...

Ինչո՞ւ է զոհաբերվել դիվանագիտությունը

Ինչո՞ւ է զոհաբերվել դիվանագիտությունը

«Ռետրո» խորագրով ներկայացնում ենք «Չորրորդ իշխանություն» թերթում հրապարակված նյութեր, որոնք, թեև 20-ամյա վաղեմության, չեն կորցրել իրենց հրատապությունը։ Ներկայացվող հոդվածը թույլ է տալիս զուգահեռներ անցկացնել օրվա իշխանությունների վարած բանակաքանդման քաղաքականության արմատներին։

ՏՐԱՆԶԻՏ

Ադրբեջանը մեզ «լավություն» արեց: Ադրբեջանը հրապարակեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման երեք նախկին առաջարկները, որոնցից երկուսը՝ փուլայինն ու փաթեթայինը 1998-ի իշխանափոխության առիթը դարձան:

Ինչո՞վ լավություն արեց: Սրանով. մենք տեսանք, թե իրականում ինչ էին նշանակում այդ փաստաթղթերը, ինչի դեմ էին պայքարում քոչարյանականները և ինչն էին թմբկահարում: Ընդ որում` վերջապես գտնվեց մեկը, որ չծուլացավ հասարակությանը ներկայացնել այս առաջարկների համեմատական վերլուծությունը: Ես նկատի ունեմ Լ. Զուրաբյանի «Զոհաբերված դիվանագիտություն» համապարփակ հոդվածը («Առավոտ», 31.03.2001թ.): Նպատակ չունենալով վերաշարադրել սույն ուսումնասիրությունը, ուզում եմ խոսել զոհաբերված դիվանագիտության պատճառների և դրա գնի մասին:

Պատճառներն այժմ ակնհայտ են. Քոչարյանի համար՝

ա) իշխանության անօրինական զավթում,
բ) սեփական թիմի բարգավաճում,

ազգայինների համար՝

ա) իրական խաղաղության պայմաններում հին ձևով ապրելու անհնարինության գիտակցում,
բ) նորմալ տնտեսության պայմաններում՝ սեփական «դերի» կտրուկ անկում.

դաշնակցականների համար՝

ա) Հայաստանում իշխանությանն ամբողջապես տիրանալու հեռահար նպատակ.
բ) ազգայնական-տոտալիտար ռեժիմ հաստատելու ճանապարհով՝ կուսակցական տնտեսական շահերը հոգալու հնարավորություն.

նախկին ընդդիմության (ԱԺՄ, ՍԻՄ, ԱԻՄ և այլք) համար՝

ա) Լևոն Տեր-Պետրոսյանից ազատվելու վաղեմի մարմաջ և պետության կառավարման լծակներին տիրանալու հույս.
բ) անլիարժեքության բարդույթ: Շարունակե՞մ... Կարիք, կարծում եմ, չկա:

Իսկ գինն առայժմ հետևյալն է. Ղարաբաղի անվտանգության երաշխիքների թուլացում և առևտուր Հայաստանի տարածքներով:

Այս տեսակետն ապացուցելու համար անդրադառնանք 1997-ի փաթեթային և 1998-ի «Ընդհանուր պետություն» տարբերակների՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ուժերին վերաբերվող կետերին:

1997-ի փաթեթային տարբերակում կարդում ենք.

  • «Լեռնային Ղարաբաղը կունենա Ազգային գվարդիա և ոստիկանական ուժեր: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներն իրավունք կունենան անցնել ծառայությունը Լեռնային Ղարաբաղում»:

Բացատրենք. Լեռնային Ղարաբաղն ըստ այս տարբերակի իրավունք ուներ ստեղծել զինված ուժեր՝ համընդհանուր զինապարտության հիման վրա: Լեռնային Ղարաբաղին էր վերապահված իր տարածքում իր օրենքով զորահավաք անցկացնելու իրավունքը: Ղարաբաղցիներն ազատվելու էին ադրբեջանական բանակում ծառայելու պարտականությունից: Ավելին՝ նույն փաթեթայինի 13-րդ կետում նշված է. «Ադրբեջանի բանակը, անվտանգության ուժերը և ոստիկանությունն իրավունք չեն ունենա մտնել Լեռնային Ղարաբաղի տարածք՝ առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների թույլտվության»:

Հասկացա՞ք. Լեռնային Ղարաբաղն ունենալու էր սեփական բանակ, իսկ Ադրբեջանն իրավունք չէր ունենալու Արցախի սահմաններից ներս զինված ուժեր մտցնելու:

Իսկ հիմա նույն հարցի մասին «Ընդհանուր պետություն» կոչվածում. «Լեռնային Ղարաբաղը կունենա Ազգային գվարդիա (անվտանգության ուժեր) և ոստիկանական ուժեր, որոնք կկազմավորվեն կամավորության սկզբունքով»: Շեշտենք՝ կամավորության: Լեռնային Ղարաբաղն «Ընդհանուր պետության» սահմաններում զրկվում էր զինապարտության մասին օրենք ունենալու հնարավորությունից, հետևաբար չէր կարող կազմավորել կանոնավոր բանակ: Պարզ երևում է, որ այս տարբերակով ղարաբաղցի երիտասարդները ստիպված կլինեին ենթարկվել Ադրբեջանի օրենքին և զորակոչվել ադրբեջանական բանակ: Ի՞նչ կնշանակի Ադրբեջանի զորահավաքը հայ տղաների համար, կարելի է ենթադրել: Մոտավորապես նույնը, ինչ եղել էր Օսմանյան կայսրության բանակում Առաջին աշխարհամարտի օրերին: Սա միայն մեկ կետն է: (Մյուս կետերի մասին մանրամասն գրել է Լ. Զուրաբյանը): Բայց՝ շատ խոսուն: Նույնքան աղաղակող է Հայաստանի տարածքային ամբողջականությունը վտանգող կոմունիկացիաների մասին խոսակցությունը: Ապաշնորհ դիվանագիտությունն է պատճառը, որ այսպես կոչված միջազգային հանրությունը (իրականում՝ գերտերությունները) որոշեց, որ մեր երկրով անցնող տարանցիկ ուղիները պետք է հսկվեն օտար զինուժի կողմից: Սա վտանգավոր նախադեպ է, պետության ինքնիշխանության զգալի կորուստ, որին կարող է հետևել անկախ պետականության անկումը:

Նմանատիպ զոհաբերություն մենք արդեն տեսել ենք՝ 20-րդ դարի սկզբին: Նորից ստիպված եմ հիշեցնել տխրահռչակ Ալեքսանդրապոլը: Եվ նորից երկու կարևորագույն կետ:

Զինված ուժերի մասին. «Հայաստանն իրավունք ունի պահելու զորաբանակ ոչ ավելի, քան 1500 սվին և դրան համապատասխան քանակով սպաներ, նաև անհրաժեշտ քանակությամբ ժանդարմներ:

Երկիրը պաշտպանելու համար կարող են լինել ամրոցներ, որոնք կարող են զինվել միայն պաշտպանողական ծանր թնդանոթներով: Վերացվում է պարտադիր զինվորությունը»:

Ճանապարհների մասին. «Թուրքիան և Հայաստանը փոխադարձաբար օգտվում են ազատ տրանզիտից, ինչպես երկաթուղիներով, այնպես և բոլոր ճանապարհներով»:

Բանակի մասին պարզ է, բանակ չէինք ունենալու, մեր երկրի շահերը պաշտպանելու էր թուրքական բանակը:

Երկրորդը մանրամասնենք. տրանզիտը՝ տարանցիկ ճանապարհներն այն ժամանակ խիստ էին անհրաժեշտ Թուրքիային և Հայաստանով անցնող ուղիները հսկելու «պարտականությունն» այդ երկիրը վերցնում էր իր վրա:

Հայցում եմ ընթերցողիս ներողամտությունն այս չարաբաստիկ պայմանագրին հաճախ անդրադառնալու համար: Սակայն պատմությունն անողոք է, իսկ զուգահեռներն՝ ակնհայտ...

Մեր երկրում զոհաբերվում է ոչ միայն դիվանագիտությունը, այլև դրա միջոցով՝ երկիրն ինքը: Իսկ երկիրը, պետությունը վերացական գաղափարներ չեն. այդ մենք ենք՝ այս երկրում ապրողներս: Այժմ մեր ապագան է դրվում՝ որպես խաղաքարտ՝ ինչ-որ մարդկանց իշխանությունը ամրապնդելու համար:

Ի դեպ Քի Վեսթում ընթացող բանակցությունները դարձյալ գաղտնի են, տեսնենք, թե ո՞վ է գաղտնազերծելու...

Գրիգոր Խաչիկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 179, 10 ապրիլի 2001 թ.  

ՎԱՐԿԱՆԻՇ

   552 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ