Անցյալը բոլորիս հայելին է: Անցյալն արտացոլվում է ապագայում:
Եվ այսպես, առանց «ինտելեկտուալ» սեթևեթանքի, առանց բոլորից խելացի երևալու մարմաջի՝ ներկայացնենք փաստեր.
1. 30 տարի առաջ մենք ստեղծեցինք անկախ պետություն և ստիպված եղանք դիմադրել փլված կայսրության տնտեսական աղետին, երկրաշարժի հետևանքներին: Պատերազմը պայթեց իր ողջ ծավալով:
2. 1991-1994 թթ. պատերազմական տարիներին կայացավ հայոց բանակը, պետական համակարգը: Հայաստանը ճանաչելի և ընդունելի դարձավ համաշխարհային ասպարեզում՝ որպես անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական պետություն:
3. 1994 թվականին Ադրբեջանին պարտադրվեց հրադադարի համաձայնագիր, որի դե ֆակտո կողմերից էր արցախահայությունը: Հաղթանակների, պետության կայացման նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որի քաղաքականությունը զերծ էր պոպուլիզմի զանգուլակներից, իրատեսական էր, գիտականորեն ճշգրիտ:
4. 1997 թվականին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրությանը ներկայացրեց Արցախի խնդրի լուծման տարբերակ, որ մեզ հնարավորություն կտար զարգանալու, տարածաշրջանային ավելի ուժեղ գործոն դառնալու, արցախյան հաղթանակն ամրապնդելու: Հայտնի ուժերը՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, դեմ էին այդ լուծմանը, հետևաբար դեմ էին արժանապատիվ խաղաղությանը:
5. 1998 թ.-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց՝ երկիրը փրկելով քաղաքացիական բախումներից:
6. 1998-2018 թթ. Հայաստանում իշխող հայտնի ուժերը ներքաղաքական խոսույթից դուրս էին մղել արցախյան խնդրի խաղաղ կարգավորումը: Հիմնական լոզունգներից էր՝ «Հող հանձնողին հանձնենք հողին»:
7. Սակայն 2008 թ. նախագահական և հատկապես 2017 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա քաղաքական ուժը՝ ՀԱԿ-ը, փորձեցին հանրության ուշադրությունը բևեռել քաղաքական կարևորագույն հարցի՝ պատերազմի և խաղաղության խնդրի վրա: 2008-ին ընդդիմությանը պատասխանեցին մարտի մեկով, իսկ 2017-ին մեր մանր պրագմատիկ և շա՜տ ռոմանտիկ հանրությունը խաղաղության գաղափարին տվեց 1,5 տոկոս ձայն:
8. 2018-ի պսևդոհեղափոխությունից հետո նորընտիր լիդերը՝ Նիկոլ Փաշինյանը, որոշեց նախորդներից ավելի ազգային երևալ և գիժ ձևանալով՝ վիժեցրեց արցախյան բանակցությունները:
9. 2020-ին Սևրի պայմանագրի հարյուրամյակը նշող հեքիաթասաց, ոչմիթիզական կառավարությունը ստացավ կործանարար պատերազմ: Արդյունքը բոլորդ գիտեք, սակայն դեռ չեք պատկերացնում աղետի մասշտաբը:
10. Պարտված իշխանությունը բնականաբար չունեցավ բարոյականություն և չհեռացավ: Ոչ միայն չհեռացավ, այլև շարունակում է իր ամոթալի երթը՝ նորանոր աղետներ խոստանալով երկրին:
11. 2021թ. Հունիսի 20-ին՝ երկու օրից, ընտրություն է: Մենք ունենք երկու բևեռ.
ա. Ազգակործան պատուհաս Նիկոլ Փաշինյան, 97-ից արժանապատիվ խաղաղության ծրագիրը մերժած Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան:
բ. Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես:
Առաջին բևեռը ձեզ խոստանում է ամեն ինչ՝ չասելով, թե ինչպես:
Երկրորդ բևեռը ձեզ հեքիաթ չի պատմում, ծովից ծով Հայաստան չի խոստանում, բայց ունի բավարար փորձ և գիտելիք՝ երկիրն աղետալի վիճակից հանելու, պետության փշրանքները փրկելու և մեզ դեպի արժանապատիվ խաղաղություն տանելու համար:
Ուստի դարձյալ ընտրելու եք խաղաղություն կամ պատերազմ: Լա՛վ մտածեք՝ ինչ եք ուզում՝ նախկինների՞ն պատժել, երևակայական ուժեղ ձե՞ռք, թե՞ ամուր պետություն և խաղաղություն:
Սիրո թավշյա խոստովանությունները և էժանագին մուրճը, ազգայնական փետուրները և միակտղամարդկությունը աղետ և նոր պատերազմ են բերելու մեր գլխին: Մի՛ փախեք անցյալից, բայց նաև մի՛ կրկնեք անցյալի սխալները:
Զարուհի Գաբրիելյան