Արցախում, ըստ ամենայնի, մոտ ապագայում տեղի կունենա իշխանափոխություն, և Արայիկ Հարությունյանին կփոխարինի Վիտալի Բալասանյանը: Երեկ, իր հայտնի ուղերձի խմբագրմամբ, Հարությունյանն ինքը դա խոստովանեց: Այսինքն, Արայիկ Հարությունյանն ընդունել է իրեն ներկայացված վերջնագիրն ու իշխանությունը սկուտեղի վրա կմատուցի հայտնի ուժերին:
Նիկոլ Փաշինյանը վերջին մի ամսվա ընթացքում հաճախ է սիրում հարցնել, թե որն է իր մեղքը և սովորաբար ինքն էլ պատասխանում է, որ ոչ մի մեղք էլ չունի:
Փաշինյանի մեղքի կոնկրետ օրինակ է այն, որ նա ամեն գնով պաշտպանեց Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, ինչպես նաև աչք փակեց ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման, ընտրակաշառք բաժանելու և կորոնավիրուսի պայմաններում ընտրություններ կազմակերպելու վրա: Եվ Արցախը ստացավ մի նախագահ, որը հազար ու մի թելերով կապված էր նախկինների հետ, սակայն Փաշինյանին հավաստիացրել էր, թե հիմա իր հետ է։
Այժմ էլ, Հայաստանում արտահերթ ընտրությունները հետաձգելով, Փաշինյանը ստեղծում է նույն իրավիճակը, որն առկա է Արցախում։ Իրավիճակ, որն սպառնում է ստեղծել նախապայմաններ, որոնց պատճառով Փաշինյանը ստիպված կլինի հանձնել իշխանությունը Վիտալի Բալասանյանի նման մեկին:
Փաշինյանը գրեթե ամեն օր պնդում է, որ հրաժարական չտալով պահում է ժողովրդի քվեն, նրա ընտրելու իրավունքը և այլն: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է: Ամեն օր հետաձգելով արտահերթ ընտրությունները, Փաշինյանը ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ ժողովրդի կողմից իշխանություն ընտրելու պրակտիկան անվերադարձ վերանա Հայաստանից: Փաշինյանը չի ընկալում, որ օր օրի վարկաբեկվում է ժողովրդավարությունը, և առաջին պլան է գալիս ենթադրյալ անվտանգությունը: Մինչդեռ, Ադրբեջանը չի դադարեցնելու սադրանքները, խաղաղապահներն ավելի մեծ եռանդով չեն կատարելու իրենց պարտականությունները, իսկ 17-ի ուժերը շարունակելու են ավելի ինտենսիվորեն շահարկել առկա իրողությունները: Եվ գալու է մի պահ, որ հասարակ ժողովուրդը, արդեն առանց էլիտաների մասնակցության, դուրս գա փողոց և անվտանգությունը գերադասի ժողովրդավարությունից:
Պատմությունը գիտի հազարավոր այդպիսի դեպքեր, երբ ժողովրդավարությունից տեղի է ունեցել անցում բռնատիրական համակարգի, քանզի ընտրված ղեկավարներն անընդունակ են եղել ապահովել հասարակ ժողովրդի անվտանգությունը: Սա նորություն չի լինի, և, թերևս, Մարիա Կարապետյանից բացի աշխարհում ոչ ոք չի զարմանա:
Եթե Փաշինյանն իսկապես ցանկանում է պահպանել ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելու պրակտիկան, օր առաջ, առանց երկրում տիրող բարոյահոգեբանական վիճակին հղումներ կատարելու, պետք է ազդարարի արտահերթ ընտրությունների օրը: Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի դրանց ելքը․ ինքը կմնա իշխանության, թե կդառնա ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը, այդ ընտրությունները կլինեն շատ ավելի արժանահավատ, քան այն ընտրությունները, որ կկազմակերպեն 17-ի ուժերը մի տարի հետո:
Այդ մի տարին, որի մասին խոսում են ընդդիմադիրները, նրանց անհրաժեշտ է Հայաստանում առկա ժողովրդավարական կառույցները վերացնելու համար, որպեսզի ոչ ոք չխանգարի ընտրակեղծիքների ինստիտուտի անխափան գործունեությանը: Այդ ընթացքում նրանք կփակեն բոլոր այն կառույցները, որոնք ի վիճակի են գրանցել ընտրակեղծիքներ, կծեծեն և կահաբեկեն մի քանի քաղաքացիական ակտիվիստի, դրանից հետո ընտրություններ կեղծելը կդառնա խաղ ու պար:
Փաշինյանը, ամեն օր մնալով իշխանության, նպաստում է, որպեսզի հայկական ժողովրդավարությունը մոտ ապագայում անվերադարձ հեռանա: Մի երկու ամիս իշխանության մնալ, ահա այն գինը, որ վճարելու ենք Արցախի սցենարի կրկնման համար:
Արիս Վաղարշակյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 40, 2020