ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցի քննարկման ժամանակ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը հայտարարել է, որ դատարանների մասին վատ կարծիքը մարդիկ սեփական փորձից չէ, որ ունեն, այլ ԶԼՄ-ների պատճառով:
«ՉԻ». 2008 թվականին քոչարյանական-սերժական վարչախմբին սպասարկող դատարանները հարյուրավոր անմեղ մարդկանց դատապարտել են ազատազրկման: Ունեցել ենք հարյուրավոր քաղբանտարկյալներ: Այդ գործերի մեծ մասը բողոքարկվել է Եվրոպական դատարան, ՄԻԵԴ-ը բավարարել է այդ բողոքների մի մասը և շարունակում է բավարարել: ՄԻԵԴ-ի որոշումներով էլ Հայաստանը պետք է փոխհատուցի քաղբանտարկյալների կրած վնասները՝ ֆինանսական և բարոյական:
Հարց. ո՞վ է այս ամենի մեղավորը: Ճիշտ է. լրատվամիջոցները: Այ, որ լրատվամիջոցները այս ամենի մասին չգրեին, չլուսաբանեին շինծու գործերով դատավարությունները, հետո՝ ՄԻԵԴ-ի որոշումները, ոչ ոք այս մասին չէր իմանա, մարդիկ էլ կմտածեին, թե Հայաստանում աշխարհի ամենաարդար դատարանն է:
Ու ահա այս տրամաբանությամբ մարդը ՍԴ դատավորի թեկնածու է: Չէ, սա ավելին է, քան մառազմը: Միայն այս մի հայտարարությունը բավական է Խունդկարյանի մասին կարծիք կազմելու համար:
Սա խորհրդային մարդու հոգեբանություն է: ԽՍՀՄ-ում էլ որ լրատվամիջոցը բացում էիր, ամեն ինչ լավ էր, ունեինք արդար դատարաններ, հարուստ տնտեսություն, յոթմղոնանոց քայլերով գնում էինք դեպի կոմունիզմ: Լավ էր, էլի: Ճիշտ է, հետո այդ կայսրությունը մի տարում փլուզվեց, բայց կարևորը, մարդիկ լավ կարծիք ունեին դատարանների մասին:
Իշխանություննե´ր, և հատկապես՝ «Իմ քայլի» պատգամավորնե՛ր, եթե դուք հեղափոխություն եք արել, որպեսզի խորհրդային կարգերի ջատագովների ռեինկարնացիա իրականացնեք, ապա դա ձեզ մոտ լավ էլ ստացվում է: