Հայաստանում քաղաքական պայքարը միշտ է ընթացել կոշտ հռետորաբանության ուղեկցությամբ: Քաղաքական հակառակորդները երբեք էլ չեն խնայել միմյանց: Բայց այն, ինչ կատարվում է այս օրերին, դասականի խոսքերով ասած, իսկապես աննախադեպ է: Երկու բևեռները միմյանց մեղադրում են ոչ թե շարքային հանցագործությունների, կոռուպցիայի, օրենքները չհարգելու կամ անգամ քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես վերացնելու մեջ, այլ դավաճանության մեջ:
Ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է Արցախը հանձնելու համար և այդ համատեքստում նաև սխալ սպառազինություններ գնելու, իսկ եղածը չօգտագործելու համար: Իշխանությունն իր հերթին, ընդդիմությանը մեղադրում է Արցախը վաղուց վաճառելու և անորակ սպառազինություններ գնելու համար: Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է Սու-30 կործանիչներ գնելու համար, իսկ Փաշինյանը Սարգսյանին՝ «Իսկանդեր» գնելու համար: Եթե այսքան տխուր ու ողբերգական չլիներ, կարելի էր միանշանակ փաստել, որ երկուսն էլ գնալով նմանվում են հայտնի սկետչի հերոսներին, որոնք միմյանց անվանում էին անբարոյական, փչացած և այդպես շարունակ:
Բայց երկուսն էլ ի վերջո պետք է հասկանան, որ հանրությունը կամաց-կամաց հակված է ասելու՝ հանգստացեք, երկուսդ էլ ճիշտ եք: Ժողովուրդը և պետությունը դաժան պարտություն են կրել և ցանկանում են հասկանալ, թե բացի Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ երկուստեք արկածախնդիր քաղաքականություն իրականացնելուց, ինչպիսի հանցագործություններ են կատարվել բանակաշինության ոլորտում: Հանրությունը ցանկանում է տեսնել կոնկրետ քրեական գործեր և ապացուցողական փաստարկներով հագեցած բացահայտումներ:
Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում է, որ «Իսկանդերը» կրակել է իր հզորության 10 տոկոսով, բայց ասելով Ա-ն, չի ասում Բ-ն: Հարցազրույց տալու և օդից կախված լուրեր տիրաժավորելու փոխարեն, վերջապես պետք է քննություն իրականացվեր և պարզվեր, թե Հայաստանի ամենահզոր զենքը, որ ստրատեգիական զսպման բաղադրիչ էր, ինչու է կրակել իր հզորության 10 տոկոսի չափով: Ի վերջո, Սերժ Սարգսյանը վատ և անպիտան զե՞նք է գնել, թե՞ այդ գործում կան այլ մութ կետեր, որոնց վերաբերյալ Փաշինյանը նախընտրում է չծավալվել:
Նույն պնդումը կարելի է անել ընդդիմության վերաբերյալ: Գործող ընդդիմությունը չի կարող հղում տալ, թե չունի իշխանություն, ուստի այդ պատճառով չի կարողանում ունենալ կոնկրետ և փաստարկված բացահայտումներ: 2008 թվականին ՀԱԿ-ը չուներ իշխանություն, բայց Փաստահավաք խմբի աշխատանքի շնորհիվ ամբողջովին բացահայտվեց, թե ինչ հանցագործություններ են իրականացրել օրվա իշխանությունները 2008 մարտի 1-ին, դրանից օրեր առաջ և հետո: Սա լավագույն օրինակն է, որ ցանկության դեպքում կարելի է բովանդակային աշխատանք կատարել: Դավաճան բղավելու փոխարեն, մի փոքր աշխատանք կատարեք և փաստերով ապացուցեք ձեր համոզման իրավացիությունը:
Մի ժամանակ ընդունված էր Քոչարյան-Սարգսյան զույգին անվանել սիամական երկվորյակներ: Հիմա արդիական է իշխանություն-ընդդիմություն զույգին նման կերպ պիտակավորելը: Նույն մեղադրանքները, նույն բնույթի հակադարձումները, պաշտպանվելու և հարձակվելու նույն ձեռագիրը: 2018 թվականին Ջին Շարպը բոբո էր գործող իշխանության համար, հիմա դարձել է կուռք: 2018 թվականին պետական շենքերի դռները ժողովրդինն էին, հիմա դարձան անձեռնմխելի և հատուկ ակնարկվում է, թե որ դեպքերում կարելի է կրակել ժողովրդի վրա:
Հասարակությունը հոգնել է մոնղոլ-թաթարական ծագմամբ ազգակործան պատուհասներից և նրանց բեմադրած ռեալիթի շոուներից:
Արիս Վաղարշակյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 8, 2021