...

Երեք տարին չոքեց դուռս

Երեք տարին չոքեց դուռս

Հեղափոխությունը թան չի, ամեն մարդու բան չի

Այս շաբաթ լրացավ թավշյա հեղափոխության 3-րդ տարին: Հեղափոխություն, որը մարդկանց տները պետք է հույս և հավատ լցներ, երկրի զարգացման նոր էջ բացեր: Հեղափոխություն, որից հանրությունը ահռելի սպասելիքներ ուներ: 

Իսկ ստացվեց այնպես, որ հեղափոխությունը մարդկանց տները սուգ բերեց, վիշտ և տառապանք, աղետ՝ աղետի հետևից: Խոր հիասթափություն, կորսված հնարավորություններ, կորսված երազներ և համատարած ապատիա: Թվում էր, թե կթևակոխենք կայունության շրջան, բայց այսպիսի անկայունություն և մշուշոտ վիճակ չենք հիշում: 
Եթե 1990-ականների ծանր վիճակը հազար ու մի օբյեկտիվ պատճառ ուներ. փլուզված կայսրության փլատակներ, երկրաշարժ, հարյուր հազարավոր փախստականներ, շրջափակում, ապա հիմա նման խնդիրներ չկան, սակայն այն ժամանակ կարողացանք պատվով դուրս գալ, իսկ հիմա անարժանապատվությունն ու ամոթն է մեզ համակում, երբ տեսնում ենք այս իշխանությունների գործելաոճը: 90-ականներին կար վստահություն վաղվա օրվա նկատմամբ, որովհետև կար իշխանություն, կար թիմ, կային խարիզմատիկ դեմքեր, կար աշխարհի համար հասկանալի քաղաքականություն:

Հիմա իշխանություն չկա: Թիմ հասկացության մասին ավելորդ է խոսել: Երեք տարի է անցել հեղափոխությունից, դուք գոնե մի հոգու գիտե՞ք, որ ասեք՝ խարիզմատիկ դեմք է, սկզբունքային է, որակներ ունի, մեջը էներգիա կա: Գոնե մեկը չկա: Միջազգային հեղինակություն, արտաքին հարաբերություններ, արտաքին քաղաքականություն... դուք ասեք, թե ինչ գնահատականներ կարելի է տալ:

Ներողության կարիք չկա

Իմիջիայլոց, այս օրերին շատերը, համացանցում հիշեցնելով հեղափոխության տարեդարձը, հպարտությամբ գրում են, թե այդ հեղափոխությանը չեմ մասնակցել: Իրեն ծափ են տալիս, ասում՝ ապրես, ես էլ չեմ մասնակցել: Մի մասն էլ զղջում է, որ մասնակցել է, կան ներողություն խնդրողներ: 

Մինչդեռ ոչ ափսոսալու, ոչ էլ ներողություն խնդրելու կարիք չկա: Հպարտացողները թող հպարտանան, իրենց գործն է, բայց հեղափոխության օրերին ցույցերի մասնակցող հարյուր հազարավոր մարդկանց 99,9 տոկոսը հաստատ չի մասնակցել՝ իշխանություն, պաշտոն ստանալու ակնկալիքով, այլ որովհետև հոգնել էին նախկիններից, այդ 20-ամյա դժնդակ և ավազակապետական բարքերից, և հեղափոխության մեջ տեսան նոր երկիր կառուցելու և անցյալը վերջնականապես մերժելու շանսը: Մարդիկ նյութական շահ չեն հետապնդել, ցանկացել են ավելի արդար, ազատ և ժողովրդավարական երկրում ապրել, որտեղ ընտրության արդյունքները ոչ թե բանդիտները, հանցավոր խմբավորումները պետք է որոշեին, այլ քաղաքացին, որտեղ յուրաքանչյուրի համար հավասար հնարավորություններ կստեղծվեին. բիզնես անելու, ստեղծագործելու, բարիք ստեղծելու, արարելու: Եվ իհարկե՝ խաղաղություն ձեռք բերելու: 

Լույսից՝ խավար

Իսկ ի՞նչ եղավ: Ինչքան լավ բան կար, լուսավոր, պայծառ, դրեցին ապականեցին, փչացրին, ինչքան հոռի բարքեր կան, թողեցին նույնը, մի երկու բան էլ իրենց կողմից ավելացնելով, ինչքան քաղաքական դիակներ կային, որոնք վաղուց պետք է փթած լինեին, հող դարձած, վրան էլ խոտ աճած, բոլորին վերակենդանացրին: Իբր թե նախկիններից ազատվեցինք, իրականում ստացանք նախկիններ և ներկաներ: Ու մնացել ենք երկու կրակի արանքում: Ի՞նչ երկու կրակ. դրանք ավելի շատ են՝ Արցախ, Ադրբեջան, Թուրքիա, Զանգեզուր, հիմա էլ ԱՄՆ-ն է այնտեղ բզբզում, թե բա՝ Ցեղասպանություն պիտի ճանաչի, ինչը կրակի վրա յուղ լցնելու պես մի բան է: Համենայնդեպս, մենք յուղի հոտ ենք զգում: Ահա այսպիսի կրակների մեջ ենք: 

Հեղափոխությանը մասնակցած քաղաքացիները այսպիսի արդյունքներ էի՞ն սպասում: Ո՛չ, իհարկե: Սա էլ է ընտրություն: Լինում է, չէ՞, որ մարդը ընտրություններում քվեարկի մի թեկնածուի կամ կուսակցության օգտին՝ հավատալով նրա խոստումներին, ծրագրերին, խոսքին, բայց հետո պարզվի, որ անպետքի մեկն է, դատարկ, պոպուլիստ, որը սին խոստումներ է տվել՝ բացարձակ պատկերացում չունենալով, թե ինչպես պետք է այդ խոստումները կատարի: 

Հարյուր հազարավոր քաղաքացիներ ընտրել են հեղափոխությունը, ժամանակը ցույց է տվել, որ իշխանությունները պետություն կառավարելու ունակություններ չունեն, բարեփոխումներ իրականացնելու խիզախություն չունեն, ոչ մի ծրագիր չունեն: Թե ներողություն խնդրելու հարց կա, իշխանությունները պետք է դա անեն... այսինքն, համարյա ամեն օր ներողություն են խնդրում, բայց նույնը շարունակում են, ո՞ւմ է պետք ձեր ներողությունը:

«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1027 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ