...

Ինչպես Բարձր ժյուրին կգնահատի կվարտետի ելույթը

Ինչպես Բարձր ժյուրին կգնահատի կվարտետի ելույթը

Մինչև շաբաթ օրը էկրաններից կիջնեն Հրայր Թովմասյան-Դավիթ Հարությունյան-Արամ Վարդևանյան-Ռուստամ Բադասյան կվարտետի անզուգական կատարումները: ՍԴ դատավորները և հանրությունը դեռ երկար կարող էին ունկնդրել անզուգական անսամբլի կատարումները, բայց ժամանակն է գնահատական տալու, թե ինչ երգեց ու կատարեց վերոհիշյալ քառյակը:

Մի քանի օրը բավական էր հասկանալու՝ հայցվորները և պատասխանողները կարդացած են, սրամիտ են, շատ ֆիլմեր են դիտել, բայց տառապում են հիշողության կորստով: Օրինակ՝ Դավիթ Հարությունյանը և Տիգրան Մուկուչյանը ամբողջովին մոռացել են, թե ով են եղել մինչև հեղափոխությունը: Նրանք մոռացել են, որ պետք չէ հասնել Կիև՝ իմանալու, թե ինչպես են վերոհիշյալ երկուսը նպաստել նախորդ ընտրությունների կեղծմանը:

Դատելով այն ամենից, թե ինչ է տեղի ունենում բուն դատական գործընթացում և դրա շուրջ, կարելի է մեծ հավանականությամբ կանխատեսել՝ ընտրությունների արդյունքները չեն չեղարկվելու: Ավելին, չի նշանակվելու ընտրությունների երկրորդ փուլ: Մի պարզ պատճառով. այն ձեռնտու չէ ոչ միայն իշխանությանը, այլև երկրորդ տեղն զբաղեցրած «Հայաստան» դաշինքին և մասնավորապես Քոչարյանին:

Ընտրություններից առաջ Քոչարյանը կարողացել էր հանրության մի հատվածին գցել մոլորության մեջ: Խաբել, թե մի քանի օրվա խնդիր է, պետք է դիմանալ ուժային կառույցների ճնշմանը և իշխանությունը վերցնել հունիսի 20-ին:

Նրա շուրջ համախմբված մարդկանց մի ստվար հատված հավատացել էր, որ Պուտինը գիշերները չի քնում և սպասում է, թե երբ է իր ընկերը իշխանությունը վերցնելու Հայաստանում: Հունիսի 20-ի երեկոյան այդ մարդիկ հասկացան, որ իրենց խաբել և օգտագործել են: Իսկ հունիսի 21-ից սկսած իրենք միայնակ են մնացել իշխանական ճնշումների ներքո:

Ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու դեպքում, այդ մարդիկ որևէ դեպքում կրկին չեն համախմբվելու Քոչարյանի շուրջ, իրենց բիզնեսները չեն դնելու վտանգի տակ, որ ևս մի քանի դաշնակցական և քոչարյանական աջակից մանդատ ստանան ու անձեռնմխելի դառնան: Երկրորդ փուլի դեպքում Քոչարյանը չի կարողանալու այցելել շատ քաղաքներ ու համայնքներ, քանի որ դրանց ղեկավարները իրենից փախչելու են, կարծես նա բորոտության վարակ է տարածում: Այս անգամ արդեն ինքն է Սյունիք այցելելու խնդիր ունենալու:

Շատ մեծ է հավանակությունը, որ ՍԴ-ն կորոշի մանդատների վերաբաշխում կատարել: Դա ոչ միայն կավելացնի Քոչարյանի պատգամավորների թիվը և լրացուցիչ խնդիրներ կստեղծի իշխանության համար, այլև կլուծի շատ կարևոր ռազմավարական խնդիր անձամբ Քոչարյանի և նրա մերձավոր շրջապատի համար:

Սահմանադրությամբ պատգամավորին կարող են անձեռնմխելիությունից զրկել ձայների 3/5-րդով: Մի քանի մանդատ կորցնելու դեպքում ՔՊ-ն հնարավորություն չի ունենա անձեռնմխելիությունից զրկել կաշառքի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին: Նույնը վերաբերում է Մեղրու, Քաջարանի, Սիսիանի և Գորիսի քաղաքապետերին:

Սա լրջագույն խնդիրներ կառաջացնի իշխանության համար, քանի որ խոստացված պողպատը կվերաբերի մանր-մունր տասովշիկներին, որոնց նկատմամբ հանրությունը հետաքրքրություն չունի:

Իսկ եթե այնուամենայնիվ ՍԴ-ն ուժի մեջ թողնի ստեղծված ստատուս քվոն, այդ դեպքում շատ վատ հեռանկարներ են սպասում արդեն «Հայաստան» դաշինքին: «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը չստեղծված կարող է վերանալ, քանի որ բանտում կուսակցական և քաղաքական գործունեություն ծավալելն ահագին կդժվարանա: Նրանք մտան քաղաքականության մեջ, որ վերցնեն գործադիր իշխանությունը և ոչ թե բանտերում դիսիդենտ խաղան:

Արիս Վաղարշակյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ