...

Մի բան ստույգ կարող ենք…

Մի բան ստույգ կարող ենք…

«Մի բան ստույգ կարող ենք - մտածել մեր երեխաների մասին և չխելագարվել, ասել է՝ մեզ չափի բերել, մեզ մեր չափին բերել, տեղավորել մեզ բանականության սահմաններում, Աստծո օրվա առջև ետ քաշել սև վարագույրը մեր երեխաների դեմից, ողբի ու տառապանքի պատ չկապել ողջ հանրության ու յուրաքանչյուր անհատի շուրջը, միևնույն է, նրանք գլուխներն այդ պատին ծեծելով չէ որ ապրում են, նրանք երգի ու օրհներգի իրենց օրվա մեջ ոխն ու ողբը մի համեստ անկյունում ծվարած են տեսնում:

Այսքանը ահա կարող ենք, և այսքանը քիչ չէ, բայց այսքանի առջև վրիպելը ներելի չէ, այնինչ վրիպում ենք, դարձյալ վրիպում ենք:

Խոսքն այստեղ թշնամուց կորզելիք մեր օգուտների մասին չէ և թշնամուն պատճառելիք մեր վնասների մասին չէ և ոչ անգամ դեպի արևելք նրա երթը խոչընդոտելու մասին - մեր իսկ հանդեպ մեր պահվածքի մասին է խոսքը. ցեղովի խոսում ու գործում ենք հանուն ցեղասպանության ճանաչման, ցեղի մեծուփոքրով ծնկի ենք եկել մեր անթաղ մեռելների վրա և չենք տեսնում՝ որ հենց ցեղն ենք մսխում - ցեղի կարողությունն ու կենդանի շունչը. արդարությամբ ու Աստծով խոկում և հատուցումն ու պահանջատիրություն ենք հուսում և չենք տեսնում՝ որ սպառվում է ինքը պահանջատերը:

Պետք է մտածեինք պահանջատիրոջ մասին և ոչ պահանջատիրության: Պետք է սիրեինք այս Հայրենիքը, հոգայինք այսօրվա հոգսը: Այլապես, հնարավոր է, վաղը պահանջատիրությունը բավարարվի՝ մեջտեղը պահանջատեր չլինի, մանավանդ որ այսպես մի անգամ արդեն եղել է. ձեզ Երզնկայից Շուշի երկիր ենք տալիս, բայց ժողովուրդ չունեք»:   

Հրանտ Մաթևոսյան, «Մի՛ ուրացեք ձեր եղբորը»

Սրանից ավել էլ ի՞նչ ասես: Մաթևոսյանը սա ասել է 20 տարի առաջ: Ազգակործան պատերազմից 23 տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանն էր զգուշացնում, թե ինչ կարող է լինել, եթե չլրջանանք: Չլսեցինք: Եվ զոհաբերեցինք մեր երեխաներին, զոհաբերեցինք հայկական Արցախը, զոհաբերեցինք Հայաստանի ինքնիշխանությունը: Հիմա մի բան կարող ենք՝ փրկել մնացածը: Դրա համար պետք է հրաժարվել ոչմիթիզական առասպելաբանությունից, հասկանալ, որ նախ անհրաժեշտ է խուսափել ներքին բախումներից, վերականգնել պետական քայքայված համակարգը: 

Հետևաբար պետք է ընտրել ուղեղով, ոչ թե զգացմունքներով: Եվ ուղեղով ընտրելու դեպքում կտեսնեք, որ ձեզ միայն մեկ ուժ առասպելներ չի պատմում, ոսկե սարեր կամ ծովից ծով Հայաստան ձեզ միայն մեկ ուժ չի խոստանում: Միայն մեկ ուժ է պատրաստ հանուն պետականության մի կողմ դնելու սեփական հավակնությունները…

Կարծում ենք՝ հասկացաք, որ այդ ուժը Հայ ազգային կոնգրեսն է:

2017-ին դուք, սիրելի՛ հայրենակիցներ, չընտրեցիք խաղաղությունը, ստացաք պատերազմ: Մի՛ կրկնեք նույն սխալը:

Գրիգոր Խաչիկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   870 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ