Նոր աղետներ, նոր հերոսապատումներ
«Ծանր էր հայ ժողովրդի վիճակը»... հիմնականում այս նախադասությամբ էին սկսվում հայ գրողների, պատմաբանների գործերը: Դպրոցական դասագրքերում էլ այս արտահայտությունն ամենուրեք գերիշխում է:
Հիմա պատմաբանները պիտի թարմացնեն դասագրքերը, գրողները նոր հերոսապատումներ ստեղծեն: Կհիմնադրվեն նոր բնակավայրեր. Նոր Մարտակերտ, Նոր Հադրութ, Նոր Գանձասար: Երգիչները նոր երգեր կգրեն: Մեկը հաստատ պատրաստ է: Խոսքերի հեղինակը Սերժ Սարգսյանն է: Երբ Արցախում 2016-ից հետո հանդիպել էր Արցախի... կներեք, ինչպես վարչապետի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանն է ասում՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ, զգուշացրել էր, որ եթե բանակցային սեղանին դրված առաջարկները չընդունվեն, հետո «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» ենք երգելու:
Ասաց ու մխեց: Սերժը ճիշտ էր: Գոնե էս մի դեպքում ճիշտ էր:
Դդումը չի՞ հոտում
Մնացած ճշմարտությունների կանխատեսումները պատկանում են Տեր-Պետրոսյանին ու Վանո Սիրադեղյանին: Հիմա աջուձախ բոլորը նրանց մտքերն են մեջբերում, տարածում, հիշեցնում, թե նայեք, ինչ են ասել 20-25 տարի առաջ: Չնայած, մեկ է՝ ասես, չասես, քյալլագյոզների բանակը դեռ կուռ է, այսքանից հետո էլի իրենց դդում ուղեղների մեջ աճած ու արմատացած «սաղ Լևոնն էր մեղավոր» պլաստինկան են պտտեցնում: Անիմաստ էլ է այս զանգվածին ինչ-որ բան հասկացնել. եթե 25 տարվա մեջ բան չեն հասկացել, դդում էլ մնալու են:
Արցախը դատարկվեց: Չկարողացանք մեր պետականության գլխավոր քննությունը հանձնել: Եվ ինչպես Վանո Սիրադեղյանն էր կանխատեսել՝ էս աղետից հետո սկսվելու է մեղավորներ փնտրելու պրոցեսը, որը կարող է առանձին մղձավանջի վերածվել:
Լաչառների կանչը
Իշխանություններն իրենց համար արդեն որոշել են գլխավոր մեղավորին. ռուսները: Էլի քցեցին, խաբեցին, դրանք մարդ չեն: Այնպես են հոխորտում Ռուսաստանի հասցեին, կարծես Ռուսաստանն իրենց ծնողն է եղել, հիմա հրաժարվում է երեխայից:
Արդեն ինչ-որ գեոպոլիտիկ խաղեր են փորձում տալ: ՀԱՊԿ-ին տշում ենք, ռուսներին ռադ ենք անում Հայաստանից, ՆԱՏՕ-ն այնտեղ թակում է մեր դռները, լայն բացենք, ներս թողնենք, ու առնվազն մինչև 2050 թիվը հանգիստ ապրենք:
Հիմա դիմակներն արդեն դեն են նետվել, դիվանագիտական էթիկա, բան, ամեն ինչ մի կողմ է շպրտվել, հայ-ռուսական հարաբերությունները վերածվել են հայ-ռուսական հակամարտության:
Իսկ դա նշանակում է. быть беде: Կամ սրանց խոսքերով. աղետ լինելու է: Ոչ թե ապագա լինելու է:
Ռուսներն արդեն զգուշացրել են, որ այսպես շարունակվելու դեպքում ուրիշ լեզվով են խոսելու: Իսկ ո՞րն է այդ լեզուն: Վստահեցնում ենք՝ Ռուսաստանն այստեղ ազդեցության այնպիսի լծակներ ունի, որ դրանց 5 տոկոսն էլ դեռ չի կիրառել:
Սոցիալական բունտի տեսլականը
Վերցնենք գազը: Մենք դա այնպիսի գներով ենք ստանում, որ եվրոպացին իմանա, ինֆարկտից կմեռնի: Այնտեղ մի 10 անգամ թանկ է: Վերին Լարսի անցակետը կարող է փակվել. կասեն՝ վերանորոգում է, տեխնիկական պատճառներ են, քարաբեկորների փլուզում է: ԵԱՏՄ-ի շրջանակներում բազմաթիվ պրեֆերենցիաներ, արտոնություններ, վերջապես «Վայլդբերիզներ» կան, որոնցից օգտվում ենք, այդ ամենը կարող է վերանալ: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ գազը 10 անգամ թանկանա, Լարսն էլ փակվի: Տնտեսական ինչ կոլապս կլինի: Սոցիալական բունտը պատրաստ է: Դու կարող ես հանուն Քոչարյանի, Սերժի, դաշնակի վերադարձը չթողնելու աչք փակել Փաշինյանի արկածախնդրությունների վրա, բայց որ գազի սպառման համար 150 հազար դրամի հաշիվ գա, էդ մեկի վրա աչք չես փակի:
Մենք չենք ասում՝ գնանք, ռուսներին հանձնվենք, կամ լրիվ կամակատար լինենք, մենք ասում ենք՝ այս ամենից կարելի է խուսափել, բայց դրա համար նախ պետականությունը պետք է վերականգնենք, որը հիմա միայն թղթի վրա ունենք, փորձենք այս լակոտակրատիայի հետևանքները վերացնել: Բոլոր խնդիրները կարելի է լուծել, բայց դա պահանջելու է ուժերի գերլարում, մաքսիմալ պատասխանատվություն, ոսկերչական աշխատանք: Մի անգամ մենք այս վիճակից պատվով դուրս ենք եկել: