ՌԵՏՐՈ բաժնում շարունակում ենք ներկայացնել 2008 թվականի հետընտրական լրահոսը։ Մի քանի լուրի վերընթերցմամբ անգամ Ազատության հրապարակում այն ժամանակ առկա համաժողովրդական էներգետիկան փոխանցվում է ընթերցողին։ Հիշեցնենք, որ մարտի 1-ին մնում էին հաշված օրեր։
ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Փետրվարի 19-ին Հայաստանում կկայանա նախագահական ընտրությունների առաջին փուլը: Անկախացումից տասնյոթ տարի անց Հայաստանը հայտնվել է իր պատմության շրջադարձային կետում: Իհարկե, զգալի է տնտեսական վերելքի սկիզբը, պահպանված է որոշակի ներքին կայունություն, երիտասարդությունը ապրում է բարեկեցության և հստակ ապագայի ձգտումով: Սակայն խոչընդոտները առկա են. տարածաշրջանային մեկուսացումը` կախված մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բացակայության և Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների հարցի հետ, թափանցիկության և ժողովրդավարության պակասը, տնտեսական վիթխարի անհավասարությունը, արգելքներ, որոնք վնաս են հասցնում Հայաստանի` ինչպես միջազգային հեղինակությանը, այնպես էլ ներսում երկրի զարգացմանը:
Այս պայմաններում «Ղարաբաղ» կոմիտեի նախկին ղեկավար, Հայաստանի առաջին ընտրված նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը ստանում է առանձնակի նշանակություն: Այն արդեն իսկ հասարակության մեջ սկիզբ է դրել հիմնարար հարցերին վերաբերող լուրջ բանավեճի` իրավական պետության և ժողովրդավարության ամրապնդում, ղեկավարման համակարգ դարձած կոռուպցիայի վերացում, հաստատակամ ներգրավում Ղարաբաղյան խնդրի բանակցային կարգավորման գործընթացի մեջ, Հայաստանի վերադարձը միջազգային ասպարեզ` հարևանների հետ կշռադատված փոխհարաբերությունների զարգացման միջոցով` չզիջելով կարևորագույնը:
Իր մտավորականի կերպարով, իր բարոյական անհատականությամբ, որը հասունացել է ակտիվ քաղաքականությունից իրեն հեռու պահած տասը տարիների ընթացքում, Լևոն Տեր-Պետրոսյանը մարմնավորում է իրական հույս` դիմակայելու այս մարտահրավերներին, որոնց ընդդիմանում է հայ ժողովուրդը: Ժամանակն է, որ Հայաստանը ըստ արժանվույն ներկայանա ազգերի դաշնության մեջ:
Այս համատեքստում և այս նկատառումների հիման վրա Ֆրանկո-հայկական համերաշխություն ասոցիացիան սատարում է Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը և ցանկանում է, որ այն դառնա առիթ հայ ժողովրդի առաջնահերթ խնդիրների ազատ և խորունկ քննարկման համար թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում:
ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Հյուսիսային Ամերիկայի Ռամկավար-ազատականները որոշել են թիկունք կանգնել Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական թեկնածությանը: Նրանք հպարտորեն հայտարարում են, որ իրենց զորակցությանը միանում են մեծ թվով անկախ մտածողության տեր հայորդիներ, ինչպես նաև հայրենիքից հեռացած և օտար ափերում հայտնված բազմահազար հայաստանցիներ, որոնք տնտեսական ապահովություն գտնելու նպատակով են միայն այստեղ և անհամբեր սպասում են հայրենիք վերադառնալու բարի օրվան:
ՀԱՍՄԻԿ ԳՈՒԼՅԱՆ ատենադպիր
ԳՐԻԳՈՐ ՍԱԼԲԱՇՅԱՆ ատենապետ
ԱՎԱԶԱՀԱՆՔԻ ՌԱԶՄԱՊԵՏԵՐԸ
Երեկ մեզ Աբովյանից ահազանգեցին, որ Կոտայքի մարզի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ռոմիկ Մկրտումյանը ՀՀ ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանի անունից մեկ առ մեկ մտնում է աբովյանցիների տները և նրանց պարզապես տեռորի ենթարկելով` պահանջում, որ նրանք բոլորը քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԵՎՍ ՄԻԱՑԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Երեկ պարզ դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության երկու փոխնախարար` գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանն ու հայոց բանակի հատուկ գնդի հրամանատար, գեներալ Գագիկ Մելքոնյանը միացել են Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած շարժմանը: Թե՛ Մանվել Գրիգորյանը, թե՛ Գագիկ Մելքոնյանը հայտարարել են, որ իրենք պաշտպանելու են ժողովրդի վստահությանը արժանացած թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին: Նրանք միաժամանակ խոստացել են, որ հայոց բանակը չի խառնվելու քաղաքականությանը և ուժ չի գործադրելու ժողովրդի դեմ: Պաշտպանության փոխնախարարները վստահեցրել են, որ իրենք համարվում են ժողովրդի անվտանգության երաշխավորը և այժմ շարունակում են բանակցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանի հետ: Վերջինս արյունահեղությունից խուսափելու համար է դիմել այդ քայլին:
Այնպես որ` համակարգի կազմաքանդման գործընթացը իրականություն է դառնում, և իրավիճակի տերը շարունակում է մնալ ժողովուրդը:
Երեկ երեկոյան պաշտպանության նախարարությունը հերքեց փոխնախարարների մասին այս տեղեկությունը և պատասխանատու հեռուստաընկերություններն էլ անմիջապես ընթերցեցին հերքման տեքստը: Մենք կրկին կապվեցինք «Երկրապահ» կամավորականների միության վարչության հետ, որտեղից մեզ փոխանցեցին, որ հեռուստաընկերությունները սովորության համաձայն ստում են` ավելացնելով, որ այն, ինչ հայտարարվել է հանրահավաքի ընթացքում, համապատասխանում է իրականությանը. Մանվել Գրիգորյանն ու Գագիկ Մելքոնյանը միացել են համաժողովրդական շարժմանը:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԻ ՊԱՀԱՆՋԸ ԿԱՏԱՐՎԵՑ
Երեկ Ազատության հրապարակում ընդդիմությունը ներկայացրեց Երևանի 9/31 տեղամասում ձայների վերահաշվարկի արդյունքում ստացված պատկերը, ըստ որի բոլոր թեկնածուների քվեների հաշվին Սերժ Սարգսյանի քվեները կրկնապատկվել էին:
Եվ ահա իշխանությունները դրանից հետո ստիպված եղան արձագանքել դրան: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: Հանձնաժողովի նախագահ Էդ. Աղաջանյանը ձերբակալվել է:
ՎԵՐԻՑ ՎԱՐ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ
Չնայած Հայաստանում վերջին տարիներին իրականացված ընտրական և սահմանադրական փոփոխություններին, երկրի քաղաքական համակարգը մնում է կարծրացած և փակ, ինչի պատճառը կոռուպցիան և քաղաքական հովանավորչությունն է: Նման կարծիք է հայտնել գերմանական «Բերթելսման» հիմնադրամը 2008 թվականի իր զեկույցում: Այդ փաստը, ըստ հեղինակավոր վերլուծական կենտրոնի զեկույցի, լրջորեն խոչընդոտում է երկրի ժողովրդավարական բարեփոխումներին, տեղեկացրել է «Ազատություն» ռ/կ-ն:
Հիմնադրամը ուսումնասիրել և գնահատել է ժողովրդավարության, շուկայական տնտեսության զարգացման և քաղաքական կառավարման մակարդակը 125 զարգացող երկրներում` վերջին երկու տարիների կտրվածքով: Ժողովրդավարության ցուցիչի 10-բալանոց համակարգով Հայաստանը 6 միավորով 65-րդ տեղում է:
«Հայաստանում անցկացվող ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդները սովորաբար ընտրախախտումների, ընտրողների ահաբեկման փաստեր և ձայների հաշվարկի ժամանակ ի հայտ եկող խնդիրներ են արձանագրում: Ընտրողների անտարբերությունը ձևավորել է պետական կառուցվածքի նկատմամբ անվստահության մթնոլորտ: Իսկ այս համատեքստում դժվար է խթանել ժողովրդավարական բարեփոխումների համար անհրաժեշտ հանրային աջակցությունը»,- ասված է «Բերթելսման» հիմնադրամի զեկույցում:
Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգը «Բերթելսման» հիմնադրամը բնութագրել է որպես «բյուրոկրատացված». «Կոռուպցիան մնում է այդ համակարգի հիմնական խնդիրը: Այն բյուրոկրատացված է և, որպես կանոն, հաճախ գործում է ընդգծված շեղումներով ու անարդյունավետ»:
Ինչ վերաբերում է Հայաստանի դատական համակարգին, ապա գերմանացի փորձագետներն արձանագրել են. «Բազմաթիվ են դեպքերը, երբ դատական գործընթացը կախված է քաղաքական և ֆինանսական միջամտությունից»:
Լրատվամիջոցների վերաբերյալ զեկույցն արձանագրում է, որ դրանք մեծավ մասամբ վերահսկվում են պետության կողմից. «Որպես քաղաքացիական հիմնարար ազատություններից նկատելի շեղման արտացոլում` հայաստանյան լրատվամիջոցները վերահսկվել են պետության կողմից և ենթարկվել ճնշումների»:
«Թեև մամուլի և խոսքի ազատությունը երաշխավորված է, սակայն պետությունը բացահայտ մենաշնորհ ունի հեռարձակվող լրատվամիջոցների նկատմամբ, - արձանագրում են փորձագետները` ընդգծելով. - Որպես լրատվամիջոցների վրա պետական ազդեցության հիմնական ռազմավարություն որդեգրվել են տնտեսական ճնշումները և պետական արտոնագրերի տրամադրման նկատմամբ վերահսկողությունը»:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Դերասան Երվանդ Մանարյանը շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին և անսպասելի արեց այս հայտարարությունը. «Ես նրանց շնորհակալություն եմ հայտնում` այս վիճակը տեսնելու համար, այս հիանալի վիճակի համար, որ ես կարող եմ նայել բոլորին և մտածել` ինչ հիանալի երիտասարդություն ունենք: Սա ազգի, ոգու տեսլականն է: Ես համոզված եմ, որ մեր ժողովուրդը այլևս այս վիճակի առաջ չի կանգնելու»: Իր ելույթը Երվանդ Մանարյանը ավարտեց արտասանելով, ինչպես տարիներ առաջ հայտնի ֆիլմի դրվագում.«Պուստ, չտոբի ռոզա ցվելա, պուստ, չտոբի ֆիալկա ցվելա դլյա էտոյ լյուբվի...»:
ՄԵՆՔ ՍԵՐԺԻԿ ՉԵՆՔ
Երբ երեկ, երեկոյան 21.30-ին, Ազատության հրապարակում սկսված նստացույցի ժամանակ վերստին հարթակ բարձրացավ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Լևոն, Լևոն, հաղթանակ, հաղթանակ» վանկարկումներին հաջորդեց «Սերժիկ, հեռացիր» վանկարկումը: Տեր-Պետրոսյանը մոտեցավ բարձրախոսին և կատակեց. «Ես Սերժիկը չեմ»:
Ի դեպ, երեկ Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կոչով հանրահավաքի մասնակիցները հավաքում էին գետնին թափված աղբը, լցնում տոպրակները և դրանք դասավորում մի անկյունում: Կենտրոն համայնքի թաղապետարանն ազատվեց այս մի հոգսից:
Ազատության հրապարակը հայտարարվել է նաև սթափության գոտի: Կազմակերպիչները պարբերաբար հայտարարում են, որ ալկոհոլ օգտագործած մարդիկ չմնան հրապարակում:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՉԵՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ
Իշխանամետ քարոզչամեքենան անընդհատ նշում է, թե Սերժ Սարգսյանին շնորհավորական հեռագրեր են հղել Ֆրանսիայի, Ռուսաստանի և Վրաստանի ղեկավարները: Մինչդեռ Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարության պաշտոնական կայքերում մենք այդպես էլ չենք գտնում այդ շնորհավորական հեռագրերի տեքստերը:
«Չորրորդ իշխանություն», 22 փետրվարի, 2008թ., 16 փետրվարի, 2008թ., 15 փետրվարի, 2008թ.