...

Բլթոցները՝ ազգային աղետի հիմք - 2

Բլթոցները՝ ազգային աղետի հիմք - 2

Շարունակենք։

80 մտավորականների ուղերձին անդրադարձավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Համոզված ենք՝ եթե չլիներ Նախագահի սեղմ հոդվածը, այս արկածախնդրությունն էլ կուլ կտայինք, ավելին՝ մտքի մեր տիտանները կնվաճեին ազգասերների հերթական դափնեպսակները։ Իսկ թե ինչո՞ւ է Լ․ Տեր Պետրոսյանն իր ուշադրությանն արժանացրել սույն «քերթվածը», մանրամասն և գիտականորեն հիմնավորել է պատմաբան Աշոտ Սարգսյանը:

Իսկապես, մեր մտավորականներն են սնուցել ազգային քաղաքական միտքը, ավելի ճիշտ՝ խեղել են այնպես, որ թե՛ քաղաքական դաշտի, թե՛ հասարակության մտավոր ներուժը հասցրել են չգոյության աստիճանի՝ գոյութենական վտանգի առաջ կանգնեցնելով պետությունը և ժողովրդին։

Իսկապես, տարիներ շարունակ եղծելով մեր պատմությունը՝ սկսած հեռավոր անցյալից մինչև մեր օրեր, հայ գիտնականները, քաղաքական գործիչները, արվեստագետները ապրել են պատրանքների աշխարհում։ Այդպես հարմար էր, անվտանգ։ 

Եղծման առարկա էին հատկապես Հայաստանի Հանրապետության անկախացման առաջին տարիները։ Եվ քանի որ այս պահին չենք ուզում մանրամասն անդրադառնալ բազմիցս արծարծված խնդրին, նշենք միայն մեկ հանգամանք։ 1998 թ․-ից իշխանության եկած անձանց պատվերով կամ նրանց հաճոյանալու բուռն մղումով (չբացառենք նաև նախանձի ճղճիմ գործոնը) Հաղթանակը վերագրում էին ում ասես՝ բացի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից

Ի՞նչ արդյունք տվեց նման «մերժողականությունը»։ Մեր քաղաքական կյանքից բացառեցին կարևորագույն գործոնը՝ միտքը։ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը կապեցին միայն ֆիդայական կամքի և անկոտրում ոգու հետ։ Նվազեցրին հայկական պետության դերը, ոչմիթիզականության անմիտ քարոզով բացառեցին տրամաբանական և իսկապես ազգանպաստ քայլերի հնարավորությունը։ Եվ ծնվեց ազգակործան պատուհասը, որի «դուխով» գործունեության արդյունքը 2020-ի պատերազմը և մեր թշվառ ներկան են։

Վերադառնանք «ՉԻ»- ում ներկայացված մտավորական «բըլթ»-երին։

Այսպես, արևելագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը 2017 թ․ դեկտեմբերին պնդում է․ «Ես համաձայն չեմ, որ մենք հետ ենք մնում հակառակորդից: Այն զինատեսակները, որ մենք ստանում ենք ՌԴ-ից, ավելի կատարելագործված են, քան այն զինատեսակները, որն ունի Ադրբեջանը»: Համաձայնե՛ք՝ նման «միտք» կարելի է լսել բակում նարդի խաղացող շարքային պապիկներից, բայց ոչ գիտնականից։ Այսպիսի բան ասելու համար պրն Սաֆրաստյանը պետք է առնվազն ՊՆ բարձրաստիճան պաշտոնյա լիներ, այսինքն՝ ստույգ տեղեկություններ ունենար։ Չուներ։ Ապացույցը դարձյալ 2020-ի պատերազմն է։ Զղջա՞ց մտավորականն իր ասածների համար։ Ո՛չ։ 

Ակադեմիկոսներին մենակ չեն թողնում նաև մեր գրողները և հրապարակախոսները։ Օրինակ՝ գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը 2014 թ․-ին հայտարարել է․ «Մենք պետք է մեր պահանջատիրության խնդիրը ներկայացնենք Թուրքիայի հայությանը և դրանով պետք է դարձի բերենք նրանց։ Արևմտյան Հայաստանի ժողովրդի խնդիրն է դրված և որը պետք է լուսաբանվի»։ Բա՛։ Ուրեմն Թուրքիայի մի բուռ հայերին դարձի պետք է բերեին, որ Արևմտյան Հայաստանի ժողովրդի խնդիրը լուծեին։ Իսկ դուք ասում եք Արա Պապյան։ Գուցե միասին են մտածել, որ մի քանի միլիոն դոլարով և 70 հազար հայերով 80 միլիոն թուրքերի հարցերը կլուծեն։ Սևրի պայմանագրի մասին էլ չենք խոսում։

Ձեր ուշադրությունը հրավիրենք մեկ կարևոր հանգամանքի վրա ևս։ Այս մարդիկ և սրանց աշակերտները ցանկալի հյուր են մեր մամուլում, հեռուստաընկերություններում և էլեկտրոնային ռեսուրսներում։ Այսինքն՝ հայկական մեդիան շարունակում է ակտիվորեն տարածել ազգային անվտանգությունը մեծ հարցականի տակ դրած առասպելաբանության տարածումը։ 

Հայկական մեդիան խեղված պատկերացումների, տգիտության, անգաղափարության լայն դաշտ է։ Այն, իրոք, ճշմարիտ գիտնականներին՝ պատմաբաններին, քաղաքագետներին և հոգեբաններին, վերլուծության առատ նյութ է տալիս։ Հատկապես՝ հոգեբաններին։ 

Թեպետ չենք հավակնում մեկ-երկու հոդվածով այդ կարգի վերլուծություն անելուն, կարող ենք պնդել՝ մեր մտավորականությունը, լրատվական՝ արտաքնապես բազմաբղետ, բայց խորքում միատարր անլուրջ դաշտը ազդում են հասարակության դիմադրողականության վրա՝ այն դարձնելով նեղմիտ, զրկելով բանականությունից։

Ի դեպ, ներկայիս իշխանությունը հասարակության մի մասն է․․․

Գրիգոր Խաչիկյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ