...

Հայ ժողովրդի առաջ դրված է պատերազմի վաղվա օրվա հարցը

Հայ ժողովրդի առաջ դրված է պատերազմի վաղվա օրվա հարցը

Արդեն երրորդ շաբաթն է, ինչ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տարբեր ծավալներով շարունակվում են թեժ մարտական գործողությունները՝ ներառելով նաև Հայաստանի տարածքը։ Ավելորդ է հիշեցնելը, որ կա այլևս կոնֆլիկտի երկու կողմ՝ Հայաստան և իր կրտսեր եղբոր շահերի ներկայացուցիչ Թուրքիա։

Պատերազմի առաջին օրերին ՀՀ բարձր ղեկավարության կողմից «համայն քաղաքակիրթ աշխարհին» հղված մարտակոչը՝ միջոցներ ձեռք առնել հայկական երկու պետությունների թիկունքին կանգնելու և ահաբեկչական պատերազմում մեզ հետ դաշնակցելու վերաբերյալ, մնաց անպատասխան։ Մյուս կարևոր ուղերձը՝ սկսել ԼՂ-ի անկախության ճանաչման գործընթաց, աշխարհը՝ Մակրոնից մինչև Մերկել՝ ներառյալ Սպիտակ տունը, կա՛մ չի լսել, կա՛մ էլ ականջի կողքով է անցկացրել՝ հավանաբար իր համար այս պահին շատ ավելի կարևոր ու հրատապ գործեր ունենալու պատճառով՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք, «դեղին ժիլետավորներ», նախագահական ընտրություններ և այլն։ Ուզում եմ սխալված լինել, բայց փաստ է, որ այս պահին «գետնի վրա» ոչ մի գործողություն նշված երկու ուղղություններով տեղի չի ունենում։ Ո՛չ Եվրախոհրդարանի պատգամավորների «ամո՛թ քեզ, Թուրքիա»-ն, ո՛չ ՆԱՏՕ-ի ղեկավարության անհանգիստ շարժումները, ոչ էլ անձամբ ֆրաու Մերկելի սառնասիրտ մտահոգությունները արդյունք չեն տալիս՝ չեն կանգնեցնում Կովկասում իր շահերն առաջ տանող, հակամարտության գոտի ցեղասպանության օրակարգ բերած Թուրքիային։ Փաստ է, որ ՌԴ-ի միջամտությամբ կայացված մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունը խախտեց հենց Ադրբեջանը, ինչը ապացուցում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի, տարածաշրջանի և տարածաշրջանն իրենց ազդեցության գոտի համարողների շահերից մեկ բան է բխում՝ վայրկյան առաջ սեղմել «ստոպ» կոճակը՝ կանգնեցնելով պատերազմի մեքենան, ապաև ճշգրտել դիրքավորումներն ու բարենպաստ մթնոլորտ ստեղծել հետագա անելիքները որոշելու համար։ Անհերքելի է, որ պատերազմի ամեն օրը մեծագույն վնաս է հասցնում առաջին հերթին Հայաստանին՝ թե՛ նյութական, թե՛ մարդկային կորուստների առումով։ Հայաստանը յուրաքանչյուր օրվա համար վճարում է հայ զինվորի ու կամավորի արյամբ ու նյութական՝ պաշտպանական ռեսուրսներով, իսկ Ադրբեջանը՝ Սիրիայից բերված վարձկանների՝ «խորթ արյամբ»՝ պահուստում ունենալով ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի սպառազինությունը։ Ուստի, այս պահին, ի դեմս հայ ժողովրդի, ՀՀ իշխանության առաջ դրված է հետևյալ ծանրակշիռ՝ պատերազմի վաղվա օրվա հարցը՝ ի՞նչ անել, ի՞նչ ռազմա-քաղաքական մարտավարություն բանեցնել այս հանգրվանում, որպեսզի ֆեյսբուքյան «հաղթելու ենք» հեշթեգը հնարավոր լինի նյութականացնել և արձանագրել իրականում։ Փաստ է, որ ո՛չ Մակրոնը կարող է իր ֆրանսերենով «վախեցնել» Թուրքիային, ոչ էլ Մերկելն՝ իր գերմաներենով։ Նախ, ոչ միայն այն պատճառով, որ չեն ցանկանում, այլ քանի որ «գեոպոլիտիկայի քարտեզում» Կովկասը շրջանակի մեջ է վերցված որպես Ռուսաստանի ազդեցության գոտի։ Կարելի է ասել, որ քանի դեռ այդ քարտեզն ուժի մեջ է, այլ պետությունների կողմից այստեղ կատարվելիք քայլերը, որքան էլ դրանք լինեն հակաահաբեկչական, խաղաղասիրական փաթեթավորմամբ ու մաքսիմալ պրոհայկական, կարող են դիտարկվել որպես «ինքնիրավչություն»։ Նշանակում է՝ կա՛մ Ռուսաստանը պետք է տեր կանգնի իր ազդեցության գոտուն, կամ էլ ընդունի, որ տիրություն անելն իր ուժերից վեր է ՝ դիրքերը զիջելով այլոց։

Ուժը ուժիդ վնաս չէ

Եվ եթե պատերազմի առաջին օրերին արդարացված էր ՀՀ-ի՝ «մեզ ոչ մի օգնություն հարկավոր չէ» դիրքորոշումը, որն ամեն վայրկյան ապացուցվում էր և է մեր՝ հայի միս ու արյունից կազմված բանակի մարտունակությամբ ու սխրանքներով։ Այսօր էլ այդ ոգին անկոտրում է, սակայն Ադրբեջանը և նրա թիկունքում կանգնած Թուրքիան, պարտադրելով բանակցությունների վերսկսման իրենց օրակարգը, ստիպում են վերանայել որոշ դիրքորոշումներ և կայացնել իրավիճակից թելադրված որոշումներ։

Կա երկու տարբերակ՝ սեփական ուժերով կռվել մինչև վերջին մարդն ու վերջին արկը՝ համակերպվելով Հայաստանն ու Արցախը ավերակների և գերեզմանաքարերի վերածելու հեռանկարի հետ, կամ էլ ցուցաբերել պրագմատիզմ և օգտվելով պահի պատեհությունից, օրինակ, պաշտոնապես դիմել Ռուսաստանին և սկսել աշխատել վերջինիս հետ՝ մաքսիմալ ներդաշնակեցնելով մեր շահերը ռազմավարական դաշնակցի հետ։ (Խաղաղապահներ տեղակայելու տարբերակին, որը պատերազմի սկզբի մի քանի օրերին ՌԴ որոշ շրջանակներ ներմուծեցին հանրային քննարկումների օրակարգ, հայկական կողմը դեմ արտահայտվեց։ Եվ սա շատերն ընկալեցին այսպես՝ ՌԴ-ն ուզում է իրեն դիմեք, քանի որ վերջինիս «փորացավը» խաղաղապահ ուժեր տեղակայելն է։ Այս հարցը կարծեք փակված է)։

Ընդգծենք, որ ՀՀ-ն դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք ՌԴ-ի հետ կնքել է ռազմական համագործակցության պայմանագիր։ Հայաստանը կարող է դիմել և դիմումի հիման վրա, օրինակ, Հայաստանում կարող է ձևավորվել հակաահաբեկչական պայքարի օպերատիվ կենտրոն՝ ռուսական զինվորական մասնագետների ներգրավմամբ, որոնք կարող են ունենալ տեխնիկական հնարավորություններ թուրքական անօդաչուները վնասազերծելու համար։

Արձանագրենք, որ ՌԴ իշխանություններն ուժայինների մակարդակով (Նարիշկին, Շոյգու) հստակ զգուշացրել են Ադրբեջանի նախագահին՝ եթե իրավիճակը այսպես շարունակվի, ապա Ադրբեջանը որպես սուբյեկտ հաշվի չի առնվի։ Այսինքն, պարզ հասկացրել են՝ այն, ինչ տեղի է ունենում հակամարտության գոտում, կառավարվում է ուրիշ տեղից, դրա հետևում դուք չեք, ձեզ թելադրում են։ Ուրեմն՝ ՌԴ-ի խոսակցությունն այդ «ուրիշ տեղի» հետ է։

Հեղինե Մանուկյան

Հ.Գ. Մինչ ՀՀ-ն պաշտոնապես կդիմի ՌԴ-ին՝ մի դիտարկում. թերևս պետք է հրաժարվել այս օրերին ոմանց կողմից գեներացվող այն վիճելի ռազմահայրենասիրական թեզից, թե՝ ՌԴ-ին դիմելով Հայաստանը կզիջի իր սուվերենությունն ու անկախությունը՝ պատերազմում մեր հաղթանակը նվաստացնելով, դարձնելով ՌԴ-ի շնորհքը։ Նկատենք, որ սուվերենությունն ու անկախությունը պահպանելու կարևոր երաշխիք է նաև պրագմատիկ ու հաշվենկատ քաղաքականությունը այնպիսի ֆորսմաժորային իրավիճակում, ինչպիսին պատերազմն է, այն էլ այնպիսի կողմերի միջև, որոնք ունեն ռեսուրսների ակնհայտ անհավասարություն։ Կասկածից վեր է, որ մեր մարտական ոգին անկոտրում է, սակայն թուրքական օդուժը խոցելու համար մեզ բացի ոգուց հարկավոր են նաև այլ՝ նյութական գործիքներ։

«Չորրորդ իշխանություն», թիվ 31, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ