայտնի հայտարարությունը ստորագրած գեներալներին: Օնիկ Գասպարյանը ուներ չորս տեղակալ: Տիրան Խաչատրյանը արդեն հեռացվել է աշխատանքից, Անդրանիկ Մակարյանի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ: Մնացած երկու տեղակալները և կորպուսների 5 հրամանատարները պետք է շարունակեն պաշտոնավարել, որպեսզի որևէ կերպ չխաթարվի բանակի հեղինակությունը և մարտունակությունը: Ի վերջո, կորպուսի հրամանատարի պաշտոնը սովորական շարքային մասնագիտություն չէ, որ ամեն քայլափոխի փոխարինողներ գտնեք: Պակաս արկածախնդրություն չի լինի, եթե որոշեք որոշ սպաների համար ապահովել կարիերայի աննախադեպ աճ: Ասենք` որոշ մայորների ու փոխգնդապետների նշանակեք կորպուսի հրամանատարներ և շտաբի պետեր:

Արկածախնդրության երկրորդ դրսևորումը կլինի, եթե Փաշինյանը երկրորդ անգամ մտածի, թե վիճակը կայունացել է և կարելի է հրաժարվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների խոստումից: Օնիկ Գասպարյանի պաշտոնավարումը բարեհաջող ավարտելու և ընդդիմության հանրահավաքները գնալով սակավամարդ դառնալու փաստը Փաշինյանի և իր շրջապատի մոտ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ թյուր կարծիք կարող են ստեղծել: Ձմեռային աննախադեպ ցուրտն էլ անցած անգամ իշխանության շրջանում թյուր պատկերացում ստեղծեց, թե բոլորը հաշտվել և գոհ են ստատուս քվոյից: Հաշվի առնելով իշխանության արագ փոփոխվող հոգեվիճակը՝ բացառված չէ, որ այս անգամ էլ հույս ունենան մի փոքր ձգձգել և հասնել ամառվա շոգերին: Համենայնդեպս, մարտի 1-ի հանրահավաքից անցել է ավելի քան 10 օր, սակայն իշխանությունը որևէ ծպտուն չի հանում արտահերթ ընտրությունների վերաբերյալ։

Եվ որքան էլ Ալեն Սիմոնյանը և իշխանության մնացած խոսափողները պնդեն, թե իրենց վարկանիշը աննախադեպ բարձր է, փաստ է՝ ԱՄՆ հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցումներով Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունն ունի 33 տոկոս վարկանիշ: Այսինքն՝ իշխող ուժի վարկանիշը գրեթե 60 տոկոսով իջել է կամ նրանց պատրաստվում է ձայն տալ ընտրողների միայն 1/3-րդը:

Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ պատերազմից հետո իր խնդրած վեցամսյա ժամկետին մնացել է երկու ամիս, իսկ խոստացած ճանապարհային քարտեզի կետերի միայն աննշան մասն է իրականացվել: Մայիսի կեսերին կլրանա 6 ամիսը և կպարզվի, որ չեն իրականացել ոչ քաղաքական բարեփոխումների խոստումները և ոչ էլ պատերազմի հետևանքները մեղմացնելու վերաբերյալ հավաստիացումները:

Եվ ամռանը, չնայած շոգին, իշխանությունը դարձյալ կտեսնի փողոց դուրս եկած ժողովուրդ, որը տանը կսնվի, վրան չի ունենա, օրավարձ չի ստանա, բայց կպայքարի խոստումները դրժած և չիրականացրած իշխանության դեմ:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 10, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ