...

Անվստահության քվե

Անվստահության քվե

Անցյալ տարվա նոյեմբերից Հայաստանը խորը ճգնաժամի մեջ է: Բոլորն են հասկանում, որ դրանից պետք է դուրս գալ: Սակայն ակնհայտ ելքից՝ արտահերթ ընտրություններից, խուսափում են իշխանությունը և նրանց հենարանին վերածված ՀՓՇ-ն: Ինչո՞ւ: Որովհետև չեն վստահում միմյանց, որովհետև երկուսին էլ չի վստահում հասարակությունը:

Հայաստանում շատերն են հասկանում, որ ճգնաժամից դուրս գալու սահմանադրական ուղին վարչապետի հրաժարականն է և ԱԺ նոր ընտրությունները: Ի դեպ, եթե դիտարկենք, թե ինչ ճանապարհով իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, ապա պետք է արձանագրենք, որ 2018 թ. մայիսից մինչև դեկտեմբեր Հայաստանում երկիշխանություն էր, այսինքն՝ փոխվել էր կառավարությունը, բայց գործում էր հին ԱԺ-ը: Բնականաբար սա էլ էր իշխանափոխության սահմանադրական ճանապարհ: Եվ ինչպես էլ վերաբերվենք այժմյան ընդդիմությանը, պետք է նշենք, որ նրանց առաջարկած տարբերակը՝ վարչապետի հրաժարականը, նոր կառավարության ձևավորումը և մեկ տարի հետո միայն խորհրդարանական ընտրությունների անցկացումը, նույնպես սահմանադրական ուղի է: Իշխանությունը, սակայն, վախենում է սրանից և ձգձգում հարցի լուծումը՝ պնդելով, որ եթե կառավարությունը հայտնվի նախկինների ձեռքում, ընտրությունները կկեղծվեն: Ընդդիմությունն իր հերթին է պնդում, որ եթե Ն. Փաշինյանը մնա վարչապետ կկեղծի ընտրական գործընթացը: 

Երկուստեք ճիշտ են:

  1. Ռոբերտ Քոչարյանը իշխանության է եկել ոչ միայն պալատական հեղաշրջմամբ, այլև կեղծված ընտրություններով: Իհարկե, ոչ մի անգամ չի պարտվել: Պարտվողը քաղաքացիներն էին, որոնց ձայները պարզապես գողացվել էին:
  2. Ս. Սարգսյանը իշխանության բարձրագույն կետին է հասել կեղծված ընտրություններով և մարտի մեկով: 2013-ին կրկնել է կեղծիքները, իսկ 2015-ին փոխել է Սահմանադրությունը՝ դարձյալ ոտնահարելով ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը: Ի դեպ, Ն. Փաշինյանն աջակցել է սահմանադրափոխությանը, այսինքն՝ կեղծիքներին: 2017 թ. խորհրդարանական ընտրություններն ուղղակի ծաղր էին, որովհետև հասարակությանն առանձնապես չէին հուզում: Հասարակությունն այլևս չէր վստահում ընտրական գործընթացին. չափազանց թարմ էր սահմանադրական հանրաքվեի ցավոտ հիշողությունը:
  3. Նիկոլ Փաշինյանը 2018-ին ընտրություններ կեղծելու կարիք չուներ. հեղափոխության մասնակիցները, որոնք մեր հասարակության զգալի տոկոսն էին, քվեարկեցին հանուն փոփոխությունների, ընդդեմ նախկինների: 

Սակայն այսօր վարչապետը չունի այն վստահությունը, որ կար 3 տարի առաջ: Բացի վարկանիշի անկումից՝ ներկա իշխանությունը պատերազմի օրերին ապացուցեց, որ ստում է առանց աչք թարթելու: Ուրեմն ի՞նչ երաշխիք կա, որ նույնկերպ չի կեղծի ընտրությունները, եթե պահպանի կառավարման լծակները:

Այնուամենայնիվ, ճգնաժամից պետք է դուրս գալ՝ գիտակցելով, որ խնդրի լուծումը ձգձգել չի կարելի: Պետք է գիտակցել նաև, որ հասարակական ապատիան, ինչ- որ նոր, գիտաֆանտաստիկ փրկչի սպասումը կործանարար են պետության համար: Հայաստանին իշխանություն է պետք, ընդ որում՝ գործուն, բանիմաց, իրատես իշխանություն: Ուրիշ հնար չկա: 

Զարուհի Գաբրիելյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 10, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ