Առաջինը կարող է պատահականություն լինել, երկրորդը՝ զուգադիպություն, իսկ ահա երրորդն արդեն օրինաչափություն է:
Համենայնդեպս, վերջին օրերին Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ զառանցանքի կամ ատելության արշավը այդպես կարելի է բացատրել: Առաջին նախագահի առողջության մասին լուրեր տարածելը կարելի է վերագրել մարդկանց հիվանդագին երևակայությանը:
Երբ Քոչարյանի նախկին ռեֆերենտը Տեր-Պետրոսյանի մասին ինչ-որ տխմարություններ է դուրս տալիս, դա կարելի է բացատրել նրա կոմպլեքսավորվածությամբ, չկայացածությամբ, կյանքում աննշան մնալով:
Բայց երբ այս շարքը շարունակում է երկարել, արդեն այս արշավը պատահական չհամարելը բարդ է:
Ընդ որում, Տեր-Պետրոսյանի անձի շուրջ սևեռվել են մարդիկ, որոնք թվում է, թե տարբեր արժեքային համակարգեր ունեն: Իհարկե, հասկանում ենք, որ Անուշ Սեդրակյանի ու Գարեգին Միսկարյանի մոտ արժեքային համակարգերը ֆորմալ բնույթ են կրում, ինչպես մարքսիզմ-լենինիզմը Շարիկովի մոտ, բայց մեկ է, ո՞նց է պատահում, որ տարբեր ճամբարներում գտնվող մարդիկ Առաջին նախագահի մասին նույն բանն են ասում, նույն բառապաշարով, նույն պնդաճակատությամբ ու մի հատ սենց ատելության մոլուցքով, դուրս են տալիս իրականության հետ աղերս չունեցող ինչ-որ բառակույտեր:
Այս երևույթը շատ դիպուկ է մեկնաբանել Հրանտ Մաթևոսյանը: Ասում է. «Դա չարություն չէ, դա խեղճություն է, անկարություն. Կորտասարի պատմվածքի սաքսաֆոնահարը գազազում ու գործիքը ջարդում է այն պահին, երբ իրեն թվում էր, թե նվագով ահա-ահա գաղտնիքների վերին ոլորտ, խորհրդավոր ինչ-որ շքեղ ապարանք է մտնում, բայց վերջին պահին հենց քթի տակ դռները փակեցին: Դա, ահա, մերժվածի դառնություն է, Թումանյանը դառնացած էր ասում և պատճառաբանում էր ոտնակոխ տրորվածի Հայոց մեր պատմությամբ, ես անկարություն եմ ասում: Անկարություն՝ նկարչին Սարյանի աշխարհ ընկնելու, բանաստեղծին՝ Չարենցի, գիտնականին՝ Համբարձումյանի, բանվորին՝ բարձր արտադրողականության, գյուղացուն՝ ծավալուն ու ծփուն մեծ ֆերմաների ու նախիրների, և այլն. դրանք թերևս տարբեր աշխարհներ չեն՝ հաջողվածների ու բավարարվածների մեկ և նույն շքեղ աշխարհն է, շուրջը՝ մերժված-դառնացածներիս աշխարհը»:
Սրան ավելացնելու արդեն շատ քիչ բան կա: Մարդկանց այս տեսակի անկարությունն ու խեղճությունը պայմանավորված է Տեր-Պետրոսյանի մեծությամբ:
Լավ, չասենք մեծությամբ, որ հետո մեզ չմեղադրեն այս մարդկանց ինքնասպանության դրդելու մեջ, ասենք Տեր-Պետրոսյանի ստեղծած աշխարհով, որտեղ իրենք տեղ չունեն անկարության և թուլամորթության պատճառով: Սպանեք էլ, կյանքում չեն ներելու Առաջին նախագահին, Վանոյին... ճգնում են, տանջվում են, անընդհատ փորձում են ինչ-որ հետք թողնել, ինչ-որ բան խզբզել այդ աշխարհի վրա, գոնե մի հատ խազ քաշել, չի ստացվում, ու ինչքան չի ստացվում, այնքան ավելի է խորանում սրանց անբավարարվածության կոմպլեքսը: Ինչքան այդ կոմպլեքսը խորանում է, այնքան ավելի ագրեսիվ են դառնում: Սա տարածված երևույթ է:
Միշտ էլ միջակությունները քարկոծել են պատմություն կերտողներին, հաղթողներին, հաջողվածներին ու բավարարվածներին: Եվրոպայում, ԱՄՆ-ում, Հին Հունաստանում:
Երկիրը բերել, հասցրել են էս վիճակին, դե հո չե՞ն ասելու. կներեք, պատմություն կերտելը մեր խելքի բանը չէր, անճարակ ու թույլ դուրս եկանք, վրա են տալիս հաղթողին: Ասում են. այ, որ դու չհաղթեիր, մենք ուրիշ իրականության մեջ կլինեինք, մեր միջակությունն ու խեղճությունը չէր երևա: