...

Հաղթելու է ապատիան

Հաղթելու է ապատիան

Որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի՝ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին գործող իշխանության համար խնդիր է լինելու ոչ թե ընդդիմությունը, այլ 2018 թվականի էլեկտորատը, իսկ ավելի կոնկրետ՝ մարդկանց այն խումբը, որը դարձավ հեղափոխության շարժիչ ուժը:

Նրանք ամենից առարկայական և բովանդակային քննադատությունն են հնչեցնելու իշխանությունների հասցեին: Ամենևին պատահական չէ, որ օրեր առաջ, իշխանության մի խումբ ներկայացուցիչներ հայտարարում էին, թե ընտրություններին գնալու են գործող Ընտրական օրենսգրքով, սակայն տեսնելով քննադատությունը, փոխեցին որոշումը և խոստացան վերացնել ռեյտինգային համակարգը: Մինչդեռ, արմատական ընդդիմությունը չի քննադատում վարկանիշային համակարգը:

Իհարկե, եթե ընտրությունները տեղի ունենան: Ինչու՝ եթե: Շատ պարզ պատճառով, Փաշինյանի դեպքում երբեք չի կարելի որևէ բան վստահ պնդել: Ժողովրդական խոսքով ասած՝ նրա պարանին լվացք փռել չի կարելի: Ինչպես Սու-երի և «Իսկանդերի» դեպքում, այնպես էլ հիմա չի բացառվում, որ պարզվի՝ իրեն սխալ են զեկուցել և ընտրությունների գնալու համար քաղաքական, օրենսդրական, տնտեսական կամ մեկ այլ անհրաժեշտ նախապայման չկա:

Ինչպես արդեն վերևում նշեցինք, իշխանության գլխավոր մրցակիցը լինելու է ոչ թե 17-ի շարժումը կամ ինչպես ընդունված է ասել՝ արմատական ընդդիմությունը, այլ հանրության այն հատվածը, որը երեք տարի առաջ հեղափոխություն արեց, բայց այսօր իշխանության հետ արմատական հակասություններ ունի: Այդ հակասությունները առաջացել են մի կողմից՝ քաղաքական բարեփոխումներ չանցկացնելու, մյուս կողմից՝ ձախողված արտաքին քաղաքականություն իրականացնելու պատճառով: Եթե հանրության այդ հատվածը չտեսնի այլընտրանքային կարող ուժ, ապա վերջնականապես կընկնի ապատիայի մեջ և կբոյկոտի ընտրությունները:

Որքան էլ իշխանությունը և ընդդիմությունը փորձեն իջեցնել ընտրություններում քաղաքական խոսքի բովանդակության չափաբաժինը, կա հանրության մի ստվար շերտ, որը հասկանում և կարևորում է հենց այդ բաղադրիչը: Կարևորում է, թե ով ինչ է ասում, ինչ է խոստանում, ինչպես է պատրաստվում խոստումը կատարել և ինչպիսի գործունեություն է ծավալել նախկինում տված խոստումները իրականացնելու համար: Շատերն են հոգնել, որ Փաշինյանը սկսում է պատմել իր երազներից կամ Քոչարյանը ու Սարգսյանը համոզում են, որ Էրդողանն ու Ալիևը կվախենային իրենց հայացքներից և պատերազմ չէին սկսի:

Արմատական ընդդիմությունը վիճարկելու է ձայների 25-30 տոկոսը, որը մեծ հաշվով նախկինում էլ էր իրենցը: 2018 թվականին ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն միասին 17 տոկոսից ավել ձայն են հավաքել: Հիմա ընդդիմադիր ընտրազանգվածը մի փոքր աճել է, բայց չի անցնում 30 տոկոսի սահմանագիծը: Այդ տոկոսների բաշխման մեջ մեծ դերակատարում է ունենալու ՀՀԿ-ի մասնակցության գործոնը: Եթե Սերժ Սարգսյանը որոշի մասնակցել ընտրություններին, ապա դա առաջին հերթին մեծ հարված կլինի Քոչարյանին, որովհետև երկուսն էլ պայքարելու են նույն դաշտում՝ փորձելով ներգրավել նույն մարդկանց: ՀՀԿ-ի մասնակցության և ԲՀԿ-ի ակտիվ քարոզարշավի դեպքում անգամ խնդիրներ են առաջանալու Քոչարյանի 5 տոկոսի շեմը հաղթահարելու առումով:

Եթե ոչինչ չփոխվի, ասպարեզում չհայտնվեն իսկապես կարող քաղաքական ուժեր և գործիչներ, ապա առաջիկա ընտրություններում հաղթանակ է տանելու ապատիան: Ընտրություններին մասնակցելու են ամենաքիչ թվով ընտրողներ, քանի որ հանրությունը մի կողմից՝ տեսնում է ռևանշի ձգտող ուժերի, մյուս կողմից՝ խոստումները չիրականացրած, իշխանությունը օգտագործելու անկարող, անընդհատ տատանվող և որոշումները փոխող ուժի, որը մի անգամ քննությունից կտրված ուսանողի նման փորձում է վերահանձնել այն՝ պարապած չլինելով, սակայն հույսը դնելով նորին մեծություն հաջողության վրա:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 12, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ