ՍԴ դատավորների թեկնածուների քվեարկությունը կայացավ։ ՍԴ թեկնածուներից Երվանդ Խունդկարյանին կողմ քվեարկեց 84 պատգամավոր, դեմ՝ 2, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Արթուր Վաղարշյանին կողմ քվեարկեց 86 պատգամավոր, դեմ՝ մեկ, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Էդգար Շաթիրյանին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 3:
Այսպիսով, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը և Արթուր Վաղարշյանը ընտրվեցին ՍԴ դատավորներ:
Հիմա մենք ձեզ ենք ներկայացնում 2019 թվականի մայիսի 20-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթից մի հատված:
«Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում և իրագործվում ժողովրդի դեմ: Որքանո՞վ է իրական այս կանխավարկածը, որքանո՞վ է հիմնավորված, բոլորովին ուրիշ խնդիր է:
Բայց այն, որ դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է չունի նաև գործելու բավարար լեգիտիմություն, ինչն այսօր արդեն ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, կայունությանն ու ազգային անվտանգությանը:
Որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ այսօրվա դատական համակարգն ի վիճակի է օբյեկտիվ քննություն տանել հենց նույն մարտի 1-ի գործով, այն պարագայում, երբ գործադիր իշխանությունների կողմից թույլ տրված տասնյակ ապօրինություններ կյանքի են կոչվել հենց դատական գործող համակարգի միջոցով:
Եվ դա հիմա արդեն երևում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումներով, և այդ որոշումները վերաբերում են նաև այսպես կոչված իրացման գոտիների բնակիչների և այլ խնդիրներին: Այս իրավիճակն իր ուղղակի ազդեցությունն է ունենում նաև կոռուպցիոն հանցագործությունների դեմ մեր հայտարարած պայքարի վրա:
Նաև հույս ունեի, որ բազմաթիվ դատավորներ, հասկանալով, որ իրենց նախորդ դատական գործունեությունը և արժեքային համակարգն անհամապատասխան է Նոր Հայաստանի ձգտումներին և նրանց իրավունք չի տալիս վճիռներ կայացնել հանուն Հայաստանի Հանրապետության, կհրաժարվեն դատավորի կարգավիճակից։
Նման բան, սակայն, տեղի չունեցավ, և դատական համակարգի՝ ժողովրդական վստահության արժանանալու ընթացիկ հնարավորությունը համարում եմ այլևս սպառված: Մենք չենք կարող հանդուրժել այս իրավիճակը, որովհետև, ինչպես ասացի, սա երկրի կայունության, բնականոն կյանքի և ազգային անվտանգության խնդիր է:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:
Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին:
Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև նման լուծումների»:
Հիմա, մասնավորապես Երվանդ Խունդկարյանին ՍԴ դատավոր նշանակելով, կարող ենք փաստել հետևյալը.
1. Նիկոլ Փաշինյանի համար այլևս էական չէ, որ դատավոր է նշանակվում մեկը, որը քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ է, և այդ խախտումները հաստատված են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով:
2. Նիկոլ Փաշինյանի համար այլևս էական չէ, որ դատավոր է նշանակվում մեկը, որն անձնապես մարդկանց սեփականազրկել է կոնվենցիայի բազմաթիվ խախտումներով և 8 գործերով ՄԻԵԴ-ը ճանաչել է այդ խախտումներն ու այդ գործերով Հայաստանի Հանրապետությունը 100 հազար եվրո փոխհատուցում է վճարել։
3. Նիկոլ Փաշինյանի համար այլևս էական չէ, որ կոռումպացված և անօրինական որոշումներ կայացնող դատավորները ուղղակի սպառնալիք են մեր երկրի բնականոն կյանքին, կայունությանն ու ազգային անվտանգությանը:
4. Նիկոլ Փաշինյանի համար այլևս էական չէ, որ մարտի 1-ի գործով օբյեկտիվ քննություն չտարած և այն տապալած դատավորները ՍԴ-ում են հայտնվելու:
5. Նիկոլ Փաշինյանի համար այլևս էական չէ, որ Հայաստանի Հանրապետության և նրա «հպարտ» քաղաքացիների դեմ վճիռները կայացրած դատավորները չեն կարող անաչառ և օբյեկտիվ լինել:
6. Նիկոլ Փաշինյանի համար այլևս էական չէ, որ Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ:
7. Եվ վերջապես, Նիկոլ Փաշինյանի համար այլևս էական չէ, որ ժողովուրդը հեղափոխությունն արել է փոփոխությունների, այլ ոչ թե հինը պահելու ակնկալիքով: