Ռեսուրսների պատերազմ
Արցախյան պատերազմը չի ավարտվել: Թեպետ ինչ-որ զինադադար կնքվեց՝ հումանիտար նպատակներով: Ադրբեջանը շարունակում է բոլոր ուղղություններով հարձակվել, որոշ հատվածներում առաջխաղացում ունի: Թե ինչ աստիճանի, չենք կարող ասել, բայց որ տարածքային որոշ կորուստներ ունենք, դա նաև ռազմական գերատեսչության ներկայացուցիչներն են ասում:
Առաջին օրերին այս ագրեսիային Արցախի բանակը փայլուն կերպով դիմագրավեց՝ բավական լուրջ կորուստներ պատճառելով հակառակորդին: Ժամանակագրությունը, մեր հերոսների սխրանքները, կորուստների վիճակագրությունը. դրանք չենք ներկայացնում, ամենքին հայտնի է:
Բայց հիմա պատերազմը թևակոխել է մի փուլ, որը շատ ավելի լուրջ մարտահրավեր է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար: Խոսքը ռեսուրսների պատերազմի մասին է:
Ադրբեջանի ռեսուրսների մասին: Առայժմ Թուրքիան անպատիժ զենք-զինամթերքի անխափան մատակարարում է իրականացնում, ինքն է իր ինքնաթիռներով և ԱԹՍ-ներով անմիջականորեն մասնակցում ռազմական գործողություններին, և վերջապես՝ մարդուժի խնդիր էլ չունեն. հազարներով բերում են Սիրիայից, Լիբիայից և Պակիստանից: Մերոնք դրանց հարյուրներով փրթում են, էլի են բերում:
Հետևաբար, մենք պետք է առավելագույնս կենտրոնացնենք մեր ռեսուրսները: Խոսքը չի վերաբերում միայն մարդկային և ռազմա-տնտեսական ռեսուրսներին: Նկատի ունենք նաև դիվանագիտական «ֆրոնտը»: Այստեղ գործելու, մանևրելու հսկայական դաշտ կա, և եթե մենք ճիշտ աշխատենք, ապա կարող ենք շահավետ ձեռքբերումներ ունենալ, նոր դաշնակիցներ ձեռք բերել:
Այդ իսկ պատճառով Հայաստանի քաղաքական վերնախավի թիվ մեկ գերխնդիրը պետք է լինի Թուրքիային և Ադրբեջանին զինադադար պարտադրել: Ռազմական ճանապարհով, ինչպես տեսնում ենք, դա բավական բարդ խնդիր է, նշանակում է, պետք է դիվանագիտական ասպարեզում 24 ժամ ռեժիմով աշխատել և հասնել նրան, որ միջազգային խոշոր գերտերությունները անմիջականորեն միջամտեն: Իսկ երբ ասում ենք գերտերություն, առաջին հերթին, նկատի ունենք Ռուսաստանը:
Ռուսական գործոնը
Ռուսաստանը խիստ անհանգստացած է տարածաշրջանում ծավալվող զարգացումներից, հասկանալի է, որ Թուրքիայի նման ակտիվությունն այստեղ հարվածում է ՌԴ շահերին: Լուրեր են պտտվում, որ Սիրիայից բերված վարձկան-ահաբեկիչների մի խումբ ներթափանցել է Ռուսաստան: Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը սա հաստատեց՝ ցուցադրելով լուսանկարներ, թե ինչպես են վնասազերծել 4 ահաբեկիչների, որոնք սիրիական կողմերից էին եկել: Հետևաբար ռուսական կողմի հետ անհրաժեշտ է ակտիվացնել շփումները և համատեղ հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու նախադրյալներ ստեղծել: Ռուսաստանը ահաբեկչության դեմ պայքարի բավական հարուստ և արդյունավետ փորձ ունի, և դա կարող է այս տարածաշրջանի վառոդները հանգցնել:
Մեծ հաշվով, ռուսական գործոնի կարևորության մասին խոսեց նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Վերջինս հայտարարեց հետևյալը. «Մենք բոլորս պետք է շնորհակալ լինենք ռուսական կողմին, քանի որ Ռուսաստանը լավ և սերտ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, այդ իսկ պատճառով հենց ա՛յդ երկիրը կարող է հանդես գալ իբրև միջնորդ ոչ միայն բանակցություններում՝ լինելով համանախագահ, այլև Ռուսաստանը թերևս այն միակ երկիրն է, որ կարող է միջնորդ լինել՝ դադարեցնելու ռազմական գործողությունները շփման գծում և դրանից այն կողմ: Ցավոք, մեծ թվով տուժածներ կան գյուղերի ու քաղաքների անմեղ բնակչության մեջ»:
Գոյության պայքար
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Լաչինի միջանցքի վերաբերյալ պատմական ուշագրավ ակնարկ էր արել: 1991-1994 թվականներին Արցախյան պատերազմում հայկական կողմը ունեցել է ծանր, ծանրագույն, անգամ անհուսալի թվացող ժամանակահատվածներ: «1992թ. աշնանը քիչ մնաց Լաչինը նորից կորցնեինք և ոչ միայն Լաչինը, սակայն դիմակայեցինք ու հաղթեցինք»:
Անկասկած, Լաչինի միջանցք պահելը 1992-ին բացառիկ հերոսություն էր: Միջազգային հանրությունը ընդունեց միջանցքի կարևորությունը արցախահայության գոյապահպանման համար: Հիմա մեր խնդիրն է միջազգային հանրությանը ցույց տալ, որ այս պատերազմն արդեն ինքն է արցախահայության գոյապահպանման խնդիր: Այսինքն, սա ոչ թե տարածքների վեճ է, այլ արցախցու ապրելու իրավունքի խնդիր: Ինչը իրական լույսի ներքո ցույց կտար թուրքա-ադրբեջանական ագրեսիայի նպատակները և միջազգային հանրությանը կստիպեր տեղից շարժվել:
«Չորրորդ իշխանություն», թիվ 31, 2020