...

Քոչարյանի հայտարարությունն ընդամենը մարտավարական հնարք է

Քոչարյանի հայտարարությունն ընդամենը մարտավարական հնարք է

ՍԻՐՏԸ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ Ա ՈՒԶՈՒՄ

Իշխանությունների կողմնակիցների մոտ մեծ խանդավառություն է նկատվում: 17-ի շարժումը կազմաքանդվում է, իսկ Վազգեն Մանուկյանը ավելի շատ կարեկցանք է առաջացնում, քան ընդդիմության վճռական առաջնորդի տպավորություն թողնում:

Մինչ ընդդիմության ամենատարբեր տրամաչափի ներկայացուցիչներից սկսած և ավարտած Քոչարյանի որդի Լևոնով փորձում են հասարակությանը համոզել, թե պատերազմի ժամանակ չեն զբաղվել քայքայիչ գործունեությամբ և փոխարենը փորձել են օգնել իշխանություններին, Մանուկյանը խոստովանում է, թե ինչպես է փորձել քանդել ռազմաճակատը: Խղճահարության զգացումն ամեն անգամ ավելի է խորանում, երբ Մանուկյանը վճռական գործողությունների կոչ է անում: Բոլորը տեսնում են, որ մարդն ամբողջովին կտրված է իրականությունից, չունի հանրային աջակցություն և փողոց դուրս գալու միակ պատճառը տանեցիների համառությունն է: Նրանք հույս ունեն, որ ծերունին, գտնվելով փողոցում, ամեն դեպքում մի կտոր հացի փող կվաստակի:

Սակայն սա ամենևին չի նշանակում, որ այդ ուժերը համակերպվել են իրականության հետ և չեն ձգտելու ռևանշի: Պետք է գիտակցել, որ ներկայիս ընդդիմության և նախորդ տասնամյակների ընդդիմությունների բնությունը հիմնովին տարբերվում է: Նախորդ տասնամյակներում էլ է ընդդիմությունը ձգտել վերցնել իշխանությունը, սակայն դա նրա համար չի եղել կենաց-մահու պայքար, պարտվելու դեպքում չի կորցրել ամեն ինչ: Այլ է ներկայիս ընդդիմության վիճակը: Նախ, այսօրվա ընդդիմությունը ունի տասնյակ անգամ ավելի շատ ֆինանսական, մեդիա և ադմինիստրատիվ ռեսուրս, քան նախորդ բոլոր ընդդիմությունները միասին վերցրած: Սա մի ընդդիմություն է, որ վայելում է դատական ամբողջ համակարգի աջակցությունը և կարող է մարդկանց ստիպելով տանել հանրահավաքի կամ ընտրատեղամաս:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից ակնհայտ է՝ ինքն էլ է համոզվել, որ «Վազգեն Մանուկյան» օպերացիան ձախողվել է: Սակայն դա չի նշանակում, որ նա համակերպվել է և չի շարունակելու պայքարը: Ռոբերտ Քոչարյանը փորձելու է համոզել ընդդիմության մյուս լիդերներին, որ դիմակները դեն նետելու ժամանակն է, և միայն ինքը կարող է կոնսոլիդացնել ընդդիմադիր դաշտը: Նա բացատրելու է, որ, այո՛, ինձ մերժողները շատ են, բայց ի տարբերություն Մանուկյանի ու մյուս ընդդիմադիր լիդերների՝ հանրության մոտ ծիծաղ, կարեկցանք չեմ առաջացնում կամ անօգնական վիճակում գտնվողի տպավորություն չեմ թողնում:

Քոչարյանի հայտարարությունը, թե կմասնակցենք ընտրություններին և կկրենք, նույնպես չպետք է շատ ոգևորի իշխանություններին: Քոչարյանը երբեք աչքի չի ընկել կառուցողական վարքագծով և չի պայքարելու խորհրդարանում մի քանի մանդատ ստանալու համար:

Քոչարյանը երբեք չի «կրել» ընտրություններով: Այնքան միամիտ չէ, որ դա փորձի անել հիմա: Այսպիսի դիրքավորումը ամենայն հավանականությամբ այլ հեռահար նպատակ ունի: Նախապատրաստել և իրականացնել հեղաշրջում, բայց հետո ասել, թե ինքը կապ չունի դրա հետ, ինքը պատրաստվում էր ընտրությունների միջոցով «կրել»: Եվ որպես ապացույց կբերվի այդ հարցազրույցը, թե ինքը ընդդիմության լիդերներից առաջինն էր, որ հայտարարեց արտահերթ ընտրություններին մասնակցելու իր պատրաստակամության մասին:

Եթե իշխանությունը վերջնականապես չի կորցրել իրականության զգացումը, եթե պատերազմի օրինակով մտադրված չէ ներքաղաքական կյանքում բեկում մտցնել առանց ընտրությունների, ապա օր առաջ պետք է գնա խորհրդարանի լուծարմանը և ընտրությունների կազմակերպմանը: Ժամանակի անհարկի ձգձգումը, մեկնարկային ավելի լավ պայմանների ձգտելը ոչ մի լավ բան չի խոստանում իշխանությունների համար: Հակառակը՝ մոտեցնում է անխուսափելի աղետը:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 4, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1510 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ