...

Պատերազմից առաջ ինչ «կոշտ սցենարի» մասին էր ակնարկում «Դոսյեն»

Պատերազմից առաջ ինչ «կոշտ սցենարի» մասին էր ակնարկում «Դոսյեն»

Լայնածավալ պատերազմին նախորդեցին մի շարք ուշագրավ իրադարձություններ, որոնք արդեն իսկ այսօր տեղի ունեցող զարգացումների ֆոնին պատահականություն լինել չէին կարող:

Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը` առաջնագծում դավաճանական գործողությունների (պայմանավորված պատերազմ և այլն) մասին, միայն առաջին հայացքից կարող է սենսացիոն թվալ։

Թավշյա հեղափոխությունից հետո կառավարության ղեկավարը մեկ անգամ չէ, որ խոսել է որոշ շրջանակների հակաիշխանական դավադրությունների, հեղաշրջման փորձերի մասին, էլ չասենք` լրտեսների վերաբերյալ թափանցիկ ակնարկները: «Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է և նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների և այս կարգի այլ տարրերի հետևից»,- մեկ տարի առաջ Վանաձորում հայտարարել էր Փաշինյանը: Դրանից առաջ էլ` 2018-ին, Իրանում, տեղի հայության հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Մենք պետք է ամուր պահպանենք մեր ինքնությունը, անսասան միասնությունը և տուրք չտանք օտարամոլությանը, թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան իրենց սեփական երկրի քաղաքացիներ»:

Գործակալների թեման պատերազմից օրեր առաջ նույնպես շրջանառության մեջ դրվեց, սակայն այս անգամ ոչ թե վարչապետի, այլ գործարար, Կրեմլի ամենասուր քննադատ, վտարանդի, արտերկրում ապրող Մ. Խոդորկովսկուն պատկանող «Դոսյե» կենտրոնի մակարդակով: Մասնավորապես սեպտեմբերի կեսերին ԶԼՄ-ների թոփ թեման դարձավ այդ կենտրոնի հրապարակած աղմկահարույց զեկույցը, որին ԱԱԾ-ն այդպես էլ ձեռնպահ մնաց արձագանքել: Դրանում շարադրված մի շարք դրվագներ արժե նորից հիշեցնել: Մասնավորապես նշվում էր, թե Ռուսաստանից ֆինանսավորվող գործակալները ուշադրությամբ հետևում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերին, որի օպերատիվ մականունը «Մորուք» է և գաղտնի զեկույցներում ներկայացվում է որպես «Սորոսի հիմնադրամի դրածո»: Կենտրոնը հանդես է եկել հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի ներքին գործերին Կրեմլի միջամտության վերաբերյալ հրապարակումներով:

Ռուսաստանը այլ երկրների գործերին, ըստ կենտրոնի, միջամտում է ՌԴ արտաքին հետախուզության գեներալ Վլադիմիր Չերնովի ղեկավարությամբ գործող ցանցի կողմից, որը տարածաշրջանում ամենամեծ հաջողություններին հասել է Հայաստանում: Այստեղ աշխատում է «Ռուսաստանի բարեկամների» մի ամբողջ ցանց, որոնք գործում են ինչպես հրապարակային, այնպես էլ ընդհատակյա, 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ամենայն ուշադրությամբ հսկում ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին: Ուշագրավ է «Դոսյե»-ի զեկույցի այն դրվագը, որտեղ Չերնովի ղեկավարությամբ գործող անձանցից մեկը` Սվետլանա Մաքսիմովա անունով, զեկուցել է. «Մինչև օգոստոս, ինչպես Միշան էր խոստանում, Նիկոլին չեզոքացնել չհաջողվեց: Հիմա, ամենայն հավանականությամբ, գործի կդրվի կոշտ սցենարը»: Մեկ այլ դեպքում նա հայտնել է. «Ստացվում է` Փաշինյանը իր չափերը չի ճանաչում, դե, դե, սպասենք, տեսնենք, ինչպես է սայթաքելու: Եվ շնորհակալություն հայտնենք նրան, որ միանգամից այսքան արևմտամետ ձրիակերների բացահայտեց»: Թե ով է Սվետլանա Մաքսիմովան, ով՝ Միշան, «Դոսյե»-ի հրապարակման մեջ չէր հստակեցվում: Հարց է առաջանում, թե ի՞նչ «կոշտ սցենարի» մասին է խոսքը, արդյոք զեկույցի հրապարակումից մեկ շաբաթ անց սկսված պատերազմի՞։

Ուշադրության է արժանի նաև «մինչև օգոստոս» ժամկետը։ Այժմ տեսնեք, թե ինչ զարգացումներ են նախորդել այդ ամսին․ հունիսի 18-ին 2 մլրդ դրամի դիմաց կալանքից ազատվեց Պուտինի հետ «քիմիական կապի» մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանը, որին նախկին ռեժիմի պրոպագանդայի «փիառշիկները» համարում են ՌԴ-ի համար Հայաստանի ապագա ղեկավարի «ցանկալի թեկնածու»։ Նրա ազատումից կարճ ժամանակ անց՝ հուլիսի 12-13-ին, տեղի ունեցավ տավուշյան էսկալացիան, որն ակնհայտորեն այսօր ընթացող լայնածավալ պատերազմի նախերգանքն էր։ Դժվար է ասել, թե իշխանության վերին էշելոնում ինչպիսի զարգացումներ տեղի կունենային այդ էսկալացիայի համատեքստում, եթե մինչ այդ ուժային կառույցների՝ ԱԱԾ, Ոստիկանության, ԶՈՒ ԳՇ ղեկավարները փոխված չլինեին։

Վերադառնալով «Դոսյե»-ի զեկույցին, մեջբերենք ևս մեկ ուշագրավ դրվագ։ Փաշինյանի վերաբերյալ կոմպրոմատ է ուղարկում նաև «Թեկնածու» (Кандидат) կեղծանունով մեկ այլ աղբյուր, որն իր ղեկավարներին զեկուցել է. «Հայաստանի ղեկավարը չի ձգտել սերտորեն համագործակցել կոլեկտիվ անվտանգության պայմանագրի գործընկերների հետ: Ավելին, Ն. Փաշինյանը կասկածի տակ է դրել ՀԱՊԿ-ին և նույնիսկ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցությունը պահպանելու նպատակահարմարությունը: Դրա հետ միասին, նա բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ՀԱՊԿ-ի նկատմամբ՝ հրամայելով ձերբակալել կազմակերպության ներկայիս գլխավոր քարտուղարին՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին»: Հրապարակման մեջ նշվում է նաև, որ «Ռուսաստանի բարեկամները» չեն վախենում գաղտնազերծումից, քանի որ ՀՀ ԱԱԾ-ն անվանում են ռուսական ԱԱԾ-ի՝ «Լուբյանկայի մասնաճյուղ»:

Նկատենք, որ հեղափոխությունից հետո ՀՀ ԱԱԾ-ն երեք տնօրեն է փոխել։ Մասնավորապես պատերազմի ընթացքում՝ երկու տնօրեն փոխվեց, և, դատելով մամուլ սպրդած տեղեկատվությունից՝ համակարգը որոշակի զտումների է ենթարկվել։ Հինգ ԱԱԾ պետ՝ երկուսուկես տարվա ընթացքում։

Այս տարվա հունվարին հրազենային մահացու վնասվածքից խորհրդավոր հանգամանքներում մահացավ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը: Թե ինչ փուլում է փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը` վարույթն իրականացնող մարմինը քար լռություն է պահպանում:

Հեղինե Մանուկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 35, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ