...

Միջազգային հանրության իմիջի հարցն է «ղամմազին» հրադադար պարտադրելը

Միջազգային հանրության իմիջի հարցն է «ղամմազին» հրադադար պարտադրելը

Արդեն մոտ չորս շաբաթ ընթացող պատերազմի շուրջ զարգացումները ծավալվում են մի քանի ուղղությամբ, որոնցից ամենաառաջնայինը հակամարտության գոտում կրակի դադարեցմանը հասնելն է՝ երկու անգամ հայտարարված և խախտված հրադադարը խոսքից գործի վերածելը. այս գործին է այժմ լծված թե՛ ՀՀ, թե՛ միջազգային դիվանագիտական կորպուսը։

Այն փաստը, որ Ադրբեջանը երկու անգամ խախտեց նախ՝ ռուսական, ապա՝ ֆրանսիական միջնորդությամբ հայտարարված հրադադարը, արդեն «սթափեցնող ազդակ» է միջազգային հանրությանը, որ ռազմական ագրեսիան սանձազերծած թուրք-ադրբեջանական տանդեմը մտադիր է «վա բանկ» գնալ՝ արհամարհելով պատերազմի «խաղի կանոնները» և փաստացի խաղից դուրս թողնելով միջազգային հանրությանը։ Ուստի, միջազգային հանրության ու աշխարհաքաղաքական գլխավոր խաղացողների իմիջի հարցն է սանձարձակին ու խարդախին զինադադար պարտադրելը՝ դրանից բխող հետևանքներով։

Հրադադարն այն միջանցիկ, բայց կարևոր միջոցառումն է, որը երաշխավորելու է կողմերի բանակցային սեղանի շուրջ վերադառնալու կամքը։ Հայտնի է, որ. «Երբ թնդանոթները որոտում են, (դիվանագետների) մուսաները լռում են»։ Այս առումով կարևոր է հատկապես ուրբաթ օրը ՀՀ ԱԳ նախարար Զ. Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մ. Պոմպեոյի հետ. վերջինս մինչ այդ կհանդիպի նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջ. Բայրամովի հետ։ ԱՄՆ-ի անելիքը թերևս պետք է միտված լինի հետևյալին՝ ակտիվացնել միջնորդական ջանքերը որպես Մինսկի խմբի համանախագահ հրադադարի հասնելու համար և նախաձեռնել պատժամիջոցներ ու ռազմամթերքի արտահանման էմբարգո Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ։ Որքան էլ մեծ են սպասելիքները այդ հանդիպումից («կրկին փորձիր» սկզբունքով), այնուհանդերձ, շատ փորձագետներ հրադադարի բանալիները տեսնում են Մոսկվայում։ 

Մինսկի խմբի մեղքի բաժինը

Նկատենք, որ միջազգային հանրությունը, մասնավորապես Մինսկի խմբի անդամ պետությունները, ինչպես ընթացող պատերազմի օրերին, այնպես էլ նախկինում, երբ Ադրբեջանը պարբերաբար խախտում էր հրադադարը, այդպես էլ հասցեական չքննադատեցին Ալիևի ապակառուցողական կեցվածքը, որն ամեն ինչ արեց հրադադարի վերահսկման մեխանիզմների ներդրումը վիժեցնելու համար։ Ապրիլյան քառօրյայից հետո կրկին սրվել էր այս պահանջը կյանքի կոչելու խնդիրը։ Միջնորդները, ինչպես նաև Հայաստանը, պահանջում էին Բաքվից իրագործել հիշյալ մեխանիզմները, մինչդեռ Ալիևը կտրուկ մերժեց՝ «դա հայկական կողմի առաջարկն է» պատճառաբանությամբ: Միջազգային հանրությունը կուլ գնաց Ալիևի «ղամմազությանն» ու փաստացի մոռացության տվեց կարևոր այդ պահանջը: Իսկ այժմ նույն այդ միջազգային հանրությունը քաղում է իր անհետևողական կեցվածքի պտուղները (երկու անգամ խախտված հրադադարի տեսքով) և անհույս փորձեր է անում այդ՝ «ականջի հետև» գցած պահանջն իրագործելու համար։

Հակաահաբեկչական կոնսենսուս

Մյուս կարևոր ուղղությունը, որի շուրջ կա տեսանելի և լռելյայն կոնսենսուս ինչպես միջնորդ (ՌԴ, Ֆրանսիա), այնպես էլ տարածաշրջանում իրենց ազգային անվտանգությամբ մտահոգ երկրների (մասնավորապես՝ Իրան) միջև, հակամարտության գոտում ահաբեկիչ վարձկանների լիկվիդացմանը միտված գործողությունների անհրաժեշտությունն է։ Ավելի շուտ՝ դրա համար հող նախապատրաստելը։ Ակնհայտ է, որ գեոպոլիտիկ շահերի բարդ կծիկում, որում այսօր հայտնվել են Հայաստանն ու Արցախը, ո՛չ ՌԴ-ն, ոչ էլ առավել ևս Իրանը չեն ցանկանում բացահայտ առճակատման գնալ թուրք-ադրբեջանական երկյակի հետ՝  այսպիսով ձեռք բերելով հակամարտող նոր կողմի կարգավիճակ։ Ուստի հակամարտության գոտում ահաբեկիչների առկայությունը կարծեք դառնում է այն լեգիտիմ ու միաժամանակ չեզոք թիրախը, որին խոցելու «պատրվակով» էլ կարող են «խաղի մեջ» մտնել «դիտորդ երկրները»։ ՀՀ-ի խնդիրն այդ միջամտությունն արագացնելն է։ Նրանց միջամտությունը հիմնավորված կլինի այն հանգամանքով, որ ահաբեկիչները սոսկ լոկալ սպառնալիք չեն, այլ՝ տարածաշրջանային և ընդհուպ՝ համամոլորակային։ Այս համատեքստում նշենք Նիկոլ Փաշինյանի՝ ՏԱՍՍ-ին տրված հարցազրույցում արված այն արձանագրումը, որ Ռուսաստանը լեգիտիմ իրավունք և հիմքեր ունի հակաահաբեկչական գործողություններ ձեռնարկել նաև ԼՂ-ում։ Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ ՀՀ-ն ԼՂ հակամարտությունում սիրիացի գրոհայինների մասնակցության հարցով պետք է պաշտոնապես դիմի ՌԴ-ին՝ տարածաշրջանում ռուսական կողմի հակաահաբեկչական գործողությունների անցկացման համար: Սակայն ՌԴ-ն չի կարող նման գործողություն սկսել առանց Երևանի պաշտոնական դիմումի և իրավիճակի մանրակրկիտ գնահատման:

Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեռևս հոկտեմբերի 6-ին կոչ էր արել ձևավորել միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա։ «Համաշխարհային հակաահաբեկչական գործուն ու արդյունավետ կոալիցիայի ստեղծումը օրվա հրամայական է»,- ասել էր նա: Այնպես որ, ձևավորվելիք կոալիցիայի, որի սաղմերը արդեն իսկ երևում են, մանդատն ու առաջնային նպատակը տարածաշրջանը ահաբեկիչներից մաքրելն է։

Ի դեպ, պատերազմի մեկնարկից տառացիորեն մեկ օր առաջ ավարտվեց Կովկաս-2020 միջազգային զորավարժությունը, որի նպատակն էր տարածաշրջանում համատեղ ուժերով արմատախիլ անել ահաբեկչության հովանավորման յուրաքանչյուր քայլ։ Զորավարժությանը մասնակցում էին ՀՀ, ՌԴ, Բելառուսի, Չինաստանի, Մյանմայի և Պակիստանի զորքերը՝ մոտ 80.000 զինծառայողով: Հարկ է նկատել, որ Ադրբեջանը հրավիրվել էր մասնակցելու համատեղ զորավարժությանը, սակայն մերժել էր՝ պատճառաբանելով կորոնավիրուսի համավարակը: Փորձագետները նման որոշումից տարակուսել էին, թե ինչպես կարող էր թուրքական ջոկատների հետ օրեր առաջ հարձակողական բնույթի զորավարժություն անցկացնող երկիրը վախենալ ահաբեկիչների դեմ պայքարի համար նախատեսված վարժանքից՝ համավարակը «մահանա» բերելով։ Այժմ արդեն հասկանալի է նման կեցվածքի պատճառը։ Ադրբեջանցի զինվորականները, ի դեպ, զորավարժությանը ներկա էին դիտորդի կարգավիճակում՝ տեսնելու, թե ռազմական ինչ մեթոդներ են կիրառում հայ զինվորականները ահաբեկիչներին վնասազերծելիս: Այս համատեքստում նշենք նաև, որ սեպտեմբերի 13-ին Եգիպտոս պաշտոնական այցի ժամանակ ԱԳ նախարար Զ. Մնացականյանը անդրադարձել էր ահաբեկչության թեմային․ «Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են»:

Շատացնել ծաղիկները, մոտեցնել գարունը

Երրորդ ուղղությունը ԼՂ-ի անկախության ճանաչումն է, որի ուղղությամբ աշխարհը դեռևս պասիվ վարքագիծ է դրսևորում․ ճանաչումն առայժմ եվրոպական մի քանի քաղաքների (Ժնև (Շվեյցարիա), Արֆորվիլլ, Լիմոնե, Վյեն (Ֆրանսիա), Միլան (Իտալիա)) մակարդակով է տեղի ունեցել։ Թեև «մի ծաղկով գարուն չի գա», սակայն դիվանագիտական և լոբբիստական ակտիվ ջանքերը կարող են շատացնել ծաղիկներն ու մոտեցնել գարունը։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև։ Հեղինակը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն է, որը հայտարարել է՝ չի կարող լինել հետդարձի ճանապարհ, Արցախը չի կարող կրկին լինել Ադրբեջանի կազմում և կոչ արել ԱՄՆ-ին պաշտոնապես ճանաչել ԼՂ անկախությունը։ ՀՀ վարչապետն էլ օրերս հայտարարեց, որ ողջ հայության ներուժը պետք է կենտրոնացնել «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի հիման վրա ԼՂ անկախության ճանաչմանը հասնելու ուղղությամբ։

Ակնհայտ է, որ թվարկված ուղղություններով տեղի ունեցող և ունենալիք զարգացումները ուղղակիորեն անդրադառնում են առաջնագծի վրա և վճռորոշ դեր են խաղալու պատերազմի՝ մեզ համար ցանկալի ելքի վրա։

Հեղինե Մանուկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 32, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ