...

Բանականության ձայնը

Բանականության ձայնը

Ս.թ. մարտի 15-ին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացրեց. «... վարչապետն ու նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժը, կրած խայտառակ պարտության համար պատասխանատվությունից խուսափելուց բացի, առաջնորդվում են ոչ թե պետության ամրապնդման և հզորացման մտահոգությամբ, այլ բացառապես իրենց իշխանությունն ամեն գնով պահպանելու անթաքույց մոլուցքով: Համաձայն եմ նաև հանրության մեջ հնչեցվող այն պնդումներին, որ իշխող ուժի կողմից կազմակերպված արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, նրանք չեն խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից, ինչի հետևանքով բոլոր ընտրատեղամասերը կարող են վերածվել լարվածության օջախների: Համոզված եմ, որ այդ պարագայում մենք ականատես ենք լինելու Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններին: Իսկ դա կարող է նշանակել Հայոց պետականության վերջը կամ երկարատև մղձավանջային գոյատևումը:

Ուստի թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքն, իմ կարծիքով, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում: Այդ պարագայում վարչապետի պարտականությունները պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա, որն իր չեզոքության հանգամանքով ունակ է ապահովելու արդար ընտրությունների անցկացումը»:

Զգուշացումը տեղ չհասավ: Անձնապաշտությունը հաղթեց, և մենք թերևս ունենալու ենք մեր պատմության ամենախայտառակ ընտրությունները: Նախադրյալներն այնքան ակնհայտ են, որ կասկածի տեղ չեն թողնում:

Խոսքս առայժմ քարոզչական ամոթալի նշաձողի մասին է, որը, թվում է, այլևս իջնելու տեղ չունի: Սրա վառ վկայությունը վարչապետի Սյունյաց արշավանքն էր և դրա արձագանքները: Սյունիքում հնչած անպատվաբեր հայհոյախոսությունը, իշխանության՝ դրան հաջորդած էլ ավելի խայտառակ պահվածքն ու խոսքը ապացուցում են, որ բանականության ձայնը Հայաստանում լռեցրել են:

Այժմ, երբ ակտիվանում են Հայաստանը վերջնական կործանման տանող երկգլխանի հրեշի՝ Փաշինյանի և Քոչարյանի աջակիցները, իսկ որոշ արկածախնդիրներ հասարակությանը դարձյալ փորձում են համոզել, որ նոր ուժերն են հանդես գալու որպես փրկիչներ, երբ սրանք բոլորը միասին թքած ունեն մեր պետության վրա, Հայ ազգային կոնգրեսիԼևոն Տեր-Պետրոսյանի աջակիցները պնդում են, որ հենց այդ ուժը կարող է կասեցնել մեր սրընթաց վայրէջքը: 

Բնական է՝ հիշում ենք 90-ականների սկիզբը, երբ Լ. Տեր-Պետրոյանն ու իր թիմը դուրս բերեցին երկիրը գրեթե անելանելի վիճակից՝ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակ արձանագրելով: Արման Գրիգորյանը, օրինակ, իրավացիորեն նշում է. «Կոնգրեսում հավաքված են կենսագրություն ունեցող ու խելացի մարդիկ, ինչպես նաև մեծ թվով պարզապես հրաշալի երիտասարդներ։ Վերջապես, Կոնգրեսը Լևոն Տեր-Պետրոսյանի պես բազմափորձ ու իմաստուն ղեկավար ունի, որն իմ կարծիքով՝ միակ մարդն է այսօր Հայաստանում, որը շանս ունի վերականգնելու անդորրը երկրում, կասեցնելու ներկա ճգնաժամի վտանգավոր էվոլյուցիան և վերականգնելու մեր երկրի միջազգային հեղինակությունը»։

Բնավ կասկած չունեմ, որ Լ. Տեր-Պետրոսյանն ու նրա զինակիցներն են այն սթափ ուժը, որ կարող է երկիրը դուրս բերել այս հորձանուտից, բայց նաև լավատես չեմ ընտրությունների առումով: 

Թե՛ 20 տարում ձևավորված և իբր նոր ձևավորվող քաղաքական վերնախավը, թե՛ ընտրողների հոգեվիճակն ու նախապատվությունները լավատեսության տեղ չեն թողնում: Ուստի Հայ ազգային կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու միակ պատճառը տեսնում եմ բանականության ձայնը Հայաստանում լսելի դարձնելու առաքելության մեջ: Ի դեպ, սա ավելի դժվար գործ է, քան իշխանություն պահելը կամ իշխանություն վերցնելը: Լևոն Տեր- Պետրոսյանը, անշուշտ, կարող է մեր ներքին խոսույթի խայտառակ ցածր մակարդակը բարձրացնել, բայց եթե մենք ամբողջ պատասխանատվությունը միայն նրա ուսերին չթողնենք:

Նիկոլ Փաշինյան-Ռոբերտ Քոչարյան տանդեմը միասնական է քարոզչական դաշտում, որովհետև օգտագործում է նույն պրիմիտիվ, գավառական մեթոդները: Որևէ ռեալ, բանական գաղափար նրանք չեն ընդունելու, ճիշտ հակառակը՝ փորձելու են խեղդել, ոչնչացնել իսպառ: Ուստի բանականության ձայնը լսելի դարձնելու համար անմարդկային ջանքեր են պետք գալու: Բայց պետք է կռիվ տալ հանուն Հայաստանի պետականության...

Գրիգոր Խաչիկյան
(շարունակելի)

«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ