...

Եվրոպան պետք է հստակ արտահայտվի

Եվրոպան պետք է հստակ արտահայտվի

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը բավարար պայման չէ շտկելու այն վիճակը, որն ստեղծվել է Հայաստանում: Հայաստանը լրջորեն հիվանդ է, և ընտրությունները կարող են ցավազրկող հաբի դեր ստանձնել, սակայն երբեք չեն կարող բուժել հիվանդությունը: Այսինքն՝ կարող ենք ունենալ շատ կարճաժամկետ արդյունք, միաժամանակ կորցնելով պահը և էլ ավելի խորացնելով հիվանդությունը:

Բացի արտաքին քաղաքական չափազանց վտանգավոր իրավիճակը, ունենք նաև իրար հետ թշնամացած, իրար չվստահող հասարակություն: Անգամ շատ ընտանիքներում է նման պատկերը: Կան ընտանիքներ, որտեղ ամուսինները, ծնողները և նրանց չափահաս երեխաներն են իրար հետ շատ սուր վիճաբանում քաղաքական հայացքների պատճառով:

Փաստացի, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն գոհացնելու հասարակության մի ստվար հատվածին, հնարավոր է ուղիղ կեսին: Ժողովրդավարության պայմաններում դժգոհ 49 տոկոսը պետք է համակերպվի հաղթող 51 տոկոսի կամարտահայտությանը: Բայց Հայաստանում իրավիճակը այլ է, քանզի չկա փոխադարձ վստահություն: Չկա փոխադարձ վստահություն, որ թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը չեն գնա մեծ ու փոքր ընտրակեղծիքների:

Իշխանության դեպքում կա երկու կասկած: Մեկը գալիս է 2018 թվականից, մյուսը առաջացավ 3 շաբաթ առաջ: 2018 թվականին, իշխանությունը չկարողացավ ստանալ նախկին խորհրդարանի անհրաժեշտ մեկ ձայնը, որպեսզի փոփոխի Ընտրական օրենսգիրքը: Դա այն նույն իշխանությունն էր, որ կարողացավ ստիպել նույն խորհրդարանին, ըստ էության գնալ ինքնալուծարման: Այդ ժամանակ էլ կասկածներ առաջացան իշխանության իրական դրդապատճառների վերաբերյալ, բայց 3 տարի օրենսգիրքը չփոփոխելը վկայում է, որ 2018 թվականին տեղի ունեցածն ամենևին էլ պատահականություն չէր: Այն ժամանակ իշխանությունները բացատրում էին, որ խորհրդարանի նախկին կազմը չքվեարկեց տխրահռչակ վարկանիշային համակարգը վերացնելու օգտին, որպեսզի իրեն հավատարիմ օլիգարխները և թաղային հեղինակությունները ձայներ բերեն: Բայց չգիտես ինչու, այդ օդիոզ օլիգարխները մաս չկազմեցին հանրապետականի ցուցակին, չմասնակցեցին ընտրություններին: Եվ հակառակ դրան, ինչպես պնդում են չար լեզուները, աշխատեցին ձայներ բերել «Իմ Քայլի» անհայտ տղաների ու աղջիկների համար:

Երկրորդ կասկածը առաջացավ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ: Ավտոբուսներով բերված ժողովուրդը չի կարող կասկածներ չառաջացնել վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ: Աջակցության ցուցադրման տեսարանը իշխանության համար ավելի կարևոր թվաց, քան հավատարմությունը այն խոստմանը, թե այս իշխանությունը որևէ պարագայում չի գնա ընտրակեղծիքների: Հիմա ձու գողանալուց հետո, շատ դժվար է համոզել, որ մեծ անհրաժեշտության դեպքում չեն գնա ձի գողանալու ճանապարհով: Սա կա՛մ իշխանության հերթական սխալ հաշվարկն էր, կա՛մ էլ իրական մտադրությունների պարտադրված բացահայտում:

Ընդդիմության դեպքում ընտրակեղծիքների մասին խոսելն ավելորդ է՝ հաշվի առնելով Քոչարյանի և Սարգսյանի փառապանծ հետագիծը այդ առումով:

Ստեղծված իրավիճակում իր լրջագույն մասնակցությունը պետք է բերի Եվրոպան՝ իր հստակ դիրքորոշումներով և մեծաթիվ ու ներկայացուցչական դիտորդական խմբերով: Հայաստանյան քաղաքական ուժերին պետք է հստակ մեսիջ ուղարկվի, որ թույլ չեն տա վարչական ռեսուրսի կիրառում, ընտրակաշառք և նմանատիպ այլ դրսևորումներ: Պետք է հստակ բացատրեն, որ այդ միջոցներից օգտվելու ճանապարհով իշխանության գալու դեպքում, արժանանալու են միանշանակ կոշտ արձագանքի և, ըստ էության, չեն ճանաչվելու միջազգային հանրության կողմից: Գոնե մի անգամ իսկապես օգնեն հայ ժողովրդին նորմալ և կասկածներ չառաջացնող ընտրություններ կազմակերպել:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 11, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   999 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ