...

Իշխանությունը «բաստիոնում» մենակ թողեց Վահե Գրիգորյանին

Իշխանությունը «բաստիոնում» մենակ թողեց Վահե Գրիգորյանին

ՍԴ ճգնաժամը հաղթահարելու՝ իշխանության մեկուկես տարի ձգված «երկունքի ցավերն» ավարտվեցին «լեռը երկնեց՝ մուկ ծնեց» արդյունքով։ Մինչդեռ ակնկալիքներն ու սպասումներն այնպիսին էին, որ ծնվելիքը առյուծ է լինելու՝ Սահմանադրության տառին և ոգուն համահունչ ու ամենակարևորը՝ լեգիտիմ Սահմանադրական դատարան։

Իշխանությունն՝ ի դեմս Ազգային ժողովի, որին էլ նոր սահմանադրությամբ վերապահված է ՍԴ ձևավորելու կարևոր առաքելությունը, առաջադրված դատավորի երեք թեկնածուներին գրեթե միաձայն ու միանձնյա կողմ քվեարկելով ընդամենը լեգիտիմացրեց մայր օրենքով սահմանված դատարանակազմության այն սկզբունքը, որի շուրջ վեճն էլ, ըստ էության, հանգեցրեց այս ողջ երկարաշունչ գործընթացին։ ՍԴ-ն այժմ ունի 5 ընտրված դատավոր և 3 նշանակված անդամ։ Սակայն բարձր դատարանը լեգիտիմացնելու բարձրագոչ ու հավակնոտ գաղափարը, որն էլ որպես լեյտմոտիվ դրված էր այս գործընթացի հիմքում, այդպես էլ չիրագործվեց։ Փաստացի ունենք ոչ թե «կապիտալ նորոգված» ու վերազինված դատարան, որը «նոր էջից, մի մատ խորքից» պիտի սկսեր «գրել» մինչ այս աղավաղված ու աղճատված սահմանադրական արդարադատությունը, այլ ընդամենը «ռեստավրացված» մի ատյան, որտեղ նորի ու նորագույնի փոխարեն դոմինանտ են հնացածն ու որոշ դեպքերում նաև նորի անվան տակ սղացրած հինը։ Ահա այսպիսի «համահարթեցված» դատարանի է վերապահված «Նոր Հայաստանի» սահմանադրական արդարադատության իրականացումը։

Արդարադատությունն այնպիսի հասկացություն է, որը, անշուշտ, կաշկանդված չէ որևէ քաղաքական ռեժիմի կամ կուսակցության կառավարման ժամկետով։ (Այնպես որ, «հին» ու «նոր» Հայաստան տարբերակումները զուտ խորհրդանշանական իմաստով են)։ Արդարադատություն իրականացնող մարմիններն էլ, անշուշտ, կաշկանդված չեն այն մարմինների և ինստիտուտների կամքով ու քմահաճույքներով, որոնց կողմից ընտրվել կամ նշանակվել են, այլ՝ բացառապես օրենքներով ու Սահմանադրությամբ։ Ահա այս կարևոր խնդրի սպասարկմանն էլ միտված էր այն ողջ օպերացիան, որը անցած մեկուկես տարվա ընթացքում կրում էր «Սահմանադրական դատարանի ճգնաժամի հանգուցալուծում» անվանումը։ Արդյոք դա հնարավո՞ր է՝ մի շարք հանգամանքներ, հատկապես ՍԴ-ում հավաքված «փազլի» «դետալների» անցած ուղին, նրանց մասին ԱԺ քննակումների ժամանակ հնչած կարծիքներն ու գնահատականները հաշվի առնելով։ Կանխատեսումները, մեղմ ասած, լավատեսական չեն և տպավորություն է, որ տարիուկես դիմադրություն ցույց տված «բաստիոնը» ոչ միայն չնվաճվեց, այլև ամրացվեց։ Իշխանության թեթև ձեռամբ։

Մեկ գումարած ութ

Այժմ տեսնենք, թե ովքեր են մեր պետության հետագա զարգացման սահմանադրական անխոցելիությունը երաշխավորող 9 դատավորները, որոնց մեծամասնությունը, նկատենք, նախկին ռեժիմի կադրերն են։

Աշոտ Խաչատրյան․ ՍԴ նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Ա.Խաչատրյանը ՍԴ անդամ է նշանակվել Սերժ Սարգսյանի նախագահության օրոք՝ 2010-ին, ԱԺ որոշմամբ։ Նա մինչ այդ՝ 2004-2010 թթ., ԱԺ իրավաբանական վարչության պետն էր։

Արևիկ Պետրոսյան․ տիկինը ՍԴ անդամ է նշանակվել Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ 2010-ին։ Մինչ այդ ԲՀԿ խմբակցության պատգամավոր էր, ԱԺ փոխնախագահ և հենց այդ պաշտոնից էլ գործուղվեց ՍԴ։

Արայիկ Թունյան․ նա 2014-ին ԱԺ որոշմամբ է նշանակվել ՍԴ անդամ։ Դատարան է գործուղվել Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահի աշխատակազմից, որտեղ սկսած 2007-ից իրավաբանական վարչության, դրանից առաջ էլ՝ 2005-2007 թթ., պետաիրավական վարչության պետն էր։

Հրայր Թովմասյան. Սերժ Սարգսյանի բոյ-բուսաթով կարված նոր Սահմանադրության կուտուրյեի մասին այնքան է գրվել նախկինում, որ ընթերցողին չենք ցանկանում ծանրաբեռնել իմացածը վերհիշել տալով։ ՍԴ նախկին նախագահի մասին թերևս այսքանը։ 

Արման Դիլանյան․ նա նոր Սահմանադրության պահանջին համահունչ ընտրված առաջին դատավորն է, որին նախորդ գումարման ԱԺ-ն ՍԴ ուղարկեց հեղափոխությունից ամիսներ անց՝ 2018թ. սեպտեմբերի 13-ին։ Դիլանյանը ՍԴ-ում է «անհիշելի ժամանակներից»՝ 1996-ից և տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի օրոք։ Եղել է մասնավորապես ՍԴ նախագահի տեղակալի օգնական, իրավախորհրդատվական ծառայության (վարչության) անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ, ապա՝ նույն ծառայության (վարչության) պետ։ 2013-ին էլ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

Վահե Գրիգորյան․ Գրիգորյանը այն դատավորն է, որը նախկին ռեժիմի աչքի փուշն է։ Դատավոր ընտրվելուց հետո ռեժիմին սպասարկող ԶԼՄ-ներում նրա դեմ իրականացվում է ամենակեղտոտ արշավը։ Նա 2019-ին է ՍԴ դատավոր ընտրվել, իսկ մինչ այդ, 2011-ից սկսած, զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ 2017թ․ նոյեմբերից մինչև 2018թ․ փետրվարը եղել է ԵԽ միջազգային իրավունքի փորձագետ։

2008-ից մինչև 2019-ը ՄԻԵԴ-ում մասնակցել է 80-ից ավելի դատական գործերի։ Եղել է «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ։

Էդգար Շաթիրյան. նորընտիր այս դատավորը նույնպես գալիս է Սերժ Սարգսյանի աշխատակազմից։ Նա վերջինիս հրամանագրով և ՍԴ նախագահի առաջարկով 2015-ից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ էր, հեղափոխությունից հետո էլ ԻՔ-ի կողմից առաջադրվեց և ընտրվեց այս կառույցի իրավահաջորդ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։ Իսկ հետագայում այս կառույցի նախագահ չընտրվելով՝ լքեց հանձնաժողովը՝ աննպատակահարմար գտնելով իր պաշտոնավարումը։ Սահմանադրական իրավունքի մասնագետ, ԵՊՀ դասախոս Է. Շաթիրյանը Քոչարյանի օրոք (2002-2005 թթ.), եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության երկրորդ կարգի մասնագետ։

Արթուր Վաղարշյան․ ՍԴ մյուս նորընտիր դատավորը ևս ԵՊՀ դասախոս է։ Նա նորընտիրներից միակն է, որը նախկին ռեժիմի օրոք պետական կառավարման համակարգում որևէ պաշտոն չի զբաղեցրել և, իր խոսքով, ՍԴ-ում ստանձնելու է հակակշռողի առաքելություն։

Երվանդ Խունդկարյան․ ՍԴ նորընտիր այս մյուս դատավորը ՀՀ դատական համակարգում (Գերագույն դատարան) այս դատավորը ոտք է դրել դեռևս 1993-ից ու տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ Մասնավորապես Քոչարյանի օրոք՝ 1999-2001 թթ., աշխատել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում որպես դատավորի օգնական, 2001-2008 թթ.՝ ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։ 2008թ․ հունվարի 1-ից հանդիսացել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, իսկ նույն թվականի հոկտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, ապա՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։ Հեղափոխությունից հետո էլ՝ 2018-ի հուլիսին, նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ 6 տարի ժամկետով։ Խունդկարյանը հասցրել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արժանանալ ՀՀ վաստակավոր իրավաբանի կոչման ու պարգևատրվել Մխիթար Գոշի մեդալով։ Երբ հայտնի դարձավ, որ Խունդկարյանը առաջադրվել է դատավորի թեկնածու, լուրեր տարածվեցին, թե՝ ըստ ստվերային պայմանավորվածության՝ վերջինս ՍԴ է գործուղվում հետագայում ՍԴ նախագահ ընտրվել/դառնալու պայմանով։ Երևի հենց այս պայմանավորվածության վրա հիմնվելով էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը երդվում-պատռվում, թե՝ բացառվում է, որ Հրայր Թովմասյանը կրկին դառնա ՍԴ նախագահ։ Այստեղ են ասել՝ սակայն ի՞նչ տարբերություն, Խունդկարյանն ի՞նչ պակաս Թովմասյան է։

Հեղինե Մանուկյան

Հ․Գ․ Հետաքրքիր է, թե ինչպիսին կլինի ՍԴ առաջիկայում ակնկալվող որոշումը մասնավորապես ՔՕ 300․1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ։ Սա այն կարևոր թեստն է, որի միջոցով հնարավոր է լինելու գաղափար կազմել նորացված ՍԴ-ի առողջական վիճակի մասին ընդհանրապես, դիմադրողականության մասին՝ մասնավորապես։

«Չորրորդ իշխանություն», թիվ 27, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ