...

ԼՂ անկախության ճանաչում. հարկ է հազար չափել, մեկ կտրել

ԼՂ անկախության ճանաչում. հարկ է հազար չափել, մեկ կտրել

Սեպտեմբերի 27-ից ընթացող լայնածավալ պատերազմը օրվա հրամայական է դարձրել ՀՀ-ի կողմից ԼՂ անկախության հնարավոր ճանաչման հարցը։

Սա անխոս լրջագույն գործընթաց է, և պատմա-քաղաքական այս հանգրվանում այն կյանքի կոչելը կունենա ոչ միայն այսրոպեական, այլև կոնֆլիկտի հետագան կանխորոշող հետևանքներ։ Փորձագիտական հանրությունն ու խնդրի բոլոր՝ տեսանելի ու անտեսանելի ծալքերին քաջատեղյակ գործիչները մեկ անգամ չէ, որ արձանագրել են՝ ՀՀ-ի կողմից ճանաչել ԼՂ անկախությունը, նշանակում է խաչ քաշել բանակցային գործընթացի վրա, այն սեփական նախաձեռնությամբ մտցնել փակուղի։ Այս դիրքորոշման անշեղ կողմնակիցներից են եղել նաև ՀՀ նախկին իշխանությունները, որոնք «սպոտ են տվել» տարբեր ժամանակներում «իդեա ֆիքսին» միտված բոլոր նախաձեռնությունները։ Մասնավորապես «Ժառանգություն» խմբակցությունը պարբերաբար (2007-ին, 2009-ին, 2012-ին) հանդես է եկել նման օրենսդրական նախաձեռնությամբ, սակայն դրան միս ու արյուն տալ այդպես էլ չհաջողվեց։ ԼՂ անկախության ճանաչման հարցը կրկին խորհրդարանի օրակարգում էր 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո․ Զարուհի Փոստանջյանը ու Հրանտ Բագրատյանը Արցախի անկախության ճանաչման մասին օրինագիծ էին ներկայացրել, սակայն ճանաչման գործընթացը դարձյալ առկախվեց, քանի որ հարցի շուրջ չկար խորհրդարանական կոնսենսուս։

Տաք սրտով, բայց սառը գլխով

Այժմ վերսկսված պատերազմական գործողությունների այս փուլում հարցը նորից քննարկումների փուլում է՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի մակարդակով։ Ճանաչման գործընթացի հնարավոր հեռանկարի մասին այս անգամ խոսք բացեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, թե քննարկում են բոլոր հնարավորությունները, իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներն ու հարցերի շրջանակը՝ հավելելով․ «Պետք է նստենք, մեր գործողությունները հասկանանք, անում ենք այդ գործողությունը, թե չենք անում, փաստարկները դնենք կշեռքին»։ Նախօրեին արդեն, վերահաստատելով ԼՂ անկախության հնարավոր ճանաչման՝ ՀՀ-ի մտադրության մասին, Փաշինյանը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նշել է, որ ՀՀ-ն դիտարկում է նաև Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք ձևավորելու հնարավորությունը։ Կարելի է ենթադրել, որ անցած մի քանի օրերի ընթացքում իշխանության կողմից «կշեռքին դրված փաստարկները» եղել են հօգուտ ճանաչման գործընթացի։ Չի բացառվում նաև, որ հեղինակավոր ԶԼՄ-ի հետ ասվածը վերահաստատելով՝ ՀՀ կառավարության ղեկավարը փորձում է քարոզչական ֆոնն ավելի խտացնել՝ ակնկալելով միջազգային հանրության արձագանքն ու վերաբերմունքը։ Այդ արձագանքից էլ մեծապես կախված են լինելու գործընթացը սկսելու կամ դրանից ձեռնպահ մնալու իշխանության քայլերը։ Միջազգային հանրությունը, նկատենք, բացի հերթապահ դատապարտող հայտարարություններից այլ միջամտություն չի ցուցաբերում։ Նկատենք, սակայն, որ նրանց հայտարարություններում կարմիր թելի պես անցնում է կողմերին ուղղված հորդորը՝ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ Այսինքն՝ պատերազմի այլընտրանքը եղել են և կան բանակցությունները։

Արցախը հուշում է, բայց չի պարտադրում

Փաստենք, որ ճանաչման գործընթացի վերաբերյալ հանրային կոնսենսուս է առկա ինչպես ՀՀ-ում՝ հանրային-քաղաքական սեկտորում, այնպես էլ ԼՂ-ում՝ ի դեմս դրա քաղաքական բարձր ղեկավարության։ Մասնավորապես Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը դեռ 2018-ին՝ հեղափոխությունից որոշ ժամանակ անց, իր հարցազրույցներից մեկում նշել էր, թե «Ադրբեջանին իսկական տեղը ցույց տալու համար ՀՀ ԱԺ-ն Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագիծ պետք է ընդգրկի լիագումար նիստի օրակարգում և ընդունի այն պահին, երբ Ադրբեջանը նորից պատերազմ սկսի։ Ս․թ․ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած ճեպազրույցում Թովմասյանը արդեն վերահաստատեց իր միտքը․ «Եթե պատերազմը երկարեց, ապա Արցախի Հանրապետության ԱԺ-ն գտնում է, որ ՀՀ ԱԺ-ում պետք է քննարկվի Արցախի Հանրապետության ճանաչման հարցը։ Ի՞նչ է տալու դա մեզ։ Եթե ԱԺ-ում դա քննարկվի, դա զսպաշապիկ կլինի Ադրբեջանի Հանրապետությանը, որ պատերազմը շարունակելու դեպքում ընդամենը մնում է քվեարկել»։ Նա նաև հիշեցրեց, որ 23 տարի առաջվա պայմանավորվածությունը, ըստ որի՝ պատերազմի դեպքում ՀՀ ԱԺ-ն ճանաչելու է Արցախի անկախությունը։ «Միայն մի բան ունեմ ասելու, որ ՀՀ ԱԺ-ն Արցախի անկախության ճանաչումը բաց է թողել մի քանի անգամ»,- ընդգծեց Թովմասյանը։

Սերժն էլ է կողմ արտահայտվել

Նշենք, որ ԼՂ ճանաչման խնդրին իր վերջին ասուլիսում անդրադարձավ նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանը«Փառք Աստծո, Ապրիլյան ռազմական գործողությունները տևեցին ընդամենը 4 օր։ Եթե երկարաձգվեին, ապա անպայման մենք ճանաչելու էինք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև ակնհայտ էր դառնալու՝ հաստատակամ ենք իրագործել խոստումը, որ տվել էինք մեր ժողովրդին, այն է՝ ՀՀ Զինված ուժերը հանդիսանում են ԼՂ անվտանգության երաշխավոր, և Հայաստանն ամեն ինչ օգտագործելու է, որպեսզի պաշտպանի ԼՂ բնակչությանը։ Այնպես որ, հիմա էլ համոզված եմ, որ եթե լինի լայնածավալ պատերազմ, ապա ՀՀ-ն պարտավոր է ճանաչել ԼՂ անկախությունը»։ Ըստ Սարգսյանի՝ դա ոչ թե կլինի առիթ, այլ իրադրությունց բխող արդարացված որոշում։

Միակողմանի ճանաչումը հղի է աղետալի հետևանքներով, եթե․․․

Նշենք, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ-ի կողմից ԼՂ-ի միակողմանի ճանաչման գործընթացին անդրադարձավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա, վկայակոչելով ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Մարկ Թոների 2016թ. մայիսի 5-ին արած այն հայտարարությունը, թե «Միացյալ Նահանգները, միջազգային հանրության մնացյալ անդամների հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը։ ԼՂ-ի վերջնական կարգավիճակը որոշվելու է համընդգրկուն կարգավորման կոնտեքստում», նշել էր․ «Համընդգրկուն կարգավորում ասվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ Մինսկի խմբի համանախագահության կողմից Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված պլանը, որում և ամրագրված է հանրաքվեի միջոցով Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման, այն է՝ անկախ պետություն ստեղծելու իրավունքը։ Ուստի Հայաստանն իր գործողություններով (խոսքը, մասնավորապես, Ղարաբաղը միակողմանիորեն ճանաչելու գաղափարի մասին է) ոչ թե պետք է շեղվի կարգավորման ընդհանուր տրամաբանությունից, այլ ընդհակառակը, ամբողջապես ներգրավվի Մինսկի խմբի բանակցային գործընթացում և կառուցողաբար ձգտի հասնել իր նպատակին, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այդ գործընթացի օրակարգում քննարկվող փաստաթուղթը պարունակում է Ղարաբաղի անկախության ձեռքբերման անհրաժեշտ իրավական հիմքերը»։ Ըստ առաջին նախագահի՝ միակողմանի ճանաչումը, եթե այն ապահովագրված չէ միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի) կամ գերտերություններից մեկ-երկուսի աջակցությամբ, «հղի է անկանխատեսելի ու աղետալի հետևանքներով, որոնք այնքան ակնհայտ են, որ հարկ չկա անգամ թվարկելու»։ Ազգային փոքրամասնությունների անկախացման բոլոր հաջողված դեպքերը (Էրիտրեա, Արևելյան Թիմոր, Կոսովո, Հարավային Սուդան, Ղրիմ, Աբխազիա, Հարավային Օսեթիա), Տեր-Պետրոսյանի հիշեցմամբ, տեղի են ունեցել բացառապես այդպիսի աջակցության առկայության շնորհիվ։ «Հետևաբար, քանի դեռ Հայաստանը զուրկ է միջազգային կազմակերպությունների կամ թեկուզ մեկ գերտերության աջակցությունից, պետք է զերծ մնալ Ղարաբաղի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու խելահեղ մտքից»։ Կարգավորման գործընթացում հաջողության հասնելու համար, ըստ առաջին նախագահի, հայկական դիվանագիտությունը պարտավոր է օգտագործել նաև Ղարաբաղի անկախության անհրաժեշտության հիմնավորման մի այլ՝ չափազանց կարևոր կռվան։ «Խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինին, որի էությունը հետևյալն է։ Երբ որևէ պետություն, իշխանությունների մակարդակով ռասայական, ազգային, կրոնական և այլատյացության հողի վրա պարբերաբար ոտնահարում է իր կազմում գտնվող էթնո-տերիտորիալ փոքրամասնության քաղաքացիական իրավունքները, դիմում բռնությունների, սպառնում բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, ապա միջազգային հանրությունը, այլևս անհնարին համարելով տվյալ ժողովուրդների համակեցությունը, պարտավոր է հարկադրաբար, հանուն փոքրամասնության գոյության պահպանման, անջատել նրա զբաղեցրած տարածքը տվյալ պետությունից»։

Լևոն Տեր-Պետրոսյանը նախօրեին ևս հանդես է եկել հայտարարությամբ, թերևս ենթատեքստում արձագանքելով ԼՂ անկախության ճանաչման վերաբերյալ ակտիվացած քննարկումներին։ «Հայկական կողմի համար պահի հրամայականը` ա. Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցումն ու առանց տարածքային կորուստների պատերազմի դադարեցումն է, բ. Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե ձևական, այլ առարկայական բանակցությունների անհապաղ վերսկսումը»։

Հեղինե Մանուկյան

Հ․Գ․ Թերևս նույնիսկ ամենահոռետեսները կհամաձայնեն, որ ժամանակի ընթացքում միջազգային հանրությունը ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը։ Սա ասում ենք հաշվի առնելով այն փաստը, որ քաղաքակիրթ աշխարհը, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, արդեն իսկ ճանաչել է հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու Ղարաբաղի ժողովրդի իրավունքը։ Իսկ ՀՀ իշխանությունը, հուսանք, հաշվի կառնի բոլոր վերոշարադրյալ դիտողությունները, տուրք չի տա եռացող էմոցիաներին, կլինի չափազանց հաշվենկատ, երբ հարցը ԼՂ անկախության ճանաչմանն է վերաբերում։

«Չորրորդ իշխանություն», թիվ 29, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ