Իրականում ընտրելը հեշտ բան չէ:
Ընտրությունը պատասխանատվություն է, որոշում ընդունելու պարտականություն: Պատասխանատվությունը հասունություն և բանականություն է պահանջում: Օրինակ՝ դուք ժառանգություն եք ստացել մի տուն, որ այնքան էլ լավ վիճակում չէ: Դուք պետք է այդ տանն ապրեք: Ի՞նչ եք անելու: Ճիշտ է, վերանորոգելու եք: Բայց դուք պատշար չեք, խողովակագործ չեք, ոչինչ չեք հասկանում էլեկտրականությունից, մի խոսքով՝ տունն ինքնուրույն վերանորոգել չեք կարող: Ի՞նչ եք անում: Ճիշտ է, մասնագետների եք վարձում, նախապես ընտրում եք նրանց: Ընտրության չափանիշն էլ գործիմացությունն է: Վատ վարպետի ձեր տունը չեք վստահի: Ինչո՞ւ: Որովհետև ապրելու եք այդ տանը: Իսկ ի՞նչ կանեք, եթե վարպետը ձեզ խաբի, ծույլ և անգրագետ լինի: Ճիշտ է, արագորեն կազատվեք նրանից և այլևս երբեք թույլ չեք տա, որ հայտնվի ձեր տեսադաշտում: Ավելին, ընկեր-բարեկամներին էլ կզգուշացնեք, որ տվյալ խաբեբայի հետ գործ չունենան: Եվ ճիշտ կանեք: Ուրեմն եթե մեր տունը պետք է վերանորոգենք, պետք է ընտրենք այնպիսի վարպետների, որոնք հաստատ մեզանից բանիմաց են այդ գործում:
Նույնն է նաև պետությունը: Եվ քանի դեռ մեզ հնարավորություն է ընձեռված իշխանություն, այսինքն պետության կառավարիչներ ընտրելու, պետք է առաջնորդվենք մոտավորապես նույն չափանիշներով, պետք է բացառենք խաբեբաների մուտքը մեր տուն, որքան էլ գունավոր երազներ նրանք խոստանան:
Ժողովրդավարության մեր ընկալումը, սակայն, բնավ չի վկայում, որ հասուն ենք և պատասխանատու: Ինչո՞ւ:
Որովհետև.
ա. մինչ օրս դատում ենք այն պատանյակ, աղջնակների նման, որոնք կարոտ են սիրո խոստովանությունների, չեն տարբերում սուտ խոստումներն իրականությունից.
բ. վախենում ենք ինքներս մեր և մեր երկրի մասին ճշմարտությունը լսելուց անգամ.
գ. սթափ գնահատականներից գազազում ենք՝ մեղադրելով գնահատողին.
դ. մեր ինքնագնահատականը կա՛մ չափազանց բարձր է, կա՛մ ցածր, այդ պատճառով էլ մեր հնարավորությունների սահմանը ճիշտ չենք որոշում.
ե. մեղավորներ ենք փնտրում մեզանից դուրս:
Մի խոսքով՝ վախենում ենք իրականությունը տեսնելուց և ընդունելուց:
Ընտրելու հասունության մեր իրական փորձությունը ոչ թե 2018-ին էր, այլ 2017-ին: 2018-ին ոչ թե ընտրություն էր, այլ հեղափոխական ոգևորությամբ պայմանավորված քվեարկություն: Ի դեպ, հիշենք, որ ընտրության իրավունք ունեցողների կեսից ավելին չի քվեարկել: Իսկ քվեարկողներս մեր տունը վստահեցինք անփորձ և, ինչպես կյանքը ցույց տվեց, անգործունակ ոչ մասնագետների, որոնք 2 տարուց ավելի զբաղվեցին ամբոխահաճ քարոզով և երկիրը հասցրին պատերազմի: Այսինքն՝ տհաս, խաբեբա մարդիկ, որպեսզի դավաճան չհամարվեն, զոհաբերեցին հազարավոր երիտասարդների, հարվածի տակ դրեցին Հայաստանի և Արցախի գոյությունը: Եվ սա բանականությունն անջատելու արդյունք է նաև:
Իսկ 2017-ին մենք իսկապես ընտրելու հնարավորություն ունեինք: Մեզ առաջարկվում էր խաղաղության հասնելու, երկիրը զարգացնելու իրատեսական ծրագիր: Հիշո՞ւմ եք ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի գաղափարները: Սա միակ ուժն էր, որ նայում էր ճշմարտության երեսին, որ չէր կորցրել իրականության զգացումը, որ անտեսելով սեփական վարկանիշը՝ հերոս չէր ձևանում, որ խոսում էր ամենակարևորի մասին: Ի՞նչ արեցինք: Ոչինչ: Կույր և խուլ ձևացանք, փողով կամ առանց դրա ընտրեցինք պատերազմը: Այսինքն՝ խաղաղությունը, երկրի անվտանգությունը, մեր զավակների կյանքը ստացան 1,5 տոկոս ձայն:Եվ մի՛ մեղադրեք ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ էլ անմահ հերոս Տիգրան Մուկուչյանին: Դա մե՛ր ընտրությունն էր:
Արդեն պարզ երևում է, որ սկսվել է նախընտրական պայքարը: Այս անգամ էլ են մեզ գունավոր խոստումներ տալու: Եվ ոչ միայն մեզ, որովհետև կորցրել ենք մեր ինքնիշխանությունը: Նախընտրական այս անգամվա մրցավազքում հայոց պետության շահը երկրորդական է, գրեթե չկա: Թե՛ Ն. Փաշինյանը, թե՛ նրա «ընդդիմությունը» մի հարցում միասնական են. անթաքույց քծնում են մայր Ռուսիային: Իսկ մեզ խոստանալու են և՛ երջանկություն, և՛ հողերի վերադարձ, և՛ աննախադեպ տնտեսական աճ, և՛ ... Սրանք մեզ ճշմարտությունը չեն ասելու: Այն չափազանց դառն է նախընտրական քարոզարշավի համար:
Իսկ մենք գոնե այս անգամ պետք է ուշադիր, հասուն և բանական լինենք, որովհետև մեր տունն անպետք և անփորձ վարպետների չենք կարող վստահել:
Գրիգոր Խաչիկյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2021