...

Վերլուծությունը ձերը չէ

Վերլուծությունը ձերը չէ

«Քաղաքացու որոշում» կուսակցության նախկին անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ինձ թվում է, Վանո Սիրադեղյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի տարաձայնությունները սկիզբ են առել Ռուսաստանի հետ Հայաստանի «պորտալարի» շուրջ, որի մասին հիացմունքով խոսում էր Վազգեն Սարգսյանը։ Վանոն կողմ էր պորտալարը կտրելուն, Լևոնը` դեմ։ Դրա բերումով Վանոն գնաց քաղաքապետ, այնուհետև փախավ Հայաստանից, իսկ Լևոնին գահընկեց արին, երբ նա արդեն կատարել էր Կրեմլի հրամանը և իրեն առաջարկված ցանկից սուսուփուս ընտրել էր իր իրավահաջորդ Կրեմլի տեղապահին»։

«ՉԻ». Քանի որ Միսկարյանը հարկ է համարել իր ընթերցողների հետ կիսվել իրեն թվացող մտքերով, նույնը անենք մենք:

Մեզ թվում է, որ Միսկարյանը ուզում էր Հայաստանը մտցնել Իսլամական Կոնֆերանս կազմակերպության մեջ, բայց կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանը հակառակը՝ Հայաստանը պատկերացնում էր Աֆրիկյան պետությունների դաշինքում, ուստի կուսակցության ակտիվը որոշեց երկուսին էլ ճամփու դնել՝ շառից-փորձանքից հեռու:

Երբ Միսկարյանը կկարողանա ապացուցել Վանո Սիրադեղյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի աշխարհաքաղաքական տարաձայնությունները, մենք էլ կապացուցենք մեզ թվացած վարկածը:

Չկա որևէ ապացույց, որ առաջին նախագահը և Վանո Սիրադեղյանը աշխարհաքաղաքական տարաձայնություններ ունեին: Պարտադիր չէ Սիրադեղյանին մոտիկից ճանաչել՝ իմանալու համար, որ եթե նա աշխարհաքաղաքական տարաձայնություններ ունենար Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ապա այս տարիների ընթացքում հանրությանը տեղեկացնելու ձևերը կգտներ, մեջը չէր պահի:

Հումորային գրառումները Միսկարյանի մոտ անհամեմատ ավելի հաջողված են, վերլուծության ժանրը հաստատապես իրենը չէ: Նա, ով խորհուրդ է տվել նրան նաև վերլուծություններ անել, պետք է Միսկարյանի հումորի օբյեկտը դառնա:

Հ.Գ. Իմիջիայլոց, Սիրադեղյանի՝ Հայաստանից հեռանալու վերաբերյալ «փախուստ» եզրույթը օգտագործում են Միսկարյանի կողմից ատելի քոչարյանականները:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ