ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ըստ որի մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ «ոչմիթիզականության» ուղեգիծ ընտրելուն, ասել է. «Հիմա կարելի է հետ գնալ ու ասել՝ ես ճիշտ էի էն ժամանակ, իսկ ես ասում եմ՝ ոչ, երկու կողմն էլ սխալ է:
Ասեմ ինչու. եթե դուք զենքը առնեիք, բանակը պատրաստեիք, այս վիճակը չէր լինի: Ոչ մի բան չեք արել, նստել եք թախտին, սպասել բախտին, եկել պարտվել եք, հիմա ասում եք՝ հիշո՞ւմ եք, ես ասել էի, ես ճիշտ էի: Էդպես ես էլ կարող եմ շատ բան ասել: Դա հարցի պատասխան չի: Եթե չեք կարողացել կազմակերպել չեք կարողացել այդ խնդիրը լուծել, բերաններդ փակեք, ատամներդ սեղմեք, պատրաստվի քո բանակը, քո երկիրը պաշտպանելու համար»:
Դուք բան հասկացա՞ք Սամվել Բաբայանի խոսքից: Ասում է՝ Տեր-Պետրոսյանը սխալ է, որովհետև 20 տարի շարունակ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը զենք չեն առել, բանակ չեն պատրաստել, այ, որ լավ բանակ ստեղծեին, 2020-ին չէինք պարտվի: Ու քանի որ չէինք պարտվի, ուրեմն՝ Առաջին նախագահը սխալ է:
Հին Հունաստանում թշնամին Լակոնիայի վրա հարձակվելուց առաջ վերջնագիր է ուղարկում, որտեղ գրված է լինում. հանձնեք ձեր քաղաքը: Եթե մենք հարձակվենք, ձեզ բոլորիդ կկոտորենք, քաղաքը հողին կհավասարեցնենք, մեր նետերը կծածկեն ձեր երկինքը:
Լակոնացիները պատասխան նամակ են ուղարկում, որտեղ ընդամենը մի բառ է լինում. «Եթե»: Սամվել Բաբայանին և մնացած ոչմիթիզականներին էլ կարելի է նույնկերպ պատասխանել՝ եթե: 20 տարի եթեներով եք երկիր ղեկավարել, բանակ պահել, Բաքուն գրավել, ձեռի հետ չայ խմել:
Մի հատ տրամաբանությանը նայեք: Պարտվել ենք ոչ թե «ոչմիթիզականության» գաղափարախոսության պատճառով, այլ որովհետև բանակը ուժեղ չէր: Բանակը ուժեղ չէր, հզորացնեիք: Ոնց որ թե Սամվել Բաբայանն էլ է դեմ եղել 1997թ. փուլային տարբերակին, ոնց որ թե ինքն էլ է 1998թ. հեղաշրջմանը մասնակցել: Ինչի՞ համար էիք անում այդ հեղաշրջումը: Դե ասեք: Ոչ մի թիզի համար: Եկել էիք իշխանության, Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանում, Սամվել Բաբայանը՝ Արցախում, «ոչ մի թիզից» բացի, ուրիշ բան ե՞ք ասել: Համոզված էիք, որ կարելի է լավ բանակ ստեղծել ու հարցը հավերժ չլուծել, ստեղծեիք այդ բանակը: Ինչի՞ չեք ստեղծել. փող չկա՞ր: Էդ բանակ հզորացնելու համար փող չկար, իսկ որ ամեն մեկդ մի հատ քյոք օլիգարխ դարձաք, դրա համար փող կա՞ր:
Ու մի հատ էլ համարձակվում եք Տեր-Պետրոսյանին սխալ համարե՞ք: Էս ձեր ամեն մի «կռուտիտով» ընդամենը հաստատում եք Առաջին նախագահի իրավացիությունը: