...

Շուտ պիտի ասեր

Շուտ պիտի ասեր

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Ես 2016 թվականին գնացել եմ Ստեփանակերտ, և հրավիրել եմ ղեկավարությանը, ես Ազգային ժողովի պատգամավորներին կշտամբել եմ՝ իրենց թուլակամության համար, ոչ հստակ դիրքորոշման համար։ Իրենք ինձ հարցրել են՝ ո՞րն է ձեր նպատակը, ինչո՞ւ մենք պիտի հող տանք, ես ասել եմ՝ եթե դուք ունենաք այդպիսի դիրքորոշում, ապա չի բացառվում, որ մի օր բոլոր հավաքվեք Երևան, և երգեք՝ «Ստեփանակերտ, Ստեփանակերտ»»:

«ՉԻ». Այս մասին տարբեր գրառումներ, հոդվածներ եղել են, բայց որքան հիշում ենք, առաջին անգամ է, որ Սերժ Սարգսյանն է հայտնում, թե ինչ խոսակցություն է եղել Ստեփանակերտում:

Տվյալ դեպքում Սերժ Սարգսյանը ճիշտ դուրս եկավ, բայց ափսոս, որ հիմա է ասում: Չէ, նկատի չունենք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգելը: Այլ որ հենց այն ժամանակ հրապարակավ, հստակ, բոլորի համար հասկանալի հանրությանը չի ներկայացրել, թե ինչպես պետք է լուծվի ղարաբաղյան հակամարտությունը, որն է Հայաստանի ու Արցախի համար լավագույն լուծումը, ինչ է սպասվում ոչմիթիզականության դեպքում:

Այնպես, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն արեց 1997-ին: Պարզ է, որ եթե Սերժ Սարգսյանն էլ իր փայ «Պատերազմ, թե խաղաղությունը» հրապարակեր, չորս կողմից վրա էին տալու, ինչ ասես, որ չէին ասելու, էն 5 մանեթանոց մտավորականներն էլի նվնվալու էին կինոյի տներում, Փաշինյանը Խորենացիում դավաճանության մասին էր ճվճվալու, բարդ էր լինելու մի խոսքով:

Բայց գոնե պատմության ու ժողովրդի առջև շատ ավելի պարզերես կլիներ: 

Հ.Գ. Ու մի բան էլ. արցախցի շատ գործիչներ, օրինակ՝ էն Մետաքսե Հակոբյանը, առավոտից իրիկուն լևոնականությունից էին խոսում, Լևոնը ծախում էր, Լևոնը հանձնում էր, սաղ Լևոնն էր, պարտվողական էր, էս էր, էն էր, փաստորեն, 2016-ից լավ էլ գիտեիք, թե ինչ դիրքորոշում է ունեցել Սերժ Սարգսյանը, բայց ինչ որ չենք հիշում, որ նույն որակումները նրան տայիք, ասեիք, սերժականությունը մերժելի է: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս նրանց կեղծավոր ու շոպլիկ էությունը: Ավել բան չենք ասում: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ