Հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսելիս պետք է հիշել, որ, ցավոք, մինչև 2020-ի պատերազմը մենք բոլորովին այլ ելակետային վիճակում էինք։ Պատերազմը շատ բան է փոխել։ Սա փաստ է, որի հետ հաշվի չնստել մենք չենք կարող։ Հարկ ենք համարում ընդգծել, որ պատերազմից հետո թուրքերը իրենց խնդիրները լուծելու համար բավարար լծակներ ունեն։ Ընդ որում չափազանց կարևոր է նաև այն, որ նրանք շատ լուրջ են վերաբերվում գործընթացին։ Ասվածի ապացույցներից մեկը թուրք բանակցողի որակն է։ Այսինքն՝ Անկարան իր լավագույն դիվանագետներից մեկին է վստահում գործը։ Էլ չենք խոսում այն անխոնջ, բազմավեկտոր աշխատանքի մասին, որ կատարում են այդ պետության ղեկավարները։
Մեր կողմի դիրքերը թուլացել են խայտառակ պարտությունից հետո, մեր կողմի լրջությունը չենք տեսնում։ Ի դեպ, անլուրջ են և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչները։ Եթե Նիկոլ Փաշինյանն իրեն թույլ է տալիս աննախադեպ «խաղաղասիրական» հայտարարություններ, որոնք շատ հաճախ բխում են ոչ թե Հայաստանի, այլ իր շահերից, ապա ընդդիմությունը դարձյալ փորձում է Ցեղասպանության ճանաչման խնդիրը ներքաղաքական մանրադրամ դարձնել։
Այսպես, Ռ․ Քոչարյանի և Ս․ Սարգսյանի կողմնակիցները հպարտանում են, որ իրենց իշխանության օրոք Մեծ Եղեռնը տասնյակ երկրներ են ճանաչել։ Այսինքն՝ Հայաստանն այդ տարիներին դիվանագիտական ջանքեր է գործադրել դրա համար։ Նրանք նշում են, որ միայն Սփյուռքի ներուժը բավարար չէր։ (Մեր ընդդիմադիրներն այսօր պնդում են, թե Նիկոլ Փաշինյանն ուրանալու է հարցը։ Չի բացառվում, բայց սա ուրիշ խոսակցություն է)։
Քաջ գիտակցելով, որ մեր հասարակության մի ստվար հատվածի համար խնդիրը շատ ցավոտ է, պետք է ձեր ուշադրությունը հրավիրենք 2 հարցի վրա․
1․ Ինչո՞ւ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Ցեղասպանության ճանաչումը պետական քաղաքականության հիմնահարց չէր․
2․ Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանն արեց հակառակը։
Ուրեմն․
1․ 1991- 1998 թ․թ․ Հայաստանի իշխանության համար ազգային գլխավոր խնդիրներն էին պետության կայացումը և Արցախի ազատագրումը։ Ուստի մեր դիվանագիտության ջանքերն ուղղված էին սրան։ Արդյունքը հայտնի է․ կարողացանք պետության հիմքերը դնել, Արցախն ազատագրել։ Չենք կարող չասել, որ հենց այդ տարիներին թե՛ Սփյուռքում, թե՛ երկրի ներսում որոշ ուժեր շահարկում էին մեր մեծ ողբերգությունը միայն ու միայն մեկ նպատակով՝ թուլացնել նորանկախ Հայաստանի իշխանությունը։ Հանուն արդարության նշենք, որ սրանց աղմուկն արձագանք էր գտնում հատկապես իրեն ազգային համարող մտավորականության շարքերում։ Նրանց մի մասը ոչ մի կերպ չէր կարողանում դուրս գալ զգացմունքային դաշտից և տեսնել իրականությունը, չէին հասկանում, որ երկիրը պատերազմի մեջ է, որ միջազգային ատյանները նախ և առաջ Արցախի հարցը բարձրացնելու տեղ են։ Նշենք նաև, որ առանց թմբկահարելու թե՛ արտերկրում, թե՛ երկրի ներսում իշխանությունն այս խնդիրը չէր մոռանում։ Այսպես, 1995 թ․ ապրիլի 24-ին բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ ըստ 1994 թ․ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի հրամանագրի։
2․ Ռոբերտ Քոչարյանը որոշեց,որ Սփյուռքին դուր գալու լավագույն միջոցը Ցեղասպանության ճանաչումը պետական քաղաքականության հիմնական խնդիր դարձնելն է։ Խոստովանենք՝ նա ծափահարություններ էր ստանում, երբ ՄԱԿ-ի ամբիոնից խոսում էր դրա մասին։ Սակայն մեր զգացմունքային հանրությունը ո՛չ նրա, ո՛չ Ս․Սարգսյանի օրոք հարց չտվեց՝ ինչո՞ւ դիվանագիտական ռեսուրսները չեք օգտագործում հանուն Արցախի, ինչո՞ւ չեք կարողանում Սփյուռքը համախմբել դարձյալ հանուն Արցախի։
Ավելին, երբ շահարկում էին մեր ցավը Սփյուռքին դուր գալու համար, նպատակը փող կորզելն էր։ Գաղտնիք չէ, որ ՀՀ շատ ղեկավարներ են արտերկրում ապրող հայերին դիտարկել որպես դոնոր։ Հիշում ենք՝ ինչպես էին ասում, թե մեր նավթն էլ Սփյուռքն է։
Եվ վերջապես, հանուն Հայաստանի և Արցախի պետք էր լուծել արցախյան խնդիրը, որովհետև այլընտրանքը կործանարար պատերազմն էր։
Նիկոլ Փաշինյանը նրանց շարունակեց։ Եթե չեք հավատում, կարդացեք նրա ապրիլքսանչորսյան ուղերձները, հիշե՛ք Սևրի դաշնագրին նվիրված խոսքը, 2020-ի պատերազմի ժամանակ Ցեղասպանության աննպատակ հիշատակումները և այլն։ Հիշե՛ք նաև, թե այժմ ԱՄՆ-ում մեր դեսպանը՝ Լիլիթ Մակունցը՝ իշխանական կուսակցության կարկառուն անդամներից մեկը, որքան վստահ էր 2020-ի պատերազմից առաջ, որ Թուրքիան կռվի մեջ չի մտնի։ Համոզված ենք՝ այսքան անհեռատես էր իշխանական ամբողջ վերնախավը։ Դժբախտաբար, նրանց լրջությունը և հեռատեսությունը չենք տեսնում նույնիսկ պատերազմից հետո․․․
Եզրափակենք․ հայ- թուրքական հարաբերությունների խնդիրն ավելի լուրջ է, քան կարծում ենք։ Այստեղ պետք է առաջնորդվել միմիայն պետության շահերով։ Չի կարելի թույլ տալ, որ զգացմունքները բանականությունից ուժեղ լինեն։ Չի կարելի դիլետանտական մակարդակով երկրի հարց լուծել։
Զարուհի Գաբրիելյան
Հ․Գ․ Սիրելի՛ ընթերցողներ, այս խնդրի մասին պատկերացում կազմելու համար կարդացե՛ք գոնե 2015 թ․ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձի նախագիծը, նախագիծ, որ ՀՀ առաջին նախագահն առաջարկում էր այն ժամանակվա մեր պետական այրերին։ Երկար չէ, կհաղթահարեք։