Սենց էլ անորոշ վիճա՞կ
Հայաստանի ներքաղաքական իրավիճակը մեզ հիշեցնում է Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի առաջին էջը. «Ամեն բան խառնվել է Օբլոնսկիների տանը»: Հավատարմության երդումներ, դավաճանություններ, մեղադրանքներ, քաոտիկ զարգացումներ և ոչ մի լույս՝ թունելի վերջում:
Ու այս ամենը կարող էր և չլինել: Եթե հեղափոխությունից հետո իշխանությունները դատաիրավական համակարգը փոխեին: Վաղ թե ուշ, դրա հետևանքները սկսելու էին արտահայտվել:
Օրինակ, ՍԴ-ի մասին աղմկահարույց օրենքը, որը սվիններով ընդունվեց նախկին ռեժիմի կողմից: Չէ՞ որ դա կարելի էր երկու տարի առաջ անել: Չնայած այս օրենքի ընդունումը, որով ՍԴ-ի երեք դատավորի լիազորությունները դադարեցվում են, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էլ դադարում է ՍԴ նախագահ լինել, բացարձակապես հարցի լուծում չէ: Մենք դեռ չգիտենք, թե Հրայր Թովմասյանի խումբը ինչ է անելու: Իսկ իրենք պետականությանը հարվածելու մեծ փորձ ունեն: Մի խումբ, որը լեգիտիմացրել է վերջին քսանամյակում Հայաստանում բոլոր քաղաքական հանցագործությունները, իշխանության զավթումը, ընտրակեղծիքները: Եվ սպասել, որ նրանք հենց այնպես կզիջեն իրենց դիրքերը, անիմաստ է: Դրա համար չեն սրանց գործուղել ՍԴ:
Իմիջիայլոց, շատ ուշագրավ է, որ ՍԴ 2 անդամներ, որոնց լիազորությունները պետք է դադարեցվեն, հարցին մոտենում են ոչ թե իրավական, այլ զուտ ֆինանսական տեսանկյունից: Մեկն ասում է՝ բա ես վարկեր ունեմ, ո՞նց եմ փակելու, մյուսն էլ թե՝ ՄԻԵԴ-ից եկել եմ ՍԴ, տակ եմ տվել: Այսինքն, սրանք ընդամենը ՍԴ-ն դիտարկում են զուտ որպես պատվերներ կատարելու և փող աշխատելու միջոց:
Հրայր Թովմասյանն էլ խոսում է ամոթի զգացումից: Արժանապատվությունից: Չի ասում, որ սարքել են քոչարյանականների դռան տրյապկա, որի վրա նախկինները հերթով ոտքերն են սրբում:
Քաղաքական հանգուցյալուծում
Բա որ նախկինները վրա են տվել Արմեն Սարգսյանին: Երբ Սերժ Սարգսյանը նրա թեկնածությունն առաջադրեց ՀՀ նախագահի պաշտոնում, մի հատ բացեք, թե հանրապետականները ինչեր էին խոսում Արմեն Սարգսյանի մասին: Էլ պետական գործիչ, միջազգային հեղինակություն ունեցող, իմաստուն մարդ, փորձառու դիվանագետ: Իսկի Սերժ Սարգսյանին այդպես չէին գովել: Միաձայն Արմեն Սարգսյանի օգտին են քվեարկել: Ու դրանով հպարտանում էին:
Իսկ հիմա. ամենամեղմ բնորոշումը, որ նախկինները տալիս են Արմեն Սարգսյանի հասցեին, դավաճանն է: Վերջ, դարձրին ամենամեծ հրեշը: Այս առումով բոլորին տվեց անցավ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս Արմեն Սարգսյանին համարել էր քաղաքական հանգուցյալ, որի մասին կամ լավ, կամ՝ ոչինչ: Որ ասում ենք՝ ամեն ինչ խառնվել է, սա էլ նկատի ունենք: Թվում է, թե երբ ԱԱԾ-ն հրապարակեց Ծառուկյանի տանը հայտնաբերված «բարաթները», բհկ-ականները պիտի ամոթից գետինը մտնեին: 21-րդ դարում ստրուկի հավատարմության երդում տալ: Բայց ոչ, նորմալ է, մարդիկ շարունակում են սովորականի պես հաց ուտել, քնել, «տուալետ» գնալ, ստատուսներ գրել և բարոյականության խրատներ տալ: Մի եվրոպացի փիլիսոփա լավ էր ասել. «Սրանք շատ ամուր ընկույզ են. խիղճը նրանց կրծում է, կրծում է, վերջում ատամներն է կոտրում»:
«Լուսավորի» ձիով քայլը
Եվ այնուամենայնիվ, շաբաթվա թոփ-դրվագը «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումն էր՝ չմիանալ ԲՀԿ-ին և չդիմել Սահմանադրական դատարան: Ոնց որ թե այդ քայլը խառնել է քոչարյանականների խաղաքարտերը: Այս անգամ ընդգծում ենք՝ քոչարյանականների: Որովհետև ուշադրություն դարձրինք, որ ՀՀԿ-ն այնքան էլ չխարազանեց Էդմոն Մարուքյանին: Օրինակ, Արթուր Վանեցյանը «Լուսավորին» մեղադրեց սահմանադրական կարգը տապալելու գործընթացին աջակցելու մեջ: Դաշնակները խիստ կատաղած էին: ԲՀԿ-ի մասին էլ չենք խոսում: Թեպետ Նաիրա Զոհրաբյանը Մարուքյանին չթաղեց ու վրան էլ տապանաքար չդրեց, բայց յոթ հարկանի հայհոյանքները հիմնականում հենց իր կուսակիցների կողմից էր հնչում:
Սա կարող է նշանակել, որ Էդմոն Մարուքյանին վերջին պահին համոզել են, որ Քոչարյանի ջրաղացին ջուր չլցնի: Կամ ինքն է դա կռահել: Այսպես ենք գրում, որ չասի, թե իրենց ինչ-որ մեկի խաղալիք ենք համարում: Չնայած՝ սա այն կուսակցությունն է, որը կարող է ցանկացած պահի դիրքորոշումը փոխել:
Ի դեպ, այն հզոր դաշինքը, որը պատրաստվում էր հակահեղափոխական դաշտը կազմել, առայժմ չի ստացվում: Արթուր Վանեցյանը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են մնացել, ու էլի ՀՀԿ-ն չկա:
Իսկ իշխանություններին հիշեցնում ենք, որ Քոչարյանը ազատության մեջ է: Իսկ երբ Քոչարյանը ազատության մեջ է լինում, դրանից միշտ վառոդի հոտ է գալիս:
«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2020