...

Մի քանի ժամից պարզ կդառնա, թե որ ճանապարհը նախընտրեց Մարուքյանը

Մի քանի ժամից պարզ կդառնա, թե որ ճանապարհը նախընտրեց Մարուքյանը

Որքան էլ քննադատենք և դժգոհենք Հրայր Թովմասյանի և կոմպանիայի գործնեությունից, մեկ փաստ անպայման պետք է արձանագրել. ՍԴ դեռ գործող նախագահը և հեռացող անդամները իրենց հապճեպ ու չմտածված քայլերով նպաստում են քաղաքական դաշտի բյուրեղացմանը:

Քաղաքական շրջանակները վաղուց գիտեին, որ Սահմանադրական դատարանի շուրջ վեճը դա կռիվ է՝ արդյոք Քոչարյանը կխուսափի արդարադատությունից, թե ոչ: Բայց դա ցանկալի չէր խոստովանել ոչ իշխանությունների համար և ոչ էլ նրանց համար, ովքեր փորձում էին փրկել դատարանի այս կազմը:

Իրավիճակը փոխվեց երկու օր առաջ, երբ խորհրդարանական քննարկումներին զուգահեռ, Սահմանադրական դատարանը շտապ հավաք անցկացրեց և հայտարարեց, որ վերսկսում է Քոչարյանի փաստաբանների ներկայացրած հայցի քննարկումը և դատական նիստի օր նշանակեց հուլիսի 7-ը: Այդ պահից բոլորին պարզ դարձավ՝ Թովմասյանը և մնացածը ունեն ընդամենը մեկ առաքելություն՝ փորձել փրկել Քոչարյանին:

Իրավիճակը ստիպեց բոլոր խուսանավողներին վերջնականապես դիրքավորվել: Նախագահ Արմեն Սարգսյանը հեղափոխությունից հետո արեց իր ամենակարևոր քայլը: Ստորագրելով օրենքը՝ նա վերջնականապես բացահայտեց, թե որ ճամբարն է իրեն ավելի մոտ: Հաշվի առնելով Սարգսյանի կապերը՝ պետք է հասկանալ, թե այս օրերին նրա վրա ինչ ճնշումներ են եղել: Քոչարյանի համար գրավ վճարող ռուսահայ օլիգարխները հնարավոր չէ ուղիղ դիմած չլինեն նախագահ Սարգսյանին՝ իրենց ընկերոջ ազատության խնդրին չխոչընդոտելու խնդրանքով: Այդ օրենքը ստորագրելով՝ նախագահ Սարգսյանը համալրեց նաև Քոչարյանի անձնական թշնամիների ցանկը:

Հիմա «Լուսավոր Հայաստանի» դիրքավորման հերթն է: Եթե միանում է ԲՀԿ-ի ստորագրահավաքին, ապա վերջնականապես կոտրում է միֆը, թե իրենք նոր ուժ են և չեն սպասարկում նախկինների օրակարգը: Ավելին, իրենց կապում են մեկի հետ, որն ավելի վատ համբավ ունի հասարակության մեջ, քան անգամ Սերժ Սարգսյանը և Միքայել Մինասյանը: Առանց չափազանցության դա ճակատագրական կլինի «Լուսավոր Հայաստանի» համար: Էդմոն Մարուքյանը ոչ ավելի խելացի է Արթուր Բաղդասարյանից, ոչ ավելի պոպուլիստ և ոչ էլ ավելի լավ հռետոր: Ուստի «Լուսավորի» օեկացումը կլինի օրերի խնդիր:

«Լուսավոր Հայաստանը» կունենա էլ ավելի քիչ փաստարկ արդարանալու, քան ՕԵԿ-ը՝ հաշվի առնելով, որ 2008 թվականի ձմռանը Արթուր Բաղդասարյանի վրա անհամեմատ ավելի լուրջ ներգործության միջոցներ են կիրառել, քան հիմա ունեն Քոչարյանը և Սարգսյանը իրենց արսենալում:

Հակառակ դրան, եթե «Լուսավոր Հայաստանը» չմիանա ԲՀԿ-ին, կարող է բավականին շահեկան վիճակում հայտնվել՝ դիրքավորվելով իբրև առողջ ընդդիմություն, որ կապ չունի նախկինների հետ: Մի քանի ժամից պարզ կդառնա, թե որ ճանապարհը նախընտրեց Էդմոն Մարուքյանը:

Արիս  Վաղարշակյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ