...

«Լյուստրացիան» հաջողվեց

«Լյուստրացիան» հաջողվեց

ՌԵՏՐՈ խորագրի այս թողարկմամբ ներկայացնում ենք Փաշինյանի դավաճանական քայլերից մեկը, որն ուղղված էր այն ընդդիմության դեմ, որում ինքը հանրային հեղինակություն ձեռք բերեց, որը ճաքեր առաջացրեց ավազակապետական բուրգում, ինչի հետևանքով հնարավոր եղավ 2018 թվականի հեղափոխությունն ու իր ձախողված վարչապետությունը։

ՄԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԷԼ ԹՈՂ ՍԵՐԺԸ ԴՆԻ
 

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը խորհրդարանի օրակարգ մտցնելու վերաբերյալ մի փաստաթուղթ է պատրաստել և մտադիր է եռյակի անդամ կուսակցություններին առաջարկել ստորագրել այդ փաստաթղթի տակ և ապահովել անհրաժեշտ 44 ձայները։

Ընդ որում` նա չի էլ թաքցնում, որ իր հիմնական նպատակը ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելն է, այլ եռյակի «դիմակը պատռելը», այսինքն` ապացուցելը, որ եռյակն իրականում Սերժ Սարգսյանի հրաժարականը չի ուզում։ Մի խոսքով` այս նախաձեռնությունը, ըստ նրա, պիտի յուրատեսակ լակմուսի դեր կատարի (մեկ այլ պատգամավոր` Ալեքսանդր Արզումանյանը, նույնիսկ «լյուստրացիա» տերմինն է օգտագործում)։ 

Թե ինչու է Նիկոլ Փաշինյանը փորձում ՀՀԿ-ից խլել եռյակի դեմ պայքարելու մենաշնորհը` այլ հարց է, բայց պետք է խոստովանել, որ «լյուստրացիան» ստացվեց։ Ճիշտ է` փոքր-ինչ այլ կտրվածքով։ Միանգամից բացահայտվեցին բոլոր նրանք, ովքեր իրենք իրենց համարում են «մի ուրիշ ձևի» ընդդիմադիրներ, բայց, չգիտես ինչու, պայքարում են ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ, այլ եռյակի։ Տեսեք` Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանն արդեն միացել են Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Տիգրան Կարապետիչը, և նույնիսկ Ռոբերտ Մելքոնյանը` Բազազը։ Երևի առաջիկայում էլ կմիանան Արամ Զավենիչը, Արամ Գասպարիչը, Արամ Հարությունյանը, ՕԵԿ-ից մի երկու հոգի և այլն։ Այսինքն` նախաձեռնությունն իսկապես լակմուսի թղթի դեր է կատարում։ Ընդդիմադիր դաշտը միանգամից բաժանվում է երկու մասի. նրանք, ովքեր իսկապես իշխանափոխություն են ուզում, ինչ-որ ծրագրեր ունեն և փորձում են քայլ առ քայլ իրականացնել դրանք, և նրանք, ովքեր ձևացնում են, թե իշխանափոխություն են ուզում, բայց հրապարակներում չեն երևում և զբաղվում են բացառապես տարբեր տաղավարների հրապարակներում երևացողների վրա ցեխ շպրտելով։

Չէ, եկեք իրար ճիշտ հասկանանք։ Այն, որ եռյակն ինչ-որ ծրագրեր ունի և ինչ-որ կոնկրետ քայլեր է ձեռնարկում (օրինակ` տարածքային շտաբներ է ձևավորում) իշխանափոխության հասնելու համար, դա դեռ չի նշանակում, որ անպայման հաջողության է հասնելու։ Գուցե ստացվի, գուցե չստացվի։ Հավանականությունը 50-50 է (կամ` 70-30, ով ոնց ուզում է` թող հաշվի)։ Բայց այս պահին իմպիչմենտի հարցը խորհրդարանի օրակարգ մտցնելու միջոցով իշխանափոխության հասնելու հավանականությունը ուղիղ զրո է։ Ոչ ավել, ոչ պակաս։ Ու ստացվում է, որ ինչ-որ ուժեր ի սկզբանե ձախողման դատապարտված ճանապարհ առաջարկելով փորձում են «բացահայտել» այն ուժերին, որոնց պայքարը հաջողության հասնելու թեկուզ շատ փոքր շանս ունի։

Հարցին նայենք այլ տեսանկյունից։ Ենթադրենք` «լյուստրացիան» հաջողվեց, և եռյակի «դիմակը պատռվեց»։ Եվ ի՞նչ, դրանից Հայաստանում իշխանափոխության շանսերը մեծանալո՞ւ են։ Թե՞ այս նախաձեռնության հեղինակներն ու դրանով ոգևորվածները մտածում են, որ այ հիմա հասարակությունը կհիասթափվի եռյակից, և ասպարեզ կգան իրենք` «սպիտակ կաստում-շըլվարով»։ Բայց չէ՞ որ, ըստ իրենց, հասարակության 80 տոկոսը դժգոհ է երկրի վիճակից ու իշխանափոխություն է ուզում, իսկ եռյակի նկատմամբ վստահություն չկա` հանրահավաքները «բերովի» են։ Այսինքն` ըստ իրենց, հասարակության 80 տոկոսը շվարած է և ընդդիմադիր նոր բևեռ է փնտրում։ Հարց է ծագում` բա ինչո՞ւ չեք օգտվում այս փայլուն իրավիճակից, ինչո՞ւ հանրահավաքներ չեք անում։ Պատկերացնո՞ւմ եք ինչ հզոր ալիք կբարձրանա ու ինչ հուժկու հանրահավաք կլինի` Զարուհի Փոստանջյանով, Կարապետիչով, Ալեքսանդր Արզումանյանով, Բազազով-բանով... Համ էլ ասելու բան կլինի. «Այ տեսեք` մենք իմպիչմենտի հարց բարձրացրեցինք։ Ճիշտ է, բան դուրս չեկավ, բայց մենք մեղավոր չենք։ Ամո՛թ եռյակին»։

Ի դեպ` չի բացառվում, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նույնպես միանա հանրահավաքին։ Նա համարյա բաց տեքստով գովաբանել է իմպիչմենտի հարցն օրակարգ մտցնելու նախաձեռնությունը` դա ներկայացնելով որպես «ընդդիմադիր դաշտը ստուգելուն» ուղղված «հետաքրքիր քայլ»։ Փաստորեն` նա էլ իր հերթին է «լյուստրացիա արել» այդ նախաձեռնությունը։ Բնականաբար` փորձի պակասից։ Էդուարդ Շարմազանովի չափ փորձառություն ունենար` հաստատ կկարողանար թաքցնել գոհունակության ժպիտը ու կձևացներ, թե հե՛չ հավանություն չի տալիս այդ նախաձեռնությանը։

Մարկ Նշանյան 

«Չորրորդ իշխանություն», 28 նոյեմբերի, 2014թ.

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ