...

Ո՞ւմ հայրենիքը չէր Աղդամը

Ո՞ւմ հայրենիքը չէր Աղդամը

«Տարիներ շարունակ ոմանց կողմից ձևավորվող թաքուն սպասումն ու ոգևորությունը, թե՝ «Արցախը հանձնենք, լավ կապրենք», քայքայեց ու կործանեց մեր երեսնամյա անկախության հիմքերը: Արցախի հարցը եղել ու մնում է մեր ժողովրդի գոյության և պաշտպանության հարցը, մեր ինքնության ու տեսակի պահպանման հարցը` որպես անկախ պետական միավոր: Եվ սա հասկանալու համար, ցավոք, մեր ժողովրդին պետք եղավ անցնել կորուստներով լի մի ամբողջ արյունալի պատերազմով՝ սա հասկանալու համար»,- ասում է ոչ այլ ոք, քան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 17-րդ համագումարում 2021թ․-ի դեկտեմբերի 18-ին։ Ակամա հարց ես տալիս՝ որտեղ և ումից է այս պրիմիտիվ միտքը լսել երկրի նախկին ղեկավարը։ Գուցե վատ շրջապա՞տ էր ընկել, գուցե խորհրդականների կրթությո՞ւնն էր թերի, թե՞ որևէ փնթի բակի ծերուկների հետ նարդի է խաղացել։ Սակայն հարցի պատասխանը բոլորովին այլ է։

Մի քիչ հետ գնանք։ Մոտ մեկ տարի առաջ՝ պատերազմից անմիջապես հետո, Սերժ Սարգսյանն այսքան ցածրակարգ միտք չէր վերագրի ոչ ոքի։ Ավելին, նա շատերիս զարմացրեց, երբ պնդեց, որ երբեք ոչմիթիզական չի եղել։ Թվաց, թե հասկացել է ազգակործան միֆերի դերը և կհրաժարվի հետագայում դրանք օգտագործելուց։ Բայց սխալվեցինք։ Ոչմիթիզականության թրենդը չի մեռնում, որովհետև մոտ 2 տասնամյակ ծառայել է իշխանությունը պահելու նպատակին։ Որովհետև օրերս ոհմակով հարձակվել էին Ժիրայր Լիպարիտյանի վրա, որը համարձակվել էր իրատեսական կարծիք հայտնել հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Որովհետև ամեն կերպ փորձում են ապացուցել, թե Նիկոլ Փաշինյանն իրենց բուծածը չէ։ Ահա թե ինչու է Սերժ Սարգսյանն իջել «բեսեդկայի» մակարդակի։ Ափսոս։

Իսկ հիմա կրկնենք, թե տարիներ շարունակ որ թրենդն է իշխել հայկական քարոզչական դաշտում։ Անշուշտ, ոչմիթիզականությունն էր։ 

Լևոն Տեր-Պետրոսյանի՝ արժանապատիվ խաղաղությունը մերժելու համար ինչ զառանցանք ասես հորինեցին։ Հայաստանն ու Արցախը ուժեղացնելու նպատակն անվանեցին հող հանձնել, գաղափարը պրիմիտիվացրին և մեջտեղ բերեցին անիրական, պետության գոյությունը վտանգող միֆեր։ Մեկը՝ «համաշխարհային ազգ», մյուսը՝ Սևրի դաշնագիր, երրորդը՝ Կուր-Արաքսյան հանրապետություն, և բոլորը միասին՝ «Լևոնը չգիտեր, որ Շուշին ենք գրավում, Լևոնը չթողեց, որ Բաքվում չայ խմենք»։ Տղա էիք, խմեիք՝ ի հեճուկս Լևոն Տեր-Պետրոսյանի․․․

Ի դեպ, երբ նույն Սերժ Սարգսյանը մի անգամ հայտարարեց, թե Աղդամը մեր հայրենիքը չէ, ուժգին ոռնոցը խանգարեց, որ նա կարողանար բացատրել ասելիքը։ Ընկրկեց, մտավ թրենդի մեջ։

Նիկոլ Փաշինյանից սահմանազատվողներին և դրա համար ամեն կերպ նրան Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապողներին մի կարևոր բան էլ հիշեցնենք։

Սույն անձը շատ լավ է օգտագործում հանրության՝ տվյալ օրվա տրամադրությունը։

Այսպես, դեռ 2016-ին, երբ Սասնա ծռերը աղմուկ-աղաղակով գրավեցին ՊՊԾ գունդը, Նիկոլը փորձեց օգտվել առիթից և ոչմիթիզականներից ավելի ոչմիթիզական դառնալ։ 2016 թ․ հուլիսի 21-22-ին հայտարարեց, թե «Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ ԼՂՀ-ի հարցում, այսպես կոչված, Լավրովի պլանն իրագործելու համար. «Դա խայտառակ և ստորացուցիչ լուծում է: Դա ամոթալի է ոչ միայն առաջին դեմքերի, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար»: Այստեղ, ըստ Նիկոլ Փաշինյանի, անձնական մոտիվ էլ կա` Տեր-Պետրոսյանը փորձում է օգնել Սերժ Սարգսյանին` ազատագրված տարածքները հանձնելու հարցում, որպեսզի ապացուցի` 1996-97-ին ինքը ճիշտ էր: Փաշինյանը համարում է, որ փոխզիջումների մասին չի կարելի խոսել հիմա, երբ Ալիևը ամեն օր ատամները սրած հոխորտում է Հայաստանի մասին. «Մենք թույլ չենք տալու Հայաստանի և ԼՂՀ-ի կապիտուլյացիան» («Առավոտ», 22․07․2016):

Հասկացա՞ք։ Նիկոլ Փաշինյանը դեռ 2016-ին էր Սերժ Սարգսյանին «հեռացնում»՝ նրան անուղղակի կապիտուլյանտ անվանելով։ Սակայն 2020-ի աղետից հետո ինքը վաստակեց այդ «պատվավոր» կոչումը։

Այսօր էլ, հասկանալով, որ հայ հանրությունը ծանրագույն հարված է ստացել, որ պատերազմի վտանգը չի անցել, և, իհարկե, զգալով, որ խաղաղության խոստումը շատերի սրտով է, ՀՀ ներկայիս վարչապետը մտել է ա՛յս թրենդի մեջ։ Եվ ՀՀԿ ղեկավարը, փորձելով տուրք տալ երկրում իշխող անգրագիտությանն ու պրիմիտիվիզմին, դաձյալ կեղծում է՝ մեր հանրությանը վերագրելով այն, ինչ չի եղել։

Բավ է։ Մի՛ խեղաթյուրեք հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի խնդիրները, մի՛ աղճատեք խաղաղության գաղափարը, մանավանդ որ բոլորդ միասին այն դարձրել եք ծաղրի առարկա։ 

Մի՛ օգտագործեք Լևոն Տեր-Պետրոսյանի անունը մեկդ մյուսին վարկաբեկելու համար, քանի որ ցանկացած նորմալ, կրկնում ենք՝ նորմալ մարդ պատիվ կհամարեր նրա հետևորդը լինելու հանգամանքը։ 

Զարուհի Գաբրիելյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2160 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ