Այսօր Հայաստանը քաղաքացիական բախումների շեմին է: Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը հայտարարում են իրենց վճռականության մասին: Երկու կողմերն էլ, ըստ էության, բարիկադավորվել են: Այս անգամ իրավիճակի սրացումը սկսվել է մի կաթիլ մեղրի պատմությունից: Ժամանակագրական առումով հիշեցնենք, ինչից ինչ եղավ:
16.02.2020
Սերժ Սարգսյանը իր ծավալուն հարցազրույցում իշխանություններին մեղադրեց Արցախում մարտական գործողությունների ժամանակ «Իսկանդեր» տակտիկական համալիրները չօգտագործելու մեջ:
23.02.2020
Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցում մեկնաբանեց Սերժ Սարգսյանի խոսքերը. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»։
Լրագրողի հարցին, թե՝ այդպե՞ս էլ է լինում, Փաշինյանը պատասխանեց. «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:
24.02.2020
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանը՝ Yerevan.Today-ի այն հարցին, թե հնարավո՞ր է «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը, երկար ծիծաղելուց հետո պատասխանել է. «Իհարկե՝ հնարավոր չէ… ո՞նց, «Իսկանդե՞րը»… Մեկ կրակո՞ցը… 10 տոկոսո՞վ… Կներեք սա լուրջ չէ, չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով և էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ: Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ»:
***
Այս հարցազրույցից հետո ՊՆ-ն հանդես եկավ պարզաբանմամբ։
«Տվյալ լրատվամիջոցի ներկայացուցչի հետ հեռախոսազրույցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ասել է, որ չի կարելի նման թեմաներով խոսել և եզրահանգումներ անել, ինչից հետո լրագրողը մեջբերել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գնահատականը, թե իբրև դա հնարավոր է, ինչն էլ առաջացրել է Տիրան Խաչատրյանի ծիծաղը: Հոդվածում լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել և, փաստացի, խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը` ընթերցողների մոտ առաջացնելով թյուրըմբռնում, ինչը կարելի է որակել որպես տեղեկատվական սադրանք: Եվս մեկ անգամ հորդորում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին և քաղաքացիներին զերծ մնալ ռազմական ոլորտին առնչվող նմանաբնույթ խոսակցություններից և քննարկումներից, քանի որ դրանք կարող են էական վնաս հասցնել Զինված ուժերին և մեր երկրի անվտանգությանը»:
***
«Իսկանդեր» հրթիռային համակարգերի մշակող, ռազմավարական հրթիռների 37-ամյա փորձով ինժեներ-կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Կովալյովը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում անդրադարձավ «Իսկանդեր» համակարգերի «անարդյունավետության» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
«Հայտարարելով «Իսկանդերների» անաշխատունակության մասին, Փաշինյանը, ինչպես ասում են, պետք է տեր կանգնի իր խոսքերին: Նման լուրջ մեղադրանք ներկայացնել հրթիռային համակարգի վերաբերյալ և միաժամանակ հրապարակավ խոստովանել, որ ինքը «չգիտի» հարցի էությունը, Հայաստանի վարչապետի համար անարժան և նույնիսկ անպատվաբեր է: Վարչապետին շտապ անհրաժեշտ է վերացնել իր անգրագիտությունը: Կրթական ծրագիր է պետք»:
***
Վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Տիրան Խաչատրյանին ազատեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:
25.02.20
Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ պահանջեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
***
Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությանը արձագանքեց ֆեյսբուքյան իր էջում. «Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ: Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում»:
***
«Հայրենիքի փրկության շարժումը» իր զորակցությունը հայտնեց ՀՀ ԳՇ-ին. ««Հայրենիքի Փրկության Շարժումը» ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատական կազմի հայտարարությունը˒ դրանում արձանագրված բոլոր հաստատումները և իր զորակցությունն է հայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխավոր մեր Զինված Ուժերին։
Կոչ ենք անում մեր Ժողովրդին Հայրենիքի փրկության համար մտահոգ բոլոր քաղաքացիներին ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում մեր զորակցությունը հայտնելու մեր Զինված Ուժերին, մեր Հայոց Բանակին ու ավարտին հասցնել հայրենադավ կառավարության ու Փաշինյանի հեռացման գործը»:
***
ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն նոր հայտարարություն տարածեց, որում նշված էր. «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը»:
***
Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ, որտեղ հետևյալ հայտարարությունները արեց.
1. Նրանք երկու տարի է՝ մեզ մեղադրում են հող հանձնելու մեջ, բայց ընդամենը երկու օր կամ մի քանի օր առաջ մերժվածը հրապարակայնորեն ասում է, որպես հպարտության նշան, որ ինքը համաձայնվել է (դրանից առաջ էլ է ասել) 7 շրջանները հանձնել Ադրբեջանին: Բա որ դուք ամեն ինչ պայմանավորվել էիք արդեն կամ բանակցությունները տարել էիք այնտեղ, որ խոստովանում եք հրապարակային, որ այդ պայմաններն ընդունել եք և համարում էիք, որ դա լավ լուծում է, ինչո՞ւ էիք մեզ մեղադրում հող հանձնելու մեջ: Բաց նամակներով հանդես գայիք, ասեիք՝ գնա, ստորագրի այդ թուղթը, մենք բերել ենք, գնա, ստորագրի այդ թուղթը: Խոստովանեիք ժողովրդի առաջ՝ այս կետին ենք հասցրել, որ պետք է ամեն ինչ հանձնեինք, մեզ էլ ասեիք՝ գնացեք, այդ թուղթն ստորագրեք:
2. Երկրում պետք է ժողովրդի իշխանությունը կասկածի տակ չդրվի։ Երկիրը բռնության, ապօրինության, սադրանքների, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու բոլոր փորձերը պետք է խստորեն կասեցվեն Ազգային անվտանգության ծառայության, և Ոստիկանության, և ժողովրդի կողմից:
3. Օնիկ Գասպարյանը, որին ես նշանակել եմ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, որին ես շնորհել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, որին ես շնորհել եմ իմ միջնորդությամբ գեներալ-գնդապետի կոչում, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ, հիմա հետահայաց հասկանում եմ, որ շատ դրվագներում այդքան էլ ճիշտ չեմ վերաբերվել, ճիշտ չեմ վարվել, որ 100 տոկոսով վստահությամբ եմ վերաբերվել: Օնիկ Գասպարյանը ինքը թող ուղղակի դիմում գրի և հրաժարական տա, գնա։
4. Մեր կամքը, մեր միասնությունը, մեր վճռականությունն է, որ մենք ժողովրդի իշխանությունը կոռումպացված ռեժիմին չենք զիջելու, և, այո՛, թավիշին վերջ է դրվելու:
5. Ես գիտեի, որ դուք ամենաշատն այդ էիք ուզում լսել, գիտեի։ Բայց ի՞նչ է նշանակում թավիշին վերջ դնել։ Դա նշանակում է օրինականության հաստատում, օրինականության լիարժեք հաստատում: Եվ այսօր ժողովուրդն ինչո՞ւ է հավաքվել։ Որովհետև ժողովուրդը գիտի, որ այս պարտության պատճառը երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունը, Զինված ուժերը և ժողովրդին թալանածներն են:
6. Ուրեմն՝ վերջ թավիշին։ Հիմա այս ակցիան շարունակում ենք հետևյալ կերպ. մենք իրար հետ քաղաքով երթի ենք գնում և վճռականություն ենք ի ցույց դնում: Նախ, մենք մեր բանակի կողքին կանգնած ենք, և բանակն էլ մեր կողքին է կանգնած: Երկրորդ, ժողովուրդը գիտի՝ մենք ինչու ենք պարտվել, և ժողովուրդն այսօր մեկ ակնկալիք ունի։ Ես ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել, որ այդ ակնկալիքը չեմ իրականացրել, որ անընդհատ ասում ենք՝ վերջ թավիշին, վերջ թավիշին, չենք անում։ Բայց այսօրվա մեր ակցիան եկավ-հասավ այդտեղ։ Ուրեմն հիմա վերջ թավիշին, այսօրվանից՝ վերջ թավիշին:
***
Ազատության հրապարակում իր ելույթի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» ակցիայի ընթացքում Վազգեն Մանուկյանը հայտարարեց. «Մենք այսօր մնալու ենք այստեղ, թող գա, մենք նրանք կթելադրենք մեր պահանջները՝ ոնց պետք է ինքը հեռանա: Այս պայքարը մեր հետագա բոլոր սերունդների համար է, սա պատմական պահ է, սպասելու ենք ԱԺ-ի պատգամավորներին, թող գան այստեղ, որպեսզի քվեարկեն և իրեն հանեն այդ պաշտոնից: Մենք այսօր ամբողջ գիշեր ենք մնալու և բարիկադներով երկու ծայրից փակելու ենք փողոցը»:
***
Բաղրամյան պողոտայում՝ Ազգային Ժողովի շենքի առջև, ընդդիմության կողմից վրաններ և վառարաններ տեղադրվեցին՝ ցուցարարների համար հարմարավետ պայմաններ ապահովելու համար:
Վիճակը սա է: Լրիվ մի կաթիլ մեղրի պատմություն, որը սկսվեց «Իսկանդերի» մասին՝ Նիկոլ Փաշինյանի անխոհեմ հայտարարություններից, հետո՝ Ազգային Հերոս Տիրան Խաչատրյանին աշխատանքից ազատելով: Մի օրում իր դեմ հանեց ԱՄՆ-ին, Ռուսաստանին, հիմա էլ՝ ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբին: Ու շարունակում է իր դեմ նորանոր մարդկանց, ուժերի հանել:
Չգիտենք, նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանագրից հետո Նիկոլ Փաշինյանը քանի անգամ է հրապարակավ հանդես եկել, բայց այդպես էլ պատերազմում մեր պարտության համար գեթ մեկ անգամ իրեն պատասխանատու չհամարեց: Բոլորին հերթով մեղավոր է հանել. նախկին բոլոր իշխանություններին, Վանեցյանին, Ծառուկյանին, ՀՅԴ-ին, Վազգեն Մանուկյանին, Արցախի և Հայաստանի Զինված ուժերի տարբեր հրամանատարներին, նույնիսկ՝ «Իսկանդերին», բայց ոչ՝ իրեն: Բնականաբար, գնալով, սա ավելի շատ մարդ չի հանդուրժելու:
Հ.Գ. Նիկոլ Փաշինյանի ելույթի մեկնաբանությունները՝ հաջորդիվ: