Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե «Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին՝ վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով», ասել էր. «Ոչ մի բան չեք արել, նստել եք թախտին, սպասել բախտին, եկել պարտվել եք, հիմա ասում եք՝ հիշո՞ւմ եք, ես ասել էի, ես ճիշտ էի: Եթե չեք կարողացել կազմակերպել, չեք կարողացել այդ խնդիրը լուծել, բերաններդ փակեք, ատամներդ սեղմեք»:
«ՉԻ». Պատահում է: Ռոբերտ Քոչարյանը վախտին Տեր-Պետրոսյանին համարում էր արցախյան ազատամարտում հաղթանակներ կերտող, բայց հետո հողեր հանձնող համարեց:
Սերժ Սարգսյանը վախտին հայտարարում էր, որ առանց Տեր-Պետրոսյանի արցախյան պատերազմում չէինք հաղթի, բայց հետո պարտվողական համարեց:
Նիկոլ Փաշինյանը վախտին հայտարարում էր, որ Տեր-Պետրոսյանը սերունդերի համար կմնա որպես հաղթանակած ղեկավար, բայց հետո պարտությունների հիմք դնող համարեց:
Հիմա այս երեքը որտեղ ե՞ն. ճիշտ է՝ ուղղիչ-աշխատանքային խորհրդարանում:
Սամվել Բաբայանը ինչո՞վ է նրանցից պակաս: Այս մարդուն տեղ տվեք, վաստակել է:
Հ.Գ. Եվ վերջում՝ հանելուկ: Կռահեք, թե ով է այս տողերի հեղինակը.
«Մեծարգո Լևոն Հակոբի, ընդունեցեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան 60-ամյակի առթիվ: Բարձր եմ գնահատում Ձեր տևական ավանդը ինչպես արցախյան ազգային-ազատագրական պայքարի կազմակերպման ու նրա համակողմանի նվաճումների ապահովման ասպարեզում, այնպես էլ՝ Հայաստանի ու Արցախի տարածքներում Հայոց պետականության վերականգնման ու ամրապնդման պատմակշիռ գործում: Կրկին կարևորելով նորանկախ Հայաստանի առաջին նախագահիդ նշանակալից հոբելյանը՝ որպես էական մի շրջափուլ ոչ միայն Ձեր, այլև ընդհանրապես հայրենի հասարակական-քաղաքական կյանքում, ի սրտե մաղթում եմ Ձեզ արցախյան արևշատություն, անձնական երջանկություն և հարաճուն հաջողություններ»:
Այ սենց հարաճուն ռևերանսներ: